ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երևանում խելացի լուսատուներ կտեղադրվեն

Երևանում էլեկտրախնայող լուսատուների թիվն ավելանում է։ Միայն նախորդ տարի ռեկորդային թվով նոր լեդ տեսակի լուսատուներ են տեղադրվել, արդյունքում խնայվել է շուրջ 40 մլն դրամ։ Այս  տարի նախատեսվում  է ևս 10 000-12 000 նոր լուսատու տեղադրել։ Ներկայացնելով կատարված աշխատանքները՝ «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանն է հայտնել, որ Երևանի լուսատուների շուրջ 50 տոկոսն արդեն  փոխվել է։ Նպատակը երեք տարվա ընթացքում ամբողջ քաղաքը նոր լուսատուներով ապահովելն է։ 

Մայրաքաղաքի լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքները նոր թափ են ստանում։  Գիշերային լուսավորության նոր գրաֆիկը դեռ անցյալ տարվանից է գործում, իսկ հին նատրիումային տեսակի լուսատուների փոխարինումը նոր ԼԵԴ տեսակի լուսատուներով շարունակվում է։ Ավելի քան 11 հազար լուսատու արդեն նորացվել է։ Դրան զուգահեռ նոր հաղորդալարերն անցկացվում են գետնի տակով։ Նոր լուսավորությունն օգնում է նաև էներգախնայողության հարցում։ Արդյունքները տեսանելի են՝ հավաստիացնում է Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանը։

«Երբ նոր տեսակի լեդ լուսատու է տեղադրվում , միանշանակ հաղորդալարերը փոխվում են նոր մալուխներով։ Այսինքն՝ ցանցը պետք է արդիականացվի, որովհետև հին հաղորդալարերը չեն կարող ապահովել տվյալ լուսատուների ապահով աշխատանքը։ Մեր առաջնային նպատակն է 3 տարվա ընթացքում լեդավորված քաղաք ունենալ։ Մեր գերնպատակն է 10-12 հազար հատ նոր լեդ տեսակի լուսատու տեղադրել»։

ԼԵԴ տեսակի լուսատուների տեղադրումն ուղեկցվում է նաև հենասյուների, մալուխների նորացման աշխատանքներով։ Դրանք էլ իրենց հերթին բերում են էներգավթարների, համակարգի խափանումների դեպքերի կրճատման։ Այս փոփոխություններով պայմանավորված՝ գույքի կառավարումն ավելի դյուրին է դառնում։

«Միայն ցանցը խնայողության արդյունքում երկարել է 37.5 կմ-ով։ Ցանցը օրգանիզմ է, որը գնալուվ մեծանում է, ինչպես քաղաքը։ Գումարային տեսանկյունից 38-40 մլն դրամի խնայողություն ենք կարողացել լեդավորման արդյունքում գեներացնել»։ 

Շուտով Երևանը նաև խելացի լուսատուներ կունենա։ Մեկնարկը կտրվի Արաբկիր վարչական շրջանից, իսկ հեռակառավարման համակարգերը կօգնեն ավելի արդյունավետ կառավարել լուսավորությունը։

«Ամեն մի լուսատուի տվյալները առանձին կարողանում ենք տեսնել՝ աշխատում է, թե ոչ, որքան է ծախսում։ Բոլոր համակարգերը մի լուսատուն կարողանում է սպասարկել»։

«Երքաղլույս»-ի տնօրենը չի բացառում, որ էներգախնայողության ցանկալի արդյունքին հասնելու դեպքում ամբողջ գիշերվա լուսավորությունն ապահովվի։ Երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանն, իհարկե գնահատում է արվող քայլերը։ Ասում է՝ չի հիշում Երևանն այսքան լուսավոր։ Միայն չի հասկանում, թե ինչու են նորից մոռացել  հետիոտնային անցումների մասին, որոնք առաջնային պետք է լուսավորվեին։

«Հետիոտների տեսանելիության խնդիր կա։ Հետիոտնային անցումների անմիջապես եզրերը պետք է լուսավորվեն, ու այնպես, որ հեռվից վարորդները տեսնեն, որ հետիոտնային անցման վրա մարդ կա։ Հաճախ մոտենում ես վտանգավոր աստիճանի, նոր ես տեսնում, որ հետիոտնային անցում է։ Բալթյան երկրներում շատ հետաքրքիր լուծում են գտել։  Ամբողջ փողոցը դեղին լուծավորություն են արել, հորիզոնական կտրվածքով  հետիոտնային անցման վրա լուսավորությունը սպիտակ է։ Առնվազն 300 մետրից անցումը երևում է։ Մեզ մոտ մինչև հիմա հետիոտնային անցումների մասով քաղաքականություն չկա, եղած քաղաքականությունն էլ սխալ է վարվում»։

Խնդիրներից մեկն էլ, ըստ փորձագետի, լուսատուների բարձրությունն է։ Պետք է այնպես լուսավորեն ճանապարհները, որ ինքնանպատակ չլինի, նաև հասանելի լինի այդ լույսը, կարծում է Արտակ Խաչատրյանը։ Հուսով է՝ հաջորդիվ նաև հետիոտների անվտանգության մասին կմտածեն։

Back to top button