ԿարևորՍպորտ

Բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար. Հայաստանի 2 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի երկու անդամներ՝ Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Մեր երկու բռնցքամարտիկներն էլ 5:0 հաշվով հաղթել են իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության է հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ է գտնվել Կանադան ներկայացնող Կեվեն Բեասեջոուրից:

Հաջորդ մենամարտում Արթուր Բազեյանը կմենամարտի Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Ժոզե Տիրադոյի հետ, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանի մրցակիցը կլինի բելգիացի Նոա Հաջիտը:

Զուգահեռաբար անցկացվում է նաև կանանց ստուգատեսը: Մեր մարզուհիներից առաջինը ռինգ է դուրս եկել Տաթև Խաչատրյանը (54 կգ): Մեկնարկային մենամարտում Խաչատրյանը զիջել է չիլիացի Դենիսե Բռավոյին և դուրս է մնացել հետագա պայքարից:

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր կմենամարտեն Էլիդա Քոչարյանը (60 կգ) և Գուրգեն Մադոյանը (71 կգ):

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Փարիզ-2024-ի ուղեգրերի համար կպայքարեն նաև Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

Կանանց թիմի կազմում էլ ռինգ դուրս կգան Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Անի Հովսեփյանը (66 կգ)։

Իտալիայում ընթացող Օլիմպիական վարկանիշային մրցաշարում տղամարդկանց 28 և կանանց 21 ուղեգրեր կխաղարկվեն: Մնացած 51 ուղեգրերը բռնցքամարտիկների համար կվիճարկվեն արդեն Թաիլանդում մայիսի 23-ից հունիսի 3-ը կայանալիք վարկանիշային մրցաշարում:

Back to top button