ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Նոր լիցք՝ հայ-հունական ռազմական համագործակցությանը․ Հունաստանի պաշտպանության նախարարը Հայաստանում է

Պաշտոնական այցով Հայաստանում է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։ Դենդիասը Երևան է ժամանել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով։ Առանձնազրույցից ու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով։

Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի կնքումից հետո կողմերն առաջին քայլերն են անում գործնականում համագործակցությունը զարգացնելու համար։ Համաձայնագիրը կնքվել էր նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Աթենք պաշտոնական այցի ժամանակ։ Իսկ մարտի 4-ին Երևանում երկու երկրների պաշտպանական գերտեսչությունների ղեկավարները պայմանավորվել են նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։

«Քննարկումների ընթացքում անդրադարձել ենք միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին: Երկու երկրներն ունեն միևնույն մոտեցումներն ու ընկալումները տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման ուղղությամբ, որը ևս մեկ անգամ վերահաստատվել է մեր քննարկումների ընթացքում: Իմ գործընկերոջ հետ քննարկել ենք նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, անդրադարձել ենք միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին»:

Պապիկյանն ընգծել է, որ Հունաստանն առաջին պետությունն է եղել, որ պաշտպանության ոլորտում եվրոպական կառույցների և պետությունների հետ հարաբերություներում, միջազգային առաքելություններին մասնակցության և բազմաթիվ այլ հարցերում Հայաստանի համար ճանապարհ է հարթել։

Նիկոլաոս Դենդիասը վերահաստատել է, որ Հունաստանը կտրականապես մերժում է Հարավային Կովկասում ցանկացած միակողմանի ռազմական գործողություն։

Նա նաև աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային իրավունքի շրջանակներում խաղաղության համաձայնագրի կնքմանը։

«Մեր հանդիպման ժամանակ քննարկեցինք տարբեր գործնական հնարավորություններ, թե ինչպես կարող ենք զարգացնել երկկողմ հարաբերությունները։ Այնուհետև մենք քննարկել ենք երկկողմանի հարաբերությունները՝ ռազմական և տեխնիկական համագործակցության շրջանակներում։ Ստորագրել ենք նաև այս տարվա շրջանակներում ռազմական համագործակցության ծրագրեր, որոնք երկու երկրների ԶՈՒ–ն ավելի կսերտացնեն»։

Ի՞նչ ակնկալիքներ ունեն փորձագետներն այս համագործակցությունից։ Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը նշում է՝ պետք է նկատի ունենալ, որ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հունաստանի հետ Հայաստանը առանձնահատուկ հարաբերություններ ունի։ Սա ՆԱՏՕ-ի հետ համագործակցության յուրահատուկ ձև է։ Ըստ քաղաքագետի՝ հեղհեղուկ աշխարհակարգի պայմաններում իրադրային նոր միավորումներ են ձևավորվում։ Դրանք ֆորմալ չեն, չունեն անվանում, բայց որոշակի գործառույթներ են իրականացնում։ Այդպիսին կարող է լինել նաև Հայաստան-Հունաստան- Ֆրանսիա ռազմական համագործակցությունը։

«Իհարկե, կան ավանդական ռազմական բլոկներ՝ ՆԱՏՕ, ՀԱՊԿ, բայց քանի, որ նույնիսկ այդ բլոկների անդամ պետությունները անվտանգության հարցում շատ զգայուն են, առաջանում են ճկուն, իրադրային բլոկներ»։

Քաղաքագետը հիշեցնում է նաև, որ Հունաստան-Թուրքիա լարվածության պայմաններում Ֆրանսիան ակտիվորեն պաշտպանում է Հունաստանին։ Ֆրանսիան է նաև, որ շատ հստակ հետաքրքրված է Հայաստանի հետ ռազմական համագործակցությամբ։ Հայաստանն էլ իր ակնհայտ շահերը կունենա այս համագործակցություններից։

«Հայաստանի Հանրապետությունը զենք-զինամթերք գնելու ակտիվ փնտրտուքների մեջ է։ Մենք գիտենք, որ մեր ավանդական բլոկները, որում ներկայացված ենք, և այն դաշնակիցը, որի հետ Հայաստանը կապում էր իր անվտանգությունը, չեն աշխատում։ Հայաստանն էլ, գուցե ճարահատյալ, ելքեր է որոնում»։

Երկկողմ հարաբերությունները խորացնելու և դրանց մասշտաբները մեծացնելու ու փոխելու պատրաստակամության մասին խոսել էին նաև երկու երկրների վարչապետները։ Մեկ շաբաթ առաջ Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պաշտպանության ոլորտում երկրներն ունեն համագործակցության բավականին երկար պատմություն, որն առաջիկայում ավելի արդյունավետ կդառնա։ Հունաստանի վարչապետ Միցոտակիսն իր հերթին նշել է, որ Հունաստանն աջակցում է պաշտպանական ոլորտում համագործակցությանը, սակայն  երկու երկրներն էլ հստակ դեմ են ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառմանը:

«Մենք միշտ միջազգային իրավունքի կողքին ենք, մենք նվիրված ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգանքի սկզբունքներին: Մենք համարում ենք, որ տարաձայնությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, իսկ Հայաստանը բոլորից շատ լավ հասկանում և գիտակցում է խաղաղության գինը»: 

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին ներկայացրել է նաև Հայաստանում տեղի ունեցող պաշտպանական բարեփոխումների ընթացքը՝ կարևորելով Հունաստանի փորձագիտական և գործնական աջակցության կարիքն այդ հարցում։ Հետագա ծրագրերի առանցքում կլինեն ռազմական կրթությունը, անձնակազմերի վերապատրաստումը, փորձի և տեղեկատվության փոխանակումը, ռազմաքաղաքական խոհրդակցություններն ու ռազմատեխնիկական համագործակցությունը։

Back to top button