
Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանն առնվազն տարօրինակ է համարում դատարան ուղարկված հայցի դեմ բնապահպան Օլեգ Դուլգարյանի բողոքը: Ընկերությունն այն ներկայացնելուց առաջ դիմել է Դուլգարյանին՝ խնդրելով հերքել կոմբինատին վերաբերող հայտարարություններից մի քանիսը։ Վերջինը մերժել է, ինչից հետո ընկերությունը որոշել է հարցը վիճարկել դատական կարգով՝ ի պատասխան «Ռադիոլուր»-ի հարցման, հայտնում են ԶՊՄԿ-ից։
«Պարոն Դուլգարյանի բողոքն առավել քան տարօրինակ է, քանի որ մեր պահանջագրին ի պատասխան՝ հերքել ընկերության հասցեին արված իր հայտարարությունները, Դուլգարյանը մեզ գրավոր պատասխան է ուղարկել՝ պնդելով, որ նման մտքեր չի արտահայտել։ Ազատ խոսքը, հիմնավոր քննադատությունը ողջունելի են, բայց տվյալ դեպքում ընկերությանը զրպարտում են, հետո հրաժարվում հերքել այդ հայտարարությունները։ Ընկերությունն այլ ելք չի ունեցել, քան սեփական իրավունքները դատական կարգով պաշտպանելը»։
Դուլգարյանը պատեհ չի համարում մանրամասնել, թե իր որ արտահայտություններն է կոմբինատը որակել զրպարտչական։ Փոխարենը շրջանցված հարցին պատասխանում է ԶՊՄԿ-ն՝ «Ռադիոլուր»-ին փոխանցելով մի քանի օրինակներ։ Կոմբինատը վարկաբեկող է համարում Դուլգարյանի, օրինակ, այն ձևակերպումը, թե «բոլոր ժամանակներում էկոլոգիական իրավունքներն անտեսվել են ի շահ հանքարդյունաբերական գործունեության», կամ այն, որ «Արծվանիկ պոչամբարն, ինչպես մյուս պոչամբարները աղտոտում է շրջակա միջավայրը»։ Վիճարկման առարկա է նաև բնապահպանի այն հայտարարությունը, թե պոչամբարի հետագա գործունեությունը շարունակելու համար ընկերությունը բնակիչների հետ գործարքի է գնացել, և շրջակա գյուղերի բնակիչները յուրաքանչյուր ամիս ընկերությունից ֆինանսական հատկացումներ են ստանում։
ԶՊՄԿ-ի քաղաքացիական հայցը, որով ընկերությունը Դուլգարյանից պահանջում է հրապարակայնորեն հերքում տարածել և ընկերությանը փոխհատուցել 6 միլիոն դրամ, դատարանը վարույթ է ընդունել։ Գործը քննում է դատավոր Արմինե Թումասյանը։ Առաջին դատական նիստը դեռ նշանակված չէ։

Դուլգարյանը մեկ բառով «կարծիք» է բնորոշում միլիոններ արժեցած արտահայտությունները։ Երևույթը, ըստ նրա, նախադեպային չէ։ Նախորդ տարի էլ գրեթե նույն՝ վիճելի բովանդակությամբ կարծիքներ արտահայտելու համար «Լիդիան Արմենիա» ընկերությունն էր դատական հայց ներկայացրել բնապահպան Թեհմինե Ենոքյանի դեմ։
«Եվ «Լիդիանի», և «Զանգեզուրի» կողմից նկատելի է, որ կտրուկ փոփոխություն կա։ Իրենց համար էական չէ՝ զրպարտություն կա՞, թե՞ չէ, եթե նպատակն է դատական հայց բացել ընդդեմ մեզ և վախեցնել՝ մեծ գումար պահանջելով։ Դա պարտված ստրատեգիա է, որովհետև փաստաբանները գրագետ պաշտպանելու են»։
Բնապահպանների դիտարկմամբ՝ 2 ընկերությունների հետապնդումներն ակտիվացել են ՀՀ կառավարության՝ դրանց բաժնետեր դառնալուց հետո։ Գործադիրը «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը ստացել է 2024 թվականի հունվարին, ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 15 տոկոսը՝ 2022-ի մայիսին։ Գործընկեր բնապահպաններն իրենց փորձությունները ռազմավարական գործընթացների սկիզբ են համարում՝ պայքարելու ժողովրդավարական երկրում ազատ խոսքի իրավունքի համար։
«ՀՀ-ում փորձում են դատական հայցերով զրպարտություն համարել կարծիք հանդիսացող մտքերին, որը խոսքի ազատության սահմանափակում է և որևէ կապ չունի ժողովրդավարության հետ»։
Արդեն փորձառու և դատական նիստերում «թրծված» բնապահպան Թեհմինե Ենոքյանը աջակցում է գործընկերոջը և նշում, որ իր փորձը կարող է օգտակար լինել ոչ միայն բնապահպանների, այլև մյուս քաղաքացիների համար։ Հիշեցնում է՝ օրերս ՄԱԿ-ի՝ բնապահպանների հարցերով հատուկ զեկուցող Միշել Ֆորստը պետություններին հորդորեց չհետապնդել բնապահպաններին իրենց պայքարի և քաղաքացիական անհնազանդության համար, այլ ուշադրություն դարձնել նրանց բարձրացրած հրատապ հարցերին և լուծել դրանք։ Նա դատարանում պարտվել է և պարտավորվել վճարել 1 միլիոն 200 հազար դրամ, սակայն, պնդում է, որ Վճռաբեկ դատարանը անարդար որոշում է կայացրել․ Ենոքյանը գործն ուղարկել է ՄԻԵԴ։
«Իմ հայցն ընդունվել է վարույթ, գուցե մի քիչ երկար ժամանակ տևի, բայց էս դեպքում պարտվող կողմը լինելու է Հայաստանը՝ որպես պետություն, ինչը ինձ համար ցավալի է, որ ՀՀ-ում կարար լիներ էդպիսի դատական ակտ, որից հետո ստիպված կլինեի իրավունքներս պաշտպանել ընդդեմ ՀՀ-ի»։
Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը պարզաբանում է՝ զրպարտության և վիրավորանքի հիմքով դատական հայցերը միջազգային իրավունքի պրակտիկայում ավելի բնորոշ են ֆիզիկական անձանց։ Կազմակերպությունները պետք է փորձեն ձեռնպահ մնալ այսպիսի հայցերով դատարան գնալուց։
«Դատարանը պետք է լինի ամենածայրահեղ միջոցը, կազմակերպությունները պետք է հասկանան, որ եթե բնապահպանների դեմ են գնում, ապա դատավարությանը մասնակցում է նաև 3-րդ կողմը՝ հասարակությունը, հանրային շահը, բնապահպանները այդ ամենն անում են ոչ թե կոմերցիոն նպատակներից ելնելով՝ ի տարբերություն մասնավոր կազմակերպությունների, այլ հանրային շահերի համար, հետևաբար կա հանրային շահ, որը դատարանները հաշվի են առնում ի օգուտ բնապահպանների աշխատում է նաև հանրային շահը»։

Ղազարյանի փոխանցմամբ՝ գործն այս պահին նախնական փուլում է, դժվար է հստակեցնել՝ կունենա՞ նույն ճակատագիրն, ինչ «Լիդիան»-ն ընդդեմ Ենոքյանի գործը։
«Այստեղ դատարանը պետք է ապացուցի բեռը, պարտականությունները կբաշխի, ըստ երևույթին՝ կազմակերպության վրա կդնի ապացուցելու պարտականությունը, որ կատարված հայտարարությունը եղել է հրապարակային, որ չի համապատասխանել իրականությանը, որ դա իր բնույթով արատավորող է, այսինքն՝ դեռ դատավարությունը նոր է սկսվում։ Ընդհանրապես ողջունելի չէ որ մեծ կազմակերպությունները դուրս գան բնապահպանների դեմ, որովհետև բնապահպանները աշխատում են ի շահ հանրության, այլ բան, եթե որևէ բնապահպան բարեխիղճ չէ և այլն»։
Փաստաբանի գնահատմամբ՝ զրպարտության և վիրավորանքի գործերով Հայաստանի ներպետական դատական պրակտիկան ամենահաջողվածներից է, ասում է՝ արդեն ունենք մասնագիտացված փաստաբաններ, որոնք արդյունավետ պաշտպանություն են իրականացնում և դատավորներ, որոնք ավելի ողջամիտ վճիռներ են կայացնում, քան նախկինում։




