ԿարևորՀասարակություն

Ղրղզստանի և Չինաստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

Ղրղզստանի և Չինաստանի սահմանին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։

Ինստիտուտի տվյալներով՝ 5,3 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել երկուշաբթի՝ ժամը 13.54-ին՝ Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից մեկուկես ժամ անց, որը զգացվել էր Բիշքեկում և Ալմաթիում՝ անհանգստացնելով այս խոշոր քաղաքների բնակիչներին։

Սեյսմոլոգները պարզել են, որ էպիկենտրոնը գտնվել է Չինաստանում՝ այն վայրի մոտ, որտեղ հունվարի 23-ին տեղի էր ունեցել 7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ: Երկրակեղևի տատանումները զգացվել են նաև Ղրղզստանի Բեդել և Կարակոլ բնակավայրերում, որոնք ամենամոտն են էպիկենտրոնին։ Այդ բնակավայրերում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը 3-ից 3,5 բալ է եղել:

Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով՝ հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով ավերածություններ կամ զոհեր չկան։

Back to top button