ԿարևորՀասարակություն

Կոնդը արժեքավոր է իր ամբողջությամբ․ ծրագիրն ընդդիմախոսներ ունի

Կոնդը կձևափոխվի, բայց թե ինչպիսին կլինի, առայժմ անհայտ է։ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներն ահազանգում են՝ քաղաքային իշխանությունը որոշել է վերակառուցել Կոնդը՝ առանց հանրային քննարկումների և հաստատված նախագծի։ Այն, ինչ այսօր կատարվում է Երևանի ամենահին թաղամասերից մեկի շուրջ,  ընդդիմադիրներին հիշեցնում է Հյուսիսային պողոտայի ու Ֆիրդուսի վիճահարույց պատմությունները։ Կոնդը Երևանի պատմական դիմագիծն է, որը պահպանելու համար պետք է պայքարեն բոլորը՝ վստահ են Կոնդը վերակառուցելու ծրագրի ընդդիմախոսները։  

Կոնդը կորցնելով՝ կկորցնենք Երևանի քաղաքային դիմագծի ամենակարևոր հատվածներից մեկը՝ պնդում են ավագանու ընդդիմադիր անդամներն ու հարցնում՝ իսկ ինչ է լինելու մայրաքաղաքի ամենահին թաղամասերից մեկի տեղում։ Գաղափարի ներկայացումից մինչև ակտիվ խոսակցությունների փուլ հանրային ոչ մի քննարկում չի կազմակերպվել, քաղաքային իշխանությունները չեն լսել կոնդեցիների ու առհասարակ հանրության կարծիքը՝ պնդում են ընդդիմադիրները։

«Երևանի քաղաքապետարանը խոսում է թաղամասը օտարելու, բնաջնջելու, վերացնելու մասին, բայց չի խոսւմ, թե ինչով է այն փոխարինելու, չունեն ու չեն ներկայացրել որևէ ծրագիր նախագիծ, կոնդեցիների հետ չեն քննարկել, հասկանալու այդ նախագծի հնարավոր թերությունները»,– ասում է Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախկին անդամ Սոնա Աղեկյանը։

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախկին անդամ Սոնա Աղեկյան

Քաղաքային իշխանության՝ Կոնդ թաղամասը վերակառուցելու մտադրությունը վտանգում է Երևանի պատմական ժառանգությունը։ Ճարտարապետ, Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Սևադա Պետրոսյանը հիշում է՝ մինչև 80-ական թվականները այս թաղամասում 4 տասնյակի հասնող ցուցակագրված հուշարձան կար։ 90-ականներից հետո ցուցակները վերանայվել են, հուշարձանների թիվը մի քանիսի է հասել։ Այսօր պարզ չէ նաև, թե ինչ է լինելու Կոնդի եկեղեցու, դարից ավելի կյանք ունեցող տների հետ։

«Բայց Կոնդն արժեքսավոր է ամբողջության մեջ, Կոնդի արժեքը միայն մի քանի կառույցներ չեն, որոնք ներկայումս դժբախտաբար աղետալի վիճակում են։ Կոնդը արժեքավոր է իր քաղաքային հյուսվածքով, փողոցային ցանցով, թե ինչպես են հանրային և ոչ հանրային տարածքները հարաբերվում»,-ասում է ճարտարապետը։

Կոնդը վերակառուցելիս պետք է պահպանել այն ամենը, ինչը Կոնդը Կոնդ է դարձնում՝ շեշտում է ճարտարապետը։ Թաղամասը ձևափոխելու ծրագիր եղել է դեռ խորհրդային տարիներին, այն ժամանակ մտադրություն կար Կոնդում արվեստի թաղամաս հիմնել։ Անկախությունից հետո էլ տարբեր ծրագրեր են ներկայացվել, քննարկվել,  բայց այդպես էլ թղթի վրա մնացել։ Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը վստահ է՝ Կոնդը վերակառուցումից հետո այևս բնակելի կոլորիտային թաղամաս չի լինի, կդառնա նոր բիզնես հանգույց մայրաքաղաքի կենտրոնում։

«Պարզապես ևս մի յուղոտ պատառ քաղաքում, որը բիզնես ծրագիր կդառնա, որտեղից բնակիչները կվտարվեն, իսկ այդ վտարումները մենք տեսել ենք տարիներ շարունակ օրինակ Հյուսիսային պողոտայում 33-րդ թաղամասում, հիմա հերթը հասել է Երևանի ամենահին թաղամասին։ Եթե հատկապես Երևանի քաղաքապետարանը որդեգրել է Երևանի կենտրոնի բեռնաթափման քաղաքականություն և հիմա պատրաստվում է Կոնդը վերակառուցել և ամբողջ շինարարությունը կենտրոնում է ուղղակի չի կարելի խոսել բեռնաթափման մասին»։

Քաղաքաշինության կոմիտեն Կոնդը վերակառուցելու նախագծերի մրցույթ հայտարարել է դեռ 2021-ին։ 45 հայտերից հաջորդ փուլ են անցել 7-ը։ Առայժմ հստակ չէ, թե ինչ ապագա է պատկերացնում քաղաքային իշխանությունը թաղամասի համար։ Ճարտարապետը հույս ունի, որ գոնե այս դեպքում գործընթացի ընթացքում մարդու իրավունքներ չեն խախտվի, մինչ գործի անցնելը ուսումնասիրություններ կարվեն, կարմիր գծեր կսահմանվեն։

«Հենց կարողանանաք սահմանել չի կորելիներ, ու հասկացանք թե ինչերն են անընդունելի մեզ համար, դրանից հետո միայն ետք է մշակենք հայեցակարգ ու հասկանալ ինչ միջոցներով կարող ենք հասնել դրանց և ինչ գործիքակազմ կարող ենք ստեղծել, որ պահպանվեն բնակիչների իրավքւոնեների ու թաղամասի պատմականությունը, բայց նաև ունենանք քաղաքային զարգացած մաս»։

Եթե վերակառուցել, ապա միայն բնակիչների սեփականությունը նորից չափագրելուց ու իրենց գույքային իրավունքները ամրագրելուց հետո։ Ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը հիշեցնում է՝ այս գործընթացում ևս բնակիչները անհամաձայնություններ ունեն քաղաքային իշխանության հետ։ Օրեր առաջ կոնդեցիները իրենց իրավունքների հարցով Քաղաքապետարան էին եկել՝ պնդում էին քաղաքային իշխանության առաջարկած լրացուցիչ չափագրումներն անելու ու իրենց փաստացի սեփականությունը սեփականության վկայականներում ամրագրելու համար լրացուցիչ վճարումներ անել չեն պատրաստվում։

Կարդացեք նաև

Back to top button