ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պատերազմի մասնակիցների տեխնոլոգիական կրթության մեկնարկը՝ քաղաքացիական հրաձգարանից

Մեկնարկել է «Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի» կազմակերպած կրթական ծրագիրը, որն անվճար տեխնոլոգիական կրթություն է տալու արցախյան պատերազմի մասնակից երիտասարդներին։ «Հայ օգության ֆոնդի» և «Ամերիկայի ճարտարագետների և գիտնականների ընկերակցության» համաֆինանսավորմամբ անցկացվող ծրագիրը նախատեսում է 6 ամսյա մասնագիտական կրթություն։

Հարյուրավոր երիտասարդներ «Ազատազէն» քաղաքացիական հրաձգարան են եկել՝ տեխնոլոգիական կրթական ծրագրի մեկնարկը այստեղ տալու։ Երիտասարդները 2020-ի արցախյան պատերազմի մասնակիցներ են։ Նրանց համար «Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը» դասընթաց է կազմակերպել։ Դասընթացի մանրամասների և այն մեկնարկելու վայրի ընտրության մասին կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանն է պատմում։

«Ես մի փոքր հետ գնամ․ 2020-ից հետո մենք «Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում» որոշում կայացրինք, որ այսուհետ մեր տեխնոլոգիական ծրագրերը անվճար հասանելի պետք է լինի մեր տղաների համար: Երբ մենք հայտարարեցինք ծրագիրը, ունեցանք 100-ից ավելի դիմորդ ու բոլորի մոտ, չգիտեմ ճիշտ բառը որն է, չեմ ուզում «հիասթափություն» ասել, բայց անտարբերությունը նկատելի էր։ Բայց մենք 6 ամիս հետո հասկացանք, որ տեխնոլոգիաները հզոր միջոց են, որ մարդու տրամադրությունը փոխվի, ու նույն տղաները 6 ամիս հետո երազում էին ստեծել սեփական ընկերությունները Հայաստանում, աշխատել տեխնոլոգիական ոլորտում»։

Նախորդ հաջողված փորձը հաշվի առնելով է կենտրոնը որոշել կրկնել դասընթացը, որին դիմող երիտասարդների քանակն այս անգամ գերազանցել է սպասելիքները․

«Այս անգամ կրկին հայտարարեցինք ծրագիրը ու աննախադեպ էր․ մենք 2 շաբաթում ունեցել ենք 300 հայտ, ու մեծ մասը նաև Արցախից Հայաստան տեղափոխված մեր տղաներն էին։ 2020-24 թիվը 300 մարդ տարբեր դասընթացների են մեզ մոտ մասնակցել, աշխատում են, ընկերություններ են հիմնել, բայց հիմա երբ հայտարարեցինք փետրվարի մեկին, 300 դիմորդ ունեցանք 2 շաբաթում»։

Ամալյա Եղոյանի խոսքով՝ կրթական ծրագրի մասնակիցների հետ առաջին հանդիպում-ծանոթությունը և նախագծի մեկնարկը տեղի է ունենում «Ազատազէնում», քանի որ խնդիրը ոչ միայն լավ մասնագետ, այլ որոշակի որակներ կրող մասնագետ պատրաստելն է։

«Մենք «Ազատազէն» միշտ բերում ենք մեր ինժեներական տարբեր ոլորտի ուսանողներին, որովհետև հասկանում ենք, որ այսօր շատ կարևոր է, որ տեխնոլոգիական գիտելիքին զուգահեռ մեր երիտասարդները նաև տիրապետեն զենքով կրակելու արվեստին, հասկանան զենքի օգտագործման կարևորությունը, քանի որ «Ազատազէնում» բոլորը մասնագետներ են, իրենք նաև շատ կարևոր ռազմական դաստիարակություն են փոխանցում մեր երիտասարդներին, ու այսօր նաև հուշագիր ենք ստորագրելու, որ համագործակցությոյւնը լինի շարունակական»։

Սա զենքի առողջ մշակույթի տարածման լավ հնարավորություն է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերության գործադիր տնօրեն Նաղաշ Բաղդասարանը։ Ասում է՝ կամզակերպությունը քաղաքացիական զենք ունենալու կարևորությունը հնարավորինս շատ մարդկանց հասանելի դարձնելու խնդիր ունի, ինչը կարող է արվել զենքը տարբեր ոլորտներում գործող մարդկանց համար կիրառելի դարձնելու դեպքում․

«Մենք զբաղվում ենք քաղաքացիական զենքի մշակույթի տարածմամբ, հրաձգարանների ստեղծմամբ, հավատում ենք, որ Հայաստանում պետք է զենքի մշակույթը լինի կենցաղի մաս, ցանկացած հայ ընտանիքում պետք է լինի զենք և այդ զենքը պետք է պահվի անվտանգ ու կիրառվի միայն Հայաստանի սահամններից դուրս խնդիրներ լուծելու համար։ Մեր փիլիսոփայությունը սա է, ու նմանատիպ միջոցառումներ կազմակերպելով, միջոցառման մանսկիցներին նաև խրախոսում ենք, տեղեկացնում ենք, որ ավելի ներգրավված լինեն նմանատիպ պրոյեկտներում»։

«Ազատազէնն» այս պահին առաջին զենքը ձեռք բերելը հնարավոր դարձնող՝ դրա համար պարտադիր քննությունը կազմակերպող միակ լիցենզավորված հրաձգարանն է։ Նաղաշ Բաղդասարյանի խոսքով՝ այս պահին արդեն 1000-ից ավելի՝ տարբեր ոլորտներում մասնագիտացած մարդիկ են փորձել զենք ունենալ։ Հուսով են՝ այս երիտասարդների համար ծրագիրը լավ մասնագետ դառնալուն զուգահեռ զենքը սիրելու, այն ունենալու կարևորությունը հստակ գիտակցելու հնարավորություն կդառնա։

Ծրագրին այս պահին մասնակցելու են դիմորդներից 120-ը։ Ամալյա Եղոյանը մյուս երիտասարների կրթությունը հնարավոր դարձնել ցանկացողներին առաջարկում է կապի դուրս գալ «Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի» հետ․

«Կոչ ենք անում մեր բարերարներին և անհատ բարերարների, որ եթե ցանկանում են միանալ այս նախաձեռնությանը, մեկ զինվորին կրթական ինժեներական ծրագրում ներգրավելու նվիրատվությունը մոտ 500 դոլար է 6 ամսվա համար, որի ընթացքում անցնում են ինժեներական դասեր, տեխնոլոգիական դասեր, ապա մեր կողմից վարձակալած հատուկ ավտոտնակներում հատուկ մասնագետների հետ արտադրելու են առաջին no cash vending ապարատները, որոնք կան Հայաստանում, բայց միայն մետաղադրամի կամ թղթադրամի միջոցով կարող ես ջուր կամ շոկոլադ վերցնել, հիմա այդ ապարատները կարտադրվեն պատերազմի մասնակիցների կողմից և կլինեն քարտային վճարումով»։

Դիմորդներն իրենք են ընտրելու կրթության ուղղությունը, այնուհետև կազմելու են թիմեր, որ միասին մեծ նախագծերի վրա աշխատելու հնարավորություն ստանան։

Կարդացեք նաև
Close
Back to top button