ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

3 միլիոնով բնակարան գնել հնարավոր չէ․ արցախցիները պահանջում են վերանայել առաջարկվող ծրագիրը

Կառավարությունն օրերս ներկայացրեց Արցախից տեղահանվածների համար բնակարանային ապահովման ծրագրի որոշ մանրամասներ։ Գործադիրը մտադիր է յուրաքանչյուր արցախցու 3 միլիոն դրամ հատկացնել բնակարան գնելու կամ տուն կառուցելու համար։ Ծրագիրը դեռ վերջնական չէ, կառավարության համապատասխան որոշումն էլ առայժմ չկա։ Շահառուների մի մասը, սակայն, վերապահումներ ունի և  պահանջում է  վերանայել տրամադրվող աջակցության չափն ու պայմանները։

«Մենք եկել ենք ասելու, համաձայն չենք կայացրած որոշումների ու ներկայացված նախագծի հետ»։

Տեղահանված արցախցիների մի խումբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն նաև առաջարկներով է եկել։ Ծանոթացել են Կառավարության մշակած բնակապահովման ծրագրին ու վստահ են՝ նախատեսվող աջակցությունն իրենց խնդիրը չի լուծելու։

«Պետք է հաշվարկ արվի՝ արդյոք ժողովուրդն ի վիճակի է այդ գնով տուն գնել, թե ոչ․․․ Պարզից էլ պարզ է, որ հնարավոր չէ, դեռ ավելին՝ ծրագիրը փուլերով է իրականացվելու, բա մինչև դա ժողովուրդը ինչ անի»,– պնդում են արցախցիները։

Կառավարությունն օրերս մանրամասներ ներկայացրեց Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրը լուծելու մեխանիզմների մասին։ Չնայած ծրագիրը դեռ վերջնական չէ, ու կառավարության համապատասխան որոշումը չկա, բայց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց հիմնական ուղղությունները։ Կառավարությունը մտադիր է 3 միլիոն դրամ աջակցություն տրամադրել այն արցախցիներին, որոնք ՀՀ քաղաքացիություն կունենան։

փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան

«Սա ֆինանսական աջակցության չափ է, որը կարող է օգտագործվել բնակարան գնելու կամ կառուցելու համար։ Երկու դեպքում էլ դա պետք է իրականացվի վարկի միջոցով։ Ընտանիքը բաղկացած է 5 անդամից, դա նշանակում է՝ այդ 15 միլիոնի սերտիֆիկատով կարող է դիմել որևէ բանկ, բանկը կֆինանսավորի և մենք այդ ընտանիքի փոխարեն կվճարենք վարկի գումարը հաջորդ 10 տարիների ընթացքում»,– մանրամասնում է փոխվարչապետը։

5 ամիս առաջ տուն–տեղ կորցրած արցախցիները հիմա ստիպված են իրենց ապագան Հայաստանից դուրս փնտրել՝ ասում է Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը, պնդում՝ աջակցությունը շատ փոքր է։

«3 միլիոն դրամով հնավար չէ բնակարան ձեռք բերել, նույնիսկ 4-5 հոգանոց ընտանիքի դեպքում հնարավոր չէ 12 միլիոնով բնակարան գնել։ Մենք հույս ունեինք, որ գոնե յուրաքանչյուրիս 4-5 միլիոն կտրամադրեն։ Ասում են, որ մինչև քաղաքացիություն չընդունեք, գումարը չենք տալու․ այսինքն՝ նշանակում է գումարը «ցույց են տալիս», որ ստիպեն քաղաքացիություն ընդունել, հետո հետ են խլում»։

Արցախցիները Կառավարությունից պահանջում են վերանայել մեկ անձի հաշվարկով տրամադրվող գումարի չափը և քաղաքացիություն ունենալու պարտադիր պայմանը։ Արցախցի Լևոն Հայրյանը հույս չունի, որ իրենց առաջարկները կլսեն, կամ կընդառաջեն։  

«Մեզ սեփական տուն պետք չէ, բնակարաններ սարքեք, տվեք, հետո երբ մենք հետ կգանանք Արցախ, բնակարանները կտանք պետությանը ու պետության համար մեծ ֆոնդ կլինի»։

Կառավարության առաջարկը վերաբերում է թե չափահաս, թե անչափահաս քաղաքացիներին։ Անչափահաս քաղաքացիներին տրվող 3 միլիոն դրամը կլինի անհատույց, իսկ չափահասները, որոնք կօգտվեն աջակցությունից, տարիներ հետո պետք է պետությանը վերադարձնեն ստացած գումարը, ինչից հետո կստանան ձեռք բերած բնակարանի սեփականության իրավունքը։ Արցախցիները, սակայն, հակադարձում են․

«Ասում են մեծահասակները պետք է վերադարձնեն այդ գումարը, աշխատանքային այս ծանր պայմաններում, ցածր աշխատավարձի պայմաններում ախր ինչպես ենք վերադարձնելու»։

Գործադիրը արցախցիների հետ համաձայն է, բայց նաև այլընտրանք է առաջարկում․ տները պետք է նաև մայրաքաղաքից դուրս փնտրել։

«Մեր ֆինանսական աջակցության չափը, առաջին հայացքից էլ պարզ է, որ չի բավականացնելու, որ գնումը կատարվի Երևանում, այսինքն իրականում մենք աջակցում ենք որպեսզի ընտանիքը հնարավորություն ունենա բնակարան ունենալու, բայց պարտաիր չէ, որ դա լինի Երևանում։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ միայն 4 քաղաք կա, որտեղ 1 քմ–ի հաշվով արժեքը գերազանցում էր 200 հազար դրամը․ դա Աբովյանն է, Ծաղկաձորը, Դիլիջանը և Էջմիածինը։ Մյուս բնակավայրերում, որպես կանոն 1քմ–ի արժեքը 200 հազարից ցածր է, ինչը նշանակում է, որ մեր աջակցությունը բավարարելու է տուն կամ բնակարան ձեռք բերելու համար»,– ասում է փոխվարչապետը։

Ըստ կառավարության առաջարկի՝ արցախցիներին աջակցությունը կտրամադրվի  փուլային եղանակով։ Առաջին փուլում 3-ական միլիոն կստանան այն քաղաքացիները, որոնց ընտանիքում 3 և ավելի անչափահաս երեխա կա։ Կառավարության հաշվարկներով՝ 5 տարի հետո արցախցիների բնակարանային հարցը լուծված կլինի։

Կարդացեք նաև

Back to top button