ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Էլեկտրոնային դեղատոմսով և անձնագրով կվաճառվի ավելի քան 450 անվանում դեղորայք

Մարտի 1–ից 470 անուն դեղ կվաճառվի էլեկտրոնային դեղատոմսերով։ Կառավարությանը ներկայացնելով նախագիծը, առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը նշել է, որ դեղատոմսը դուրս է գրվելու ազդող նյութով, այլ ոչ բրենդային անվանումներով, և բուժառուն հնարավորութուն կունենա ընտրելու ըստ իր ֆինանսական հնարավորության։ Դեղատան աշխատակիցը չի կարող որևիցե կերպ թե՛ քանակի, թե՛ չափաբաժնի փոփոխություն կատարել։ Էլեկտրոնային ղեղատոմսը հնարավորություն կտա տեսնել հետագծելիությունը, ստուգել դեղատոմս դուրս գրողի և դեղատան կապը։ Համակարգի ներդրման արդյունքում քաղաքացիները զերծ կմնան ինքնաբուժումից, նշանակված դեղամիջոցն այլ դեղով փոխարինելու ինքնուրույն որոշումից, դեղերի անհարկի կիրառումից։ 2025 թ–ի հունվարի 1–ից էլեկտրոնային դեղատոմսով դուրս կգրվի 2 566 անվանում դեղորայք։

Հակաբիոտիկ, հակասնկային, հակավիրուսային և այլ նշանակության 470 անվանում դեղեր մարտի 1–ից կվաճառվեն բացառապես էլեկտրոնային դեղատոմսով և միայն անձը հաստատող փաստաթղթով։ Կառավարության որոշմամբ՝ 2025 թ–ի հունվարի 1–ից էլ էլեկտրոնային դեղատոմսով կվաճառվի 2 566 անվանում դեղորայք։ Մնացածը դեղերն ազատ կվաճառվեն, քանի որ ներառված չեն պարտադիր դեղատոմսով դուրս գրվողների ցանկում։ Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանի հավաստիացմամբ՝ ենթակառուցվածքն ամբողջովին պատրաստ է նոր համակարգին։

«Նախագիծը մշակվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Շտկվել են իրենց կողմից ներկայացված մի շարք նկատառումներ։ Պիլոտի սկիզբը տրվել է հուլիսից, փուլ առ փուլ ներդրվել է սկզբնական կենտրոնացված գնումներով 12 հիվանդության համար 75 անվանում դեղերի համար։ Վեց ամիս առաջ ընդգրկվել է նաև անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե որ դեղերն են մտնում պարտադիր էլեկտրոնային դեղատոմսերի համակարգ։

Այսինքն՝ ամենօրյա գլխացավի կամ թեթև ջերմության դեղերի՞ մասին է խոսքը։

 –Կան դեղեր, որոնք այսօր էլ պետք է դեղատոմսով դուրս գրվեին, և կան, որ՝ ոչ։ Ամբողջը կախված է ազդող նյութերից և քանակից։

Հաշվի առնելով խոսակցությունները, որ բժիշկները հատուկ բրենդի դեղերին են նախապատվություն տալիս, վարչապետը նկատեց, որ անհրաժեշտության դեպքում Էլեկտրոնային ղեղատոմսը հնարավորություն կտա տեսնելու հետագծելիությունը, տուգելու դեղատոմս դուրս գրողի և դեղատան կապը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ հստակեցնում է.

-Եթե ճիշտ հասկացա, մենք մի քայլ ավելի ենք գնացել, ոչ թե դեղի անունն է գրվելու, այլ դեղանյութի: Եվ եթե այդպես է, ապա առհասարակ բժիշկը չի կարող ուղղորդել: Արդեն գնորդն է որոշում դեղանյութ պարունակող համապատասխան ակտիվության դեղը ի՞նչ անուն ունենա կամ ո՞ր արտադրողի կողմից լինի:

 — Դեղը դուրս է գրվելու ազդող նյութով, ոչ թե դեղի անվանումով: Քանի որ տվյալ ազդող նյութով կարող են 5-10 անվանումներով լինեն, բուժառուն հնարավորություն ունի ընտրելու, թե որն է ուզում՝ ըստ մատչելիության: Էլեկտրոնային դեղատոմսի դեպքում դեղատան աշխատակիցը չի կարող դոզայի կամ քանակի փոփոխություն կատարել, որն այսօր, ցավոք, նկատում ենք: Այստեղ մենք խզել ենք նաև կապը բժշկի հետ, որ չլինեն այդ ուղղորդումները,–պարզաբանեց փոխնախարարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց, որ այս համակարգով ևս մեկ կարևոր խնդիր է լուծվում։

«Երբ դեղատոմսը կապվում է իմ հիվանդության պատմության հետ: Եթե իմ անունով դուրս գրվեց ինչ-որ մի դեղ, որը կապ չունի իմ հիվանդության սիմպտոմատիկայի հետ, դա ահազանգ է»։

Դեղատոմսերի՝ էլեկտրոնային դառնալու արդյունքում քաղաքացիները զերծ կմնան ինքնաբուժումից, նշանակված դեղամիջոցն այլ դեղով փոխարինելու ինքնուրույն որոշումից, դեղերի անհարկի կիրառումից։ Համակարգը ոչ միայն վերահսկողություն, այլև հաշվետվողականություն կապահովի, համոզված են կառավարությունում։ Ավելին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ համակարգը ոչ միայն դեղատոմսի հետագիծը ցույց կտա, այլև կօգնի պարզելու բժշկական տեղեկանքի իսկությունը։

«Մեր համակարգում հատկապես նկատելի է, այսպես կոչված, բժշկական տեղեկանքների կշիռը որոշ իրավիճակներում, երբ խոսքը վերաբերում է սովորողների բացակայությանը կամ այնպիսի գործընթացներում, երբ ընդունելության քննության ժամանակ երբեմն բախվում ենք բժշկական տեղեկանքների հիմնավորման հետ կապված խնդիրներին, կարծում եմ՝ սա գալու է օգնելու նաև մեզ»։

Էլեկտրոնային դեղատոմսը գործելու է «Արմեդ» համակարգով, հետևաբար, բոլոր դեղատները պետք է ընդգրկվեն այս հարթակում։ Եթե բուժառուն անձը հաստատող փաստաթղթով չներկայանա, դեղատունը ոչ միայն իրավունք չունի համապատասխան դեղերը վաճառելու քաղաքացուն, այլև հասանելիություն չի ստանա դեղատոմսին։ Նախագծի հեղինակները կարծում են, որ էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումով դեղատոմսեր ստանալու հերթերը կնվազեն, իսկ ԲԿ-ներում բժշկական օգնության և սպասարկման որակը կբարձրանա:

Back to top button