ԿարևորՀասարակություն

Լեռնային Ղարաբաղին նվիրված համաժողով՝ Սորբոնի համալսարանում

Մարտի 1-ին Ֆրանսիայի հեղինակավոր Սորբոնի համալսարանում կայացել է «Հայաստան — Լեռնային Ղարաբաղ. ժողովուրդների իրավունքներ և պետությունների իրավունքներ» խորագիրը կրող համաժողով։ Այն կազմակերպվել էր «Սորբոն – ՄԱԿ» միության կողմից՝ «Սատար Արցախին» կազմակերպության հետ համագործակցաբար։

Համաժողովին որպես բանախոսներ հանդես են եկելան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԽ Անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն (Nathalie Loiseau), Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան (Arnaud Ngatcha), «Le Figaro Magazine» պարբերականի փոխտնօրեն Ժան Քրիստոֆ-Բյուիսոնը (Jean-Christophe Buisson), «Défis humanitaires» պարբերականի նախագահ, «Միջազգային համերաշխություն» մարդասիրական ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Ալեն Բուանեն (Alain Boinet)։

Բանախոսներն անդրադարձել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առջև ծառացած պատմական և ժամանակակից մարտահրավերներին, ինչպես նաև միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին և տարածքային ամբողջականությանը ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության համատեքստում։

Համաժողովին ներկա են եղել դասախոսներ և ուսանողներ ինչպես Սորբոնի համալսարանից, այնպես էլ՝ Փարիզի Քաղաքական գիտությունների Սիանս Պո համալսարանից, ինչպես նաև լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Back to top button