
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Արմավիրի մարզի Քարակերտ համայնքն ամենաշատն է տուժել մարտի վերջին տեղի ունեցած ցրտահարությունից, որտեղ վնասվել է 200 հեկտարից ավելի ծիրանի այգի: Մասնավոր այգիները բոլորն էլ պատկանում են քարակերտցի այգետերերին, որոնք այժմ էլ ամեն ջանք գործադրում են ծիրանի այգիները պահպանելու համարը, որպեսզի հաջորդ տարի բերք ունենա: Տեղական հանձնաժողովների կազմած արձանագրությունների հիման վրա կառավարությունը 50 տոկոսով զիջելու է ոռոգման ջրի վարձավճարը, 100 տոկոսով` հողի հարկը:
Արմավիրի մարզի վնասված 83 համայնքներից ամենից շատը տուժել է Քարակերտը: Համայնքի գյուղատնտեսությունը անցած տարի էլ վնասել էր կրկնակի կարկտահարությունից, դրանից առաջ էլ կրծողներից, սակայն գյուղացիները հաստատակամ են իրենց որոշման մեջ և համառորեն պայքարում են այգիների պաշտպանության համար։ Քարակերտի գյուղապետ Մհեր Հարթենյանը տեղեկացրեց, որ համայնքում ցրտահարվել է 212 հա ծիրանի այգի, 15հա` սալորի, դեղձենին գրեթե չի վնասվել, խաղողն էլ` քիչ քանակությամբ:
Քարակերտցի Մանվել Բաղդոյանի ծիրանի 13 տարվա այգիները առանձնահտուկ խնամված են, էտն այնպես էին կատարել, որպեսզի բերք շատ տար, սակայն մարտի վերջին այգին ամբողջությամբ ցրտահարվեց: Գյուղատնտեսության մեջ ներդրումներն իրականացրել են տարբեր բանկերից վերցրած վարկերով: Այգետեր Մանվել Բաղդոյանը նշում է, որ աղետից տուժել են ոչ միայն իրենք, այլ նաև այն գյուղացիները, որոնք չունեն մշակովի հողեր և օրավարձով աշխատում են այգիներում:
Ցրտահարության վնասի դիմաց կառավարությունը զիջելու է հողի հարկն ու ոռոգման ջրի վարձավճարը, որի մասին գյուղացիները տեղեկացել են մամուլից, սակայն դա այնքան էլ չի հուսադրում նրանց` կորստի դիմաց չնչին գումար է: Քարակերտցի այգետիրոջ ցրտահարության կորուստները զգալի են, վերցրած վարկերի տոկոսադրույքները` մեծ։ Նա առաջարկեց իջեցնել երկարաժամկետ վարկերի տոկոսի չափը, դժգոհեց թունաքիմիկատների որակից, իսկ որպեսզի գյուղացին չհրաժարվի հողից՝ պետք է կառավարության ուշադրությունը։
Մի քանի տարի առաջ Քարակերտի այգիները կրծողների զոհ դարձան: Մանվել Բաղդոյանն ուներ պայքարի իր ձևը, որն ավելի ծախսատար էր. նա մետաղական ցանցեր է անցկացրել ծառերի բներին, բուժել է և ջրատար ցիստեռնով ոռոգել: Այժմ էլ գիշեր-ցերեկ ծիրանի այգում է, երեխայի պես խնամում ու հոգ է տանում։




