
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները փակ հանդիպում են ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Հանդիպման օրակարգը կողմերը չեն մանրամասնում, բայց մինչև հանդիպումն արդեն հայտնի էր, որ քննարկումների մի հատվածը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ հարաբերություններին, կառույցի անդամի թեկնածու դառնալու հարցին։ Օրերս իշխանությունների նման պատրաստակամության մասին հայտարարել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Մոտ 2.5 ժամ է տևել ԱԺ–ում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ։ Նախորդ երկու շաբաթների ընթացքում խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները հանդիպել էին նաև վարչապետի և արտգործնախարարի հետ։ Խոսակցությունների մակարդակով նշվում էր, որ Արմեն Գրիգորյանի հետ քննարկվելու է մինչև աշուն ԵՄ–ին անդամ-թեկնածուի հայտ ներկայացնելու հավանականության և ժամկետների հարցը։
Արդեն հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը հստակեցրեց․
«Մեր սեղանին են Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող բոլոր օպցիաները, և մենք լավագույն օպցիան կընտրենք՝ հաշվի առնելով մեր անվտանգության միջավայրը, հաշվի առնելով մեր տարածաշրջանը, հաշվի առնելով մեր գործընկերներին։ Արևմուտքից ի՞նչ պահանջ պետք է լիներ։ Մամուլում հայտնված տեղեկատվության մեծ մասը կեղծ է, այս հանդիպման օրակարգային թեման Հայաստանի տնտեսական անվտանգության հարցերն են»։
2023–ի վերջին և 2024–ի սկզբին թեմայի շուրջ խոսակցությունները դեռ ընդհանրական էին․ թե՛ վարչապետը, թե՛ արտգործնախարարը ակնարկում էին, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, որքան Եվրոպական Միությունը դա հնարավոր կհամարի։ Խոսակցությունները թեժացան մոտ մեկ շաբաթ առաջ։ Մյունխենյան և փարիզյան բարձրաստիճան հանդիպումներից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բացահայտեց, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է և կարող է դիտարկել Եվրամիության անդամի թեկնածու դառնալու հնարավորությունը։
Իշխանության քայլերը, սակայն, հավանության չեն արժանանում ընդդիմադիրների շրջանում։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը փակ հանդիպմանը ներկայացված հիմնավորումներին ծանոթ չէ, բայց համոզված պնդում է՝ որոշումը սխալ է։
«Այն, ինչ իրենք անում են, ուղղակի խայտառակություն է։ Հայաստանի անվտանգությունը ևս մեկ անգամ տեղափոխում են այնպիսի դաշտ, որ ցանկացած պահի բոլոր կողմերից Հայաստանը հարվածներ ստանա։ Սրանով դու ոչ մի բանի հետ ես փոխարինում քո քիչ թե շատ գործող անվտանգության համակարգը։ Պետք է բոլորս գիտակցենք, որ սա ամենավտանգավոր գործընթացն է։ Չի կարելի արհեստականորեն ստեղծել մի իրավիճակ, երբ Ռուսաստանը Հայաստանին կդիտարկի որպես թշնամի կամ Իրանը Հայաստանին կդիտարկի որպես ոչ վստահելի հարևան պետություն և այլն։ Հայաստանի իշխանությունը սկուտեղի վրա Հայաստանը մատուցել է երկու կենտրոններին՝ որպես վեճի պլատֆորմ։ Ցլերը քիչ էին, հիմա էլ մի հատ արջ ենք բերո՞ւմ, հետո էլ մի ուրիշ կենդանի։ Լա՛վ, այս կենդանական աշխարհից պետք է դուրս գա՞նք, թե՞ չէ»։
Օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմնոյանը վստահորեն պնդում էր, որ պետք է շարժվել այն ուղղությամբ, որը Հայաստանի համար առավելագույն անվտանգություն կապահովի։ Միևնույն ժամանակ հայ պաշտոնյաներից դեռ չեն եղել հստակ հայտարարություններ, որ Հայաստանը քաղաքական վեկտոր է փոխում։ Սրա բացատրությունը Ալեն Սիմոնյանը նույնպես ունի։

«Ես չեմ ուզում շտապել և քայլ անել, որովհետև երկրի, պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չէ»։
Եվրոպական սերտացմանը զուգահեռ Երևանի և Մոսկվայի միջև հռետորաբանությունը կոշտանում է։ Ռուսաստանի արտգործնախարարի նախաձեռնությամբ նախօրեին տեղի է ունեցել արտգործնախարարների հեռախոսազրույց։ Միրզոյանը և Լավրովը այդպես էլ չհանդիպեցին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ։ Փորձագետների մի մասի կարծիքով՝ Մոսկվան Երևանից հստակեցումներ է պահանջում, պարզ ձևակերպմամբ՝ սպասում է պատասխանի՝ իրենց հե՞տ ենք, թե՞ ոչ։
Թեև Արծվիկ Մինասյանը դեմ է արևմտյան ուղղությանը, բայց Մոսկվա-Երևան վերջնագրային խոսակցությունն ընդունելի չի համարում։
«Ոչ թե Լավրովի ուլտիմատումի լեզվով եմ ես ուզում արձագանքել, ինքն էլ իրավունք չունի ուլտիմատում դնել։ Հակառակը՝ ինքն էլ պետք է գիտակցի, հասկանա, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անձերով պայմանավորված չեն։ Սա ես կարծում եմ նաև Ռուսաստանի համար ճիշտ մոտեցում չէ։ Ի՞նչ է նշանակում կողմնորոշվեք»։
Այսօր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հայ ժողովուրդը շահում է Ռուսաստանի հետ համագործակցությունից և Հայաստանի իշխանությունը պետք է հաշվի առնի դա, իսկ արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է․ «Չէինք ցանկանա, որ Հայաստանը Ուկրաինայի պես Արևմուտքի կողմից օգտագործվեր ու դեն շպրտվեր»։
Խորհրդարանում քննարկումներից հետո Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց՝ Հայաստանը հասել է այն մակարդակի, որ կարող է «Զվարթնոց» օդանավակայնում ծառայությունն իրականացնել հայ սահմանապահների միջոցով։ Ռուսաստանը դեռ չի հաստատում, որ նման հարցով Հայաստանից դիմում է ստացել։ Իսկ թե ինչ է կատարվում անվտանգային հարաբերությունների ոլորտում, Անվտանգության խորհրդի քարտուղարը մանրամասնում է․
«Ռազմական տեխնիկայի ձեռք բերումը, օրինակ, ՌԴ-ի հետ 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր մակարդակի։ Սա նշանակում է, որ Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիա և գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արևմուտքում, այլ նաև այլ տեղերում՝ Ասիայում, Հնդկաստանում, տարբեր ուղղություններով՝ և տնտեսական, և անվտանգային։ Եթե մեր ռազմատեխնիկական գործընկերները ոչ թե մեկն են, այլ հինգն են, մեր կախվածությունը մեկ երկրից փոխարինվում է շատերից կախվածության։ Մենք համոզված ենք, որ դրանով ավելի անվտանգություն ենք ունենալու։ Նախկինում եթե մեկ երկիր, կոնկրետ Ռուսաստանը, որոշում էր մեզ ռազմամթերք չմատակարարել, մենք կոլապսի առաջ էինք կանգնում։ Հիմա եթե մի այդպիսի երկիր լինի, մենք ունենք 4 այլընտրանք»։
Արմեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ հարաբերություններում այս պահին փոփոխություն չկա, և անորոշությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ անվտանգային կառույցը հստակ իր դիրքորոշումը չի հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի և 2021 թվականից հետո ադրբեջանական առնվազն 3 ագրեսիաների առնչությամբ։




