ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երազում եմ այն օրը, որ վախենալով տան մեջ չենք քայլի, որ նկուղում չհայտնվենք.  2024-ին կմեկնարկի Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցումը

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասը կառուցվել է 88-ի երկրաշարժից հետո: Փայտե կոնստրուկցիաներով բազմաբնակարան կացարաններում 300-ից ավելի ընտանիք է ապրում: Կարճաժամկետ բնակության համար  նախատեսված փայտաշեն կառույցներն  արդեն 36 տարի շահագործվում են: 2024-ին քաղաքաշինության կոմիտեի պատվերով նախատեսվում են Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքները: Նախագիծ-նախահաշիվը պատրաստ է, առաջիկայում կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթը:

20-ամյա Մելինե Խաչատրյանը ծնվել-մեծացել է Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում: «Ինչ ինձ հիշում եմ, ասում է, այս թաղամասում ենք: 3 հոգանոց ընտանիքի հոգսը հիմնականում ձմռան ջեռուցման ամիսներին է դժվարացել, երբ ծայրահեղ զգուշավոր են դարձել, որ հանկարծ հնամաշ կացարաններում հրդեհ չբռնկվի: Թեև փայտաշեն կացարանները վաղուց բարոյապես ու ֆիզիկապես մաշվել են, դժվարանում է հավատալ, որ մի օր այստեղից դուրս է գալու. «Իմ կյանքի 20 տարիներն անցել են այս թաղամասում: Իմ կյանքի ամենամեծ սթրեսը, վախը եղել են ձմեռային սեզոնի պատճառով հրդեհները, քանի որ մեր շենքերնամբողջությամբ փայտից են, հին, ավելի գերլարված ու շատ զգույշ ենք: Անկեղծ, շատ մեծ սթրես է, որ պատկերացնում եմ, որ մի ամբողջ մանկություն, մի ողջ 20 տարի ապրել եմ էս բնակարաններում, ու կարող է շուտով էլ էս ամենը չլինի»:

Լիանա Նալբանդյանը 12 տարի առաջ է հարս եկել Աշոտաբերդ թաղամաս: Ամուսնու ընտանիքն, ասում է, այստեղ է 88-ից հետո: Սերնդեսերունդ ապրում են փայտաշեն շենքերում՝ հույսով, որ մի օր քարաշեն բնակարաններում աչք կբացեն: Ամենադժվարը, ասում է, ձմեռն է անցնում.«Մարդ կա էլեկտրականությամբ, ով հնար ունի՝ փայտով, բայց փայտն էլ վտանգավոր ա: Սերնդեսերունդ ապրում են, բայց բնակության համար պիտանի չի: Առաջին հարկերը խայտառակ վիճակում են. ոտքդ դնում ես հատակին, ընկնում ես նկուղ: 2-րդ հարկերն էլ տանիքից ա կաթում, առաստաղը կախված, անմխիթար վիճակ ա: Ճիշտն ասած՝լսել ենք խոսակցություններ, սպասում ենք, բայց մարդիկ ոնց որ դրան էլ չեն հավատում, որովհետև էլի ա եղել, որ ասել են պետք է սարքեն: Մարդիկ հույսերով ապրել են ու էդ հույսերը չեն արդարացել»:

Աշոտաբերդ թաղամասը 88-իերկրաշարժից հետո է կառուցվել: Փայտե կոնստրուկցիաներով 24 շենքերում 309 ընտանիք է ապրում՝ հիմնականում երկրաշարժից անօթևան մնացած: 36 տարի շահագործվող կացարանները գազաֆիկացված չեն: Էլեկտրականությամբ ու փայտի վառարաններով են ջեռուցում: Տանիքները կաթում են, հատակները վաղուց  փտել են, կրծողներն էլ հանգիստ չեն տալիս:  2018-ին թաղամասում բռնկված հրդեհը 3 մարդու կյանք է խլել:

Թաղամասը կառուցելու մասին խոստումներ բնակիչները շատ են լսել: Այժմ էլ դժվարությամբ են հավատում Աշոտաբերդի կառուցման մասին լուրերին: «Մեզ հիշել են ընտրությունից ընտրություն, բայց  ամեն անգամ մեր խնդիրները մոռացվել են՝ մեր թաղամասի նման»,- ասում Արթուր Միրզոյանը: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում անկեղծանում է՝ «երազում եմ այն օրը, երբ Աշոտաբերդի փայտե կացարանի բնակիչները դուշի տակ 2 ձեռքով մարդավարի կլողանան, վառարանի սև ծուխը չեն շնչի, վախենալով տան մեջ չեն քայլի, որ չհայտնվեն նկուղում»:

Փայտաշեն կացարանները վաղուց բնակության համար պիտանի չեն՝ ասում է Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը: Թաղամասի կառուցումը մշտապես մեր օրակարգում էր: Դեռ 2022-ին կառավարության որոշմամբ քաղաքաշինության կոմիտեին հատկացվեցին միջոցներ՝ Աշոտաբերդի քարաշեն շենքերի նախագծի համար և վերջապես 2023-ին ունեցանք նախագիծ-նախահաշիվը.

«2023-ին նախագծային աշխատանքներն ավարտվել են: Արդյունքում՝ ստացել ենք 10 մլրդ. 600 մլն. դրամ արժողությամբ նախագիծ,  որը պարունակում է 15 բազմաբնակարան շենք»:

Թաղամասն ամբողջովին պետբյուջեի միջոցներով կկառուցվի: Արմեն Գրիգորյանը կառավարության այս որոշումն աննախադեպ է որակում Ստեփանավանի ու հենց աշոտաբերդցիների համար: Կառուցման ավարտվը նախատեսված է մինչև 2025 թվականը: Բնակարանով կապահովվեն ներկայում այստեղ ապրող բոլոր ընտանիքները: Առաջիկայում շինաշխատանքների մրցույթ կհայտարարվի:

Կարդացեք նաև

Back to top button