ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ինչո՞ւ կենսաթոշակային հիմնադրամները ներդրում չեն անում տնտեսության իրական հատվածում

Փորձագիտական դաշտում կարծում են, որ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի բավականին ամուր և հասանելի համակարգ է ձևավորվել։ Չնայած, որ վերջին երեք տարիները Հայաստանի համար աշխարհաքաղաքական առումով բարդ էին, կուտակային եկամտաբերությունը ներդրման պահից ի վեր՝ տասը տարիների ընթացքում, կազմել է 106 տոկոս։ Կուտակային գնաճը կազմել է 29-30 տոկոս։ Ավելի պարզ՝ մարդկանց կենսաթոշակային հաշիվների եկամտաբերությունը գնաճով ճշգրտված՝ աճել է շուրջ 75 տոկոսով:

2023 թ դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարը կազմել է շուրջ 800 մլրդ դրամ ( 799․2 միլիարդ դրամ)։ Ցուցանիշը 2022–ի համեմատ աճել է  42․6 տոկոսով։ Ֆոնդերի եկամտաբերությունը ստեղծման պահից տատանվել է՝ 12․4-15․3 տոկոս է կազմել։ Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների թիվը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 812 093 մարդ։ Փորձագիտական դաշտում արձանագրում են՝ ֆոնդերի եկամտաբերությունը պետք է երկարաժամկետ կտրվածքով դիտարկել ՝ առնվազն տասը տարի, այստեղ կարևոր է նաև տնտեսական ցիկլն ամբողջությամբ։ «Օրբելի» հետազոտական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանն արձանագրում է․  

«Կարճաժամկետ հատվածում տնտեսական ու ֆինանսական տարբեր ցիկլերով պայմանավորված՝ շուկաները կարող են ունենալ միջին ավելի ցածր կամ բարձր եկամտաբերություն։ Օրինակ՝ հնարավոր է, որ եռամսյակային կտրվածքով կուտակային ֆոնդերը բացասական եկամտաբերություն ունեին, բայց տարեկան կտրվածքով  դրանք բարձր եկամտաբերություն են ունեցել»։

ՀՀ-ում պարտադիր կուտակային համակարգը ներդրվել է 2014 թվականից։ Տարիների ընթացքում այն փոփոխությունների է ենթարկվել։ Կենսաթոշակային 63 տարին լրանալուն պես մասնակիցները սկսում են ստանալ կուտակային կենսաթոշակ։ Շահառուների խումբը գումարը կստանա 2037 թվականից։ Ֆոնդերի պարտադիր մասնակից են 1974 թ հունվարի 1-ից հետո ծնվածները։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների աշխատավարձի 10 տոկոսը կուտակվում է որպես ապագայի կենսաթոշակ։ Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցները կառավարվում են երկու ֆոնդի՝ AMUNDI-ACBA ASSET MANAGEMENT CJSC և C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի կողմից։ Այս երկու պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը առաջարկում են երեքական ֆոնդ՝ կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված։ C-QUADRAT Ampega-ի կողմից կառավարվող ֆոնդերը բարձր եկամտաբերություն են գրանցել։ Դա հիմնականում պայմանավորված է գնաճի մակարդակի, վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական նվազման, ինչպես նաև պարտքային ու բաժնեթղթային շուկաներում գրանցված դրական զարգացումներով։ 2023-ի վերջի դրությամբ այս ֆոնդը կառավարել է մոտ 383 միլիարդ դրամ կուտակված միջոցներ, մասնակիցների թիվը շուրջ 360 հազար է եղել։ Սա կազմում է շուկայի մոտ 45 տոկոսը։

«Կայուն եկամտային ֆոնդը գրանցել է 12․6 տոկոս աճ՝ տարեկան կտրվածքով, պահպանողականը՝ 16․3 տոկոս, հավասարակշռվածը՝ 16․5 տոկոս։

AMUNDI-ACBA ASSET MANAGEMENT-ը կողմից կառավարվող կուտակային ֆոնդերում առկա ակտիվների հանրագումարը 2023 թվականի վերջին գերազանցել է 400 միլիարդ դրամը։ 74 մլրդը կամ 18 տոկոսը ձևավորվել է կառավարման արդյունքում կուտակված եկամտից, իսկ մնացած 343 մլրդ դրամը կուտակային հատկացումներից։

Մասնակիցների աճին զուգահեռ նաև կապիտալի աճ է գրանցվել։ Մերի Բոյաջյանը ընդգծում է՝ փորձը ցույց է տալիս, որ միջազգային ֆինանսական շուկաների վերականգնման պարագայում հայաստանյան ֆոնդերի եկամտաբերության ցուցանիշները նույնպես վերականգնվել են։ Կենսաթոշակային ֆոնդերը արժեթղթերի շուկայում գործող կարևորագույն ինստիտուտներ են։ Հսկայական միջոցներ են տրամարդում ֆինանսական շուկային, ուստի անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դրանց հատկապես ներդրումային գրավչությանը, նաև ռիսկերի արդյունավետ կառավարմանը։

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն արձանագրում է՝ հանրային միջոցների կարևորագույն աղբյուր են կենսաթոշակային ֆոնդերը։

«Յուրաքանչյուրը արդեն 400 մլրդ դրամից ավելի գումար են կառավարում։ Ներդրումներ են կատարում այս պահին հասանելի, հիմնականում պարտքային գործիքներում, նաև ենթակառուցվածքային կազմակերպություններում։ Կարողությունների իմաստով իրենք ներդրումների աղբյուր են, որ կարող են նաև ներդրումներ ունենալ կառավարության հետագա փայերի օտարման տեսանկյունից բաժնետիրական ու հրապարակային տեղաբաշխման տեսանկյունից, ինչպես նաև նոր ընկերութունների առաջացման դեպքում»։

Երկու ֆոնդերի ընդհանուր միջոցների մոտ 48 տոկոսը ներդրված է պարտատոմսերում, 17-20 տոկոսը՝ բանկային ավանդներում, մնացածը՝ արտասահմանյան ներդրումներում։ Ամբողջ գումարի 68 տոկոսը Հայաստանում է ներդրված։ Բայց տնտեսության իրական հատվածում ներդրումների ծավալը քիչ է։ Ինչո՞ւ իրական հատվածում ներդրումներ չեն արվում․ փորձագետ Մերի Բոյաջյանն արձանագրում է․

«Ներդրումները կատարվում են բարձր եկամտաբերություն ապահովող ոլորտներում։ Եթե իրական հատվածում ներդնեն գումարները, ռիսկերը ավելի մեծ կլինեն։ Բայց AMUNDI-ACBA ASSET MANAGEMENT-ում  փորձում են ավելի շատ իրական հատվածում գումարները ներդնել։ Դեռ բացառիկ արդյունք չկա, բայց քայլեր իրականացվում են»։

Գործող օրենքով ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում` Առողջապահության նախարարության կողմից տրված եզրակացության հիման վրա, մասնակիցն իրավունք ունի իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնել: Օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ մասնագիտական եզրակացության տրամադրումը կիրականացնի Միասնական սոցիալական ծառայությունը։

2023 թվականին 43 քաղաքացի է դիմել հաշվում առկա միջոցները ստանալու պահանջով։ Հիվանդությունների ցանկն ընդլայնելուց հետո գումարները ետ ստանալու համար դիմողների թիվը ավելացել է․ 2015-2023 թ 119 դիմում, որից 43–ն է  համապատասխանել օրենքի պահանջներին։ Քաղաքացին միջոցները կարող է պահանջել նաև կենսաթոշակի տարիքի անցնելուց հետո։ Հաշվին առկա միջոցները հնարավոր է ստանալ ԱՆ եզրակացությունից հետո դիմում ու փաստաթղթեր ներկայացնելիս տասը աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե ժամկետը խախտվում է, ապա յուրաքանչյուր օրվա համար տույժ է վճարվում՝  չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով։

Back to top button