ԿարևորՀասարակություն

Հայտնի է, թե Շառլ Ազնավուրի որ քանդակը կկանգնեցվի շանսոնյեի անվան հրապարակում

Հայտնի է հայազգի մեծանուն երգիչ, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանի նախագծի հաղթող տարբերակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ ստացվել է 60-ից ավելի հայտ, իսկ ներկայացված մանրակերտերի տարբերակները գերազանցում էին 100-ը: Հաղթող քանդակի հեղինակը Դավիթ Մինասյանն է, ով 9 ձայնով առաջ է ընկել մնացած տարբերակներից, երկրորդ տեղը 2 ձայնով զբաղեցրել է Արմենակ Վարդանյանի քանդակը, որը խրախուսական դրամական պարգևի կարժանանա:

Ընտրող հանձնաժողովի կազմում 11-ն են եղել, այդ թվում՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամները, ոլորտի մասնագետներ՝ նկարիչներ, քանդակագործներ, ճարտարապետներ և այլք:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ անելու են հնարավորը, որ մինչև տարեվերջ հուշարձանը կանգնած լինի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

«Մենք ընդամենը կոնցեպտն ենք համաձայնեցրել, ընտրված տարբերակը մշակումներ կանցնի, որը կրկին հանրության ուշադրության կենտրոնում կլինի: Սա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված կարևոր կատարվելիք աշխատանքներից մեկն էր: Նա մեր ազգի համար շատ մեծ նշանակություն ունի: Նա իր արվեստով, երգերով մեր ընտանիքները, մանկությունն ու երիտասարդությունն է լցրել: Վստահ եմ, որ այս քանդակը իրապես արտացոլելու է այն էներգիան, որը Ազնավուրը իր կյանքի ընթացքում փոխանցել է մեզ»,- ասել է քաղաքապետը:

Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը շնորհակալություն է հայտնել բոլոր այն քանդակագործներին, որոնք մասնակցել են մրցույթին:

«Ես տեսնում եմ, որ բոլորն իրենց հոգին ու սիրտը ներդրել են իրենց գործերում: Դժվար էր ընտրությունը կատարել, բայց լիահույս ենք, որ այն ինչ ընտրել ենք, կարդարացնի մեր և հասարակության սպասելիքները: Մենք այս քանդակի միջոցով տեսնում ենք նաև հասարակությանը: Հայրս այս քանդակում մենակ չէ, այլ իր հասարակության հետ, որը շատ կարևոր է»,- ընդգծել է Նիկոլա Ազնավուրը:

Նա տեղեկացրել է՝ Ֆրանսիայում տեղադրվող քանդակի աշխատանքներն ընթացքի մեջ են: Սակայն առաջինը կբացվի Շառլ Ազնավուրի անունը կրող այգին, որը լինելու է Փարիզի կենտրոնում:

Back to top button