
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նպաստող օրենսդրական փոփոխությունները հրամայակական են՝ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ ԱԺ-ում քննարկել են ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթը։ Ոլորտի ներկայացուցիչների կարծիքով՝ մրցակից երկրներում տեխնոլոգիական ընկերությունների համար աշխատանքային միջավայրն ավելի բարենպաստ է, քան Հայաստանում։ Առաջարկում են օրենսդրական համալիր փոփոխություններ իրականացնել, որոնցով երկարաժամկետ, կանխատեսելի, ոլորտի և տնտեսության շահերն առավելագույնս հավասարակշռող կարգավորումներ կտրվեն։
Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի տնտեսության ամենադինամիկ աճող ոլորտներից է, 2022 թվականին կտրուկ աճ է գրանցել, որը հիմնականում պայմանավորված էր ռելոկանտ ընկերությունների ներհոսքով։ Ոլորտի ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը մանրամասնում է՝ 2022 թ. շրջանառությունը հասել է 589 մլրդ դրամի կամ մոտավորապես 1 մլրդ 400 մլն դոլարի։ Այս աճը նպաստել է տնտեսության մեջ ոլորտի դերի բարձրացմանը՝ նշում է Հովհաննիսյանը։
«ՀՆԱ–ի հետ հարաբերակցությունը հասել է մինչև 7 տոկոսի։ Ոլորտի աճի համար լրացուցիչ խթան են հանդիսացել հարկային արտոնությունները; Այս ընթացքում ավելի մեծ աճ են գրանցել արտոնություններ ստացած ընկերությունները՝ 23 տոկոսով։ Ոլորտում միջին աշխատավարձը կազմել է 1 մլն դրամ, որը 3.8 անգամ բարձր է, քան ՀՀ–ում գործող միջին աշխատավարձերը»։
Այնուամենայնիվ, ոլորտը բախվում է նաև ներկա ծավալների պահպանելու և հետագա ընդլայնումն ապահովելու լուրջ մարտահրավերների։ Սևակ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանից տեղեկատվական տեխնոլոգիաների հայ մասնագետների արտահոսք է նկատվում դեպի առավել զարգացող կամ մրցակից երկրներ։ Նաև Հայաստան տեղափոխված ռելոկանտ ընկերությունները կորցնելու ռիսկ կա։
«Այսօր մրցակից երկրներում ՏՏ ոլորտի համար կիրառվում են ինտենսիվ, ֆիսկալ խթաններ։ Այդ երկրներում բնակության ավելի բարենսպաստ պայմաններ ու կենսապահովման ավելի մատչելի ծախսեր կան։ Նաև ունենք ներքին գործոններ, որոնք մարտահրավեր են ոլորտի համար։ Դրանք սահմանապակ ֆիզկալ խթաններն են, տաղանդի զարգացման սահմանափակ ներդրումները կրթության ոլորտում, ինչպես նաև գիտության և գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական սահմանափակ ներդրումները»։
Ոլորտի ներկայացուցչի խոսքով՝ Երևանում կյանքը թանկացել է, ՀՀ–ում կենսապահովման ծախսերը մեկ անձի համար գրեթե հավասարվել են Վարշավայի, Տալլինի ծախսերին։ Նույնը վերաբերում է բնակարանների վարձակալության գներին, նույնիսկ Տալլինում բնակարանի վարձը 22 տոկոսով էժան է։ Ըստ այդմ, նրա համոզմամբ, հարկային արտոնությունները թույլ կտան լավ մասնագետներին Հայաստանում մնալ, իսկ ՏՏ ոլորտի զարգացումը կնպաստի տնտեսության և երկրի անվտանգային ոլորտի կայունացմանն ու առաջընթացին։
Իսկ ի՞նչ է նախատեսում ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթը, որպես հնարավոր աջակցության միջոցառումներ՝ իրավաբան Արա Խզմալյանն է մանրամասնում։
«Օրենքը առաջարկում է մեկ համավճար, անունը դեռ պայմանական է։ Այն հաշվարկվելու է՝ հիմք ընդունելով հաշվետու ժամանակահատվածում՝ եռամսյակ կամ տարի, եկամտային հարկի գծով հաշվարկված, վճարված գումարները։ Երկրորդը՝ ոչ պակաս կարևորը, հնարավորություն է լիզոր մարմինին՝ ԲՏԱ նախարարությանը, բարձր տեխնոլոգիաների և ՏՏ սուբյեկտներին տրամադրել ֆինանսավորում գիտահետազոտական, փորձարարական աշխատանքների ու ծառայությունների, կրթական գծով ծախսերի, ինչպես նաև կապիտալ ներդրումների համար»։
Օրենքը պետք է դիտարկել ոչ թե աջակցություն կամ եկամտահարկի վերադարձ, այլ ներդրում այն ոլորտում, որը տարիներ շարունակ աճ է արձանագրել՝ նշում է «DataArt Հայաստան» ՏՏ ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանը։ Նա ընդգծում է նաև, որ միայն օրենսդրական փաթեթով բոլոր խնդիրները չեն լուծվի։
«Բայց սա նաև հնարավորություն է, որ այս օրենքը դառնա այսպես ասած «umbrella» օրենք, և հետո այլ կարգավորումներով ևս հասնենք մեր երազած բարձր տեխնոլոգիական աճով երկիր»։
«Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանն էլ հիշեցնում է, որ տարիներ առաջ Հայաստանն ավելի մրցունակ էր միջազգային շուկայում, քանի որ հնարավորություններն ավելի շատ էին։ Այսօր լրացուցիչ ներդումները պետք է ուղվեն այդ մրցունակության բարձրացմանը։
«Վստահ եմ, որ այդ լրացուցիչ ներդրումները ընկերությունները ճիշտ կօգտագործեն։ Կարող է թվալ, որ կվերցնեն, կդնեն իրենց գրպանում, կտանեն։ Բայց, եթե գրպան դնող, գնացող լինեին, վաղուց կգնային։ Ամեն մի ընկերության նպատակն է ավելի զարգանալ, որ ավելի շատ շահույթ ունենան։ Սա է ամբողջ բիզնեսի իմաստը»։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հավատում է, որ բարձր տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացումը Հայաստանում ունի ապագա։ Բայց որպեսզի այն իրականություն դառնա, պետք է գնալ բարդ որոշումների ճանապարհով։




