ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Օրգանական գյուղատնտեսությանն աջակցում են միայն դրսից. էկոնոմիկայի նախարարությունը փորձում է «փոխել ընդունված կարծիքը»

Օրգանական գյուղմթերքը մեծ պահանջարկ է վայելում աշխարհում: Այն ավանդականի համեմատ դժվար է արտադրել, բայց ունի ավելի բարձր գին: Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ակտիվացել է վերջին տարիներին հիմնականում միջազգային կառույցների աջակցության շնորհիվ: Օրգանական արտադրողներն ակնկալում են նաև պետության աջակցությունը:

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ծավալները փոքր են, դրանով զբաղվողների թիվը՝ քիչ։

 «Օրգանական Հայաստան» գյուղատնտեսական ասոցիացիայի նախագահ Լուսինե Նալբանդյանը հարազատ ոլորտի մասնակիցներին «նվիրյալներ» է անվանում, նշում է՝ այս պահին նրանց թիվը 61 է։

Տնտեսվարողները զբաղվում են օրգանական բուսաբուծությամբ՝ արտադրում են չիր, պահածո, հյութեր, կան օրգանական վայրի հավաք կատարողներ՝ արտադրում են բուսական թեյեր։ Էական մասնաբաժին ունի նաև օրգանական մեղվապահությունը։  

 «Կարևորագույն հարցերից մեկը, դա պետական աջակցություն ունենալն է, որպեսզի արտադրողը հնարավորություն ունենա օգտվել որևէ տեսակի առավելությունից, որը պետությունը կառաջարկի նրա համար, որ վերջինս նպաստում է երկրում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը»։

Հողի բարելավումը, որպես հիմնական առանցք, էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրությունն էլ՝ սկզբունք դարձրած ոլորտում գոհ չեն «պետական անտարբերությունից»: Կառավարության կողմից կա՞ հատուկ վերաբերմունք՝ հարցնում եմ զրուցակցիս։

«Ոլորտին շարունակում են օժանդակություն ցուցաբերել տարբեր միջազգային կառույցներ՝ ՕԳԱ-ն՝ Օրգանական գյուղատնտեսության աջակցության ծրագիրը, Եվրամիության GAIA` կանաչ գյուղատնտեսության ծրագիրը, NABU Հայաստանն է ցուցաբերում և այլ կազմակերպություններ, սակայն, պետական աջակցություն, որպես այդպիսին դեռևս չկա»։

Հարցին՝ ի տարբերություն միջազգային կառույցների, ինչով է պայմանավորված պետության պասիվությունը, ասոցիացիայի ղեկավարն ասում է՝ ոլորտը փոքր է, ուստի, այն չի համարվում գերակա, բայց, առանց համապատասխան ուշադրության, ոլորտը չի էլ մեծանա։

Էկոնոմիկայի նախարարության «Այգեգործության և օրգանական գյուղատնտեսության» բաժնի պետ Արփինե Նալբանդյանը գտնում է, որ ուշադրության պակասը կլրացնեն «Օրգանական գյուղատնտեսության մասին» 2009թ.-ի օրենքում 2023- 2024 թթ.-ի փոփոխությունները։

Դրանցից մեկի համաձայն, «բիո», «կանաչ» և նման այլ մակնշումներով կեղծ օրգանական արտադրանքը չի կարողանա սողոսկել տեղական շուկա։ Մարքեթինգային հնարքները չեն գործի, Հայաստանում սերտիֆիկատ տրամադրող ընկերություններն այսուհետ պետք է դիմեն «Հավատարմագրման ազգային մարմնին», նոր միայն նրանց սերտիֆիկատները կհամարվեն վավեր։

«Բայց դաշտը բաց է, էստեղ օրգանական արտադրող ընկերությունները կարող են դրսի սերտիֆիկացնող այլ մարմինների կողմից ևս սերտիֆիկացվել, այդ դեպքում, սակայն,  արտադրանքը պետք է բացառապես արտահանվի»։

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան օրենքի մեկ նոր լրացում էլ է ներկայացնում, այն նույնպես օրգանականի որակն ու իսկությունը ստուգելուն է ուղղված:

-Օրագանական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը։

-Այսինքն, այսուհետ յուրաքանչյուր ոք ավելի «բարձրարժեքի» անվան տակ չի՞ կարողանա մատուցել իր արտադրանքը։

-Այո, պետք է լինի հավաստագրված, սերտիֆիկացված արտադրանք։ Օրենքի պահանջների խախտումը կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության։ Սպառողների կողմից վստահություն կլինի օրգանական ծագման արտադրանքի նկատմամբ, նաև հնարավորություն կստեղծվի, որ մեր բարեխիղճ արտադրողները վստահորեն արտադրեն և իրացնեն իրենց արտադրանքը տեղական շուկայում։

Հայաստանում օրգանական արտադրությամբ զբաղվողներին, սակայն, տեղականից ավելի հետաքրքրում է արտաքին շուկան։ Եվրոպացի սպառողն, օրինակ, սկզբունքային է և պատրաստ է էկոլոգիապես մաքուր մթերքի համար վճարել բարձր գին։

«Օրգանական Հայաստան» ասոցիացիայի նախագահ Լուսինե Նալբանդյանն ասում է՝ արտահանման ծավալները փոքր են, բայց, դրանց զգալի մասը գնում է  եվրոպական երկրներ և ԱՄՆ:

Ե՞րբ կարող են Հայաստանում բավարար ծավալով օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվել՝ հարցնում եմ զրուցակցիս։ Պետական սուբսիդավորման հարցն առաջնային համարելով, մասնագետն ասում է.

-Հենց որ մենք որդեգրենք այն քաղաքականությունը, որը մեզ կտանի դեպի «կանաչ» կայուն  օրգանական ապագա, այդ ժամանակ կարող ենք մատնանշել, թե դա քանի տարի հետո կլինի։ Քանի դեռ մենք չունենք այդպիսի ռազմավարություն, ոլորտը ցավոք սրտի, մնացել է նվիրյալների հույսին։

— Հնարավոր համարու՞մ եք, որ երբ աջակցություն,  սուբսիդավորում չլինի, օրգանականով զբաղվողներն անցնեն ավանդական գյուղատնտեսության։

-Նրանք, ովքեր իրական նվիրյալներ են՝ ոչ, նրանք, ովքեր ոլորտ եկել են միայն օժանդակության համար՝ բնականաբար այո։

Կարդացեք նաև

Back to top button