ԿարևորՀասարակություն

Ստեփանակերտում սկսված, Երևանում շարունակվող․ արցախցի կանայք շարունակում են աշխատել

Տոնական տրամադրությունը քիչ է, բայց բիզնեսն ընդլայնելու ցանկություն կա․ «Ռադիոլուրի» այս ռեպորտաժի հերոսները արցախցի կանայք են, որոնք Ստեփանակերտում սկսած գործը ՀՀ–ում են փորձում շարունակել։ Ավելի քան ինն ամիս շրջափակման մեջ գտնվող արցախցիները չէին էլ մտածում, որ բռնի տեղահանվելու են։ Սկզբում դժվար էր, այժմ էլ հեշտ չէ, բայց պետք է շարունակել ապրել ու աշխատել, համոզված են նրանք։

Արցախյան երկու բիզնես պատմություն, որոնք սկսվեցին Ստեփանակերտում, այժմ շարունակվում են Երևանում։ Շուշան Եգանյանը շրջափակման օրերին Ստեփանակերտում պաղպաղակ է արտադրել։ Մթերք ու հատկապես երեխաների համար քաղցրեղեն գտնելու փնտրտուքներն էին, որ Շուշանին ստիպեցին համացանցից պաղպաղակի բաղադրատոմսեր գտնել ու տնային պայմաններում պատրաստել։ Ստացվեց։ Ոգևորված էին և՛ Շուշանը, և՛ շրջապատը։ Հաջորդ քայլն արդեն վաճառելու համար արտադրելն էր․

«Մի քանի օրվա ընթացքում մեծ տարածում գտավ։ Արդեն ինստագրամյան ու ֆեյսբուքյան կայք էի բացել։ Մեծ տարածում գտավ։ Կար մեծ պահանջարկ։ Սա էլ դրդեց, որ մտածեմ որպես բիզնես շարունակելու մասին»։

Շուշանը իր գործը հիմնեց շրջափակված Արցախում, երբ թշնամին ամեն ինչ անում էր, որ արցախցին հեռանա իր տնից։ Արտադրության ծավալները մեծացրեց, սկսեց մեծաքանակ պատվերներ ընդունել։ Հետո արդեն մտածեց խանութ ու արտադրամաս բացելու մասին։ Բացեց, աշխատեց, բայց կրկնակի շրջափակման պայմաններում արդեն դժվար էր գործը շարունակելը։ Սեպտեմբերյան բռնի տեղահանումից հետո Շուշանը դեկտեմբերին հայտնեց, որ նոր ու հետաքրքիր բաղադրատոսմերով արտադրություն է սկսում Երևանում։ Սկսեց ու հասկացավ՝ տարածքը փոքր է։ «Ռադիոլուրի» զրուցակիցը պատմում է․ այժմ տրամաբանված գնով վարձակալման տարածքն է փնտրում, որ կարողանա շարունակել աշխատանքը։

«Մի քանի օնլայն վերապատրաստումներ եմ անցել, մնում է՝ ինքս իմ վրա աշխատեմ։ Մտածում եմ՝ իմ պաղպաղակը շարունակեմ, նաև հետաքրքիր քաղցրավենիքներ պատրաստեմ։ Նաև վերապատրաստվել ու սովորել եմ առողջ սննդի դեսերտների ուղղութլամբ։ Այս ոլորտը Հայաստանում այդքան էլ զարգացած չէ։ Այժմ ուզում եմ առանց շաքարավազի դեսերտ ու տորթեր պատրաստել»։

Աննա Ավետիսյանն էլ Ստեփանակերտում առաջինն էր, որ սկսեց «Բենտո» տորթեր պատրաստել։ Ավելին, շրջափակման ողջ ընթացքում շարունակեց գործը, պատվերները հատկապես այդ օրերին էին ավելացել։ Իսկ վերջին ամիսներին հաճախորդներն էին տրամադրում անհրաժեշտ մթերքը․

 «Պահանջարկը կար։ Քանի որ Ստեփանակերտում ես առաջինն էի, որ սկսեցի «Բենտո» պատրաստել, պատվերներ ունեի։ Բլոկադայի ժամանակ ավելացան պատվերներս։ Շատերը այդ ընթացքում չէին աշխատում, իսկ ամուսինս դեկտեմբերի 11–ին էր Հայաստանից մթերք բերել, ես շարունակում էի աշխատել»։

Ամեն ինչ փոխվեց սեպտեմբերյան բռնի տեղահանումից հետո։ Աննան պատմում է՝ շրջափակման ամբողջ ընթացքում չէին էլ մտածում, որ այդքան փոփոխություններ են լինելու իրենց կյանքում։

«Երբ եկանք, առաջին տորթը, որ պետք է պատրաստեի, բալիկիս երկու ամսականի համար էր։ Նույն օրը պատվեր ստացա։ Նոր հաճախորդ էր, Հայաստանից։ Մինչ այդ մերժել էի բոլոր պատվերները։ Այդ օրը որոշեցի, որ պետք է պատրաստեմ։ Այդպես էլ առաջին պատվերը վերցրեցի, նկարները տեղադրեցի իմ էջում ու այդպես նորից սկսեցի»։

Անցյալ տարի մարտի ութին Արցախը շրջափակման մեջ էր, այս տարի՝ հայաթափված։ Հնարավո՞ր էր պատկերացնել այսպիսի լուծում․

«Ճիշտն ասած՝ չէինք մտածում։ Անգամ չէինք էլ պատկերացնի, որ նման բան կլինի։ Այս տարի բալիկ ունեմ։ Պատվերները Ստեփանակերտի հետ համեմատած ավելի քիչ են, ես էլ քիչ եմ վերցնում»։

Ամեն օր իհարկե լինում են պատվերներ, օրական 4–5։ Իսկ Ստեփանակերտում՝ 20–50 տորթ էր թխում։ Տոնական տրամադրություն թեև քիչ, բայց կա, ասում է։ Առաջիկայում արտադրանքի ծավալներն ավելացնելու հեռանկարով ու հույսով է այժմ ապրում Աննան։

Կարդացեք նաև

Back to top button