ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ծրագիրն իրականացնել արցախյան համայնքները պահպանելու սկզբունքով․ բաց նամակ ՀՀ կառավարությանը        

Բաց նամակ՝ Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների բնակարանային կարիքների բավարարման ուղղությամբ քննարկվող ծրագրի վերաբերյալ։ Նամակը հղել են Արցախյան 32 կազմակերպություն՝ ձևավորելով «Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը»։ Նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր ցանկացողները։ Կառավարությունում քննարկում են արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագիրը։  

Հայաստանի կառավարությունում քննարկում են  արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագրերը։ Դրանք այս պահին փաստաթղթային տեսք չունեն, բայց հայտարարություններ՝ կան։ Մասնավորապես, նախորդ շաբաթ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշ փակագծեր բացեց՝ կառավարության աջակցությունը տրամադրվելու է 3 հիմնական եղանակով՝ աջակցություն տեղահանված անձանց՝ բնակելի տուն կառուցելու հարցում, աջակցություն տուն կամ բնակարան ձեռք բերելու հարցում, սոցիալական բնակարաններ այն անձանց, որոնք օբյեկտիվ պատճառներով տուն գնելու կամ կառուցելու հնարավորություն չեն ունենա։ Կարևոր նախապայման է, որ բնակարանային ապահովման աջակցությունից օգտվեն այն անձինք, որոնք կդառնան ՀՀ քաղաքացի։

«10 տարին ավարտվելուց հետո, եթե ընտանիքում եղել է պայմանական երկու չափահաս և երեք անչափահաս, ապա 15 մլն դրամից 9 մլն դրամը, որը երեխաներին տրված գումարն է, վերադարձման ենթակա չէ, 6 մլն-ը վերադարձման ենթակա է։ Տտվյալ տանը կամ բնակարանում ապրելու և որոշակի ֆինանսական պարտավորություններ կատարելու դեպքում, այդ գույքը կանցնի վերջիններիս սեփականությանը»։

Աջակցության չափը մեկ անձի հաշվով նախատեսվում է շուրջ 3 մլն դրամ։ Բայց Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության անդամերը այլ առաջարկներ ունեն։

«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյան․ «Ծրագիրը հնարավորինս իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով։ Ծրագրի իրագործման ժամկետ սահմանել երկու տարին։ Բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5 մլն ՀՀ դրամ։ Սա համապաատսխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին»։

Արցախի նախկին պետնախարար, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանի տեղեկացմամբ, միայն մեկ անգամ Արցախից 10-ից ավելի ներկայացուցիչների հրավիրել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման, որտեղ ներկայացվել են բնակարանային խնդրի լուծման ընդհանուր սկզբունքները․

«Արցախի գրեթե բոլոր ներկայացուցիչները տարաձայնություններ են հայտնել տարբեր կետերի վերաբերյալ, այդ թվում գումարի չափի մասով: Իրենց հիմնավորումն այն էր, որ 2023-ին անշարժ գույքի երկրորդային շուկայում կադաստրում գրանցված առուվաճառքի մեկ քմ-ի միջին գինը 200 հազար դրամից ավելին չէ: Եվ իրենք հաշվել են, որ մեկ անձի համար 15 քմ մակերեսը բավարար է: 200 հազարը բազմապատկել են 15-ով և ստացել 3 մլն դրամ: Մենք բացատրել ենք, որ դա իրականում չի արտացոլում երկրորդային շուկայում գների իրական պատկերը: Ընդ որում, իրենք նշել են՝ բացի Երևանից, Էջմիածնից, Ծաղկաձորից, Դիլիջանից, Աբովյանից, մնացած համայնքներում այդ գինն է գործում»։

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ միտում են նկատել՝ կադաստրում գործարքներ անելիս ցածր գին են նշում՝ հնարավոր հարկային պարտավորություններից խուսափելու համար.

«Ես ուսումնասիրել եմ, միջին գինը մարզային համայնքներում, ոչ սահմանամերձ, Երևանից նույնիսկ տասնյակ կմ հեռու, մեկ քմ-ի գինը 320-500 հազար դրամ է՝ երկրոդային շուկա, միջին վիճակում գտնվող։ Այսինքն, նախ՝ կառավարությունը հաշվի չի առել շուկայական գները, նաև հաշվի չեն առել Արցախի ներկայացուցիչների կարծիքը»։

Կառավարությունը սահմանամերձ համայնքներում բնակարանային ծրագիր է իրականացնում։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը օրերս հայտարարեց, որ այս ծագիրը կփոփոխեն ու կառաջարկեն արցախցիներին։ Կընդլայնեն գյուղական բնակավայրերի ցանկը։ Ծրագրից կարող են օգտվել նաև Արցախից բռնի տեղահանվածները, եթե ամուսիններից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն։ Արցախից բռնի տեղահանվածներից արդեն հայտեր ստացվում են՝ ամփոփում է ԱՍՀՆ ներկայացուցիչը։

Կարդացեք նաև

Back to top button