ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ՀԾԿՀ և ՄՊՀ նախագահները վերընտրվել են․ ընդդիմությունը բոյկոտել է քվեարկությունը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահները վերընտրվել են իրենց պաշտոններում։ Երկու թեկնածուներին էլ՝ Գարեգին Բաղրամյանին ու Գեղամ Գևորգյանին առաջադրել էր կառավարությունը։ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67 –ը, բոլորը կողմ եմ քվեարկել: Ընդդիմությունը բոյկոտել է քվեարկությունը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի ընտրության հարցի քննարկումները մեկնարկել էին փետրվարի 28-ին։ Կառավարության կողմից այս պաշտոնում առաջադրված՝ հանձնաժողովի գործող նախագահ Գարեգին Բաղրամյանը հանդես էր եկել ելույթով ու պատասխանել պատգամավորների հարցերին։

Գարեգին Բաղրամյանն իր ելույթում առանձնացրել էր էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման մասով իրականացված աշխատանքները: Ըստ նրա՝ ռեֆորմը կարևոր ազդակ է միջպետական առևտրի խթանման համար։

«Շուկայի մեկնարկից ի վեր Վրաստանից ներկրվել է շուրջ 180 միլիոն կիլովատ/ժամ, իսկ արտահանվել` 510 միլիոն, ինչը շուրջ 10 անգամ գերազանցում է շուկայի մեկնարկին նախորդած 10 տարիների միջին տարեկան ցուցանիշը: Միջպետական առևտրի ներուժը հնարավոր կլինի ամբողջությամբ օգտագործել Հայաստան-Վրաստան նոր ենթակառուցվածքի գործարկման արդյունքում»:

Ներդրումներն այն կարևորագույն գործոններից են, որոնք անհրաժեշտ են համակարգի արդիականացման, սպառողներին հուսալի ու անվտանգ ծառայություն մատուցելու համար, նշել է Բաղրամյանը, պատասխանելով ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի՝ կապիտալ ներդրումների վերաբերյալ հարցին: Ըստ Արշակյանի, նույնիսկ անզեն աչքով նկատելի է` շինարարական աշխատանքները շատ տեղերում չեն համապատասխանում որակին: 

«Վերջին տարիներին հիմնական ներդրումները, որ իրականացնում են մատակարար ընկերությունները, մինչև սակագնում ներդրվելը ենթարկվում են տեխնիկական աուդիտի: Աուդիտի տեխնիկական առաջադրանքում ներառված է՝ ուսումնասիրել բոլոր շինարարական աշխատանքները և ձեռք բերվող ապրանքների և սարքավորումների գները, կատարվում է նաև շուկայական արժեքի ուսումնասիրություն, որպեսզի գնահատվի նաև արդյունավետությունը, ինչպես նաև գնահատվի՝ ինչքանով է համապատասխանում այդ ներդրումը լիցենզավորված գործունեությանը»։

Վերջին շրջանի ամենաքննարկված գործարքներից էր «ՄՏՍ Արմենիա» ընկերության վաճառքը: Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը 20 տոկոսին համարժեք՝ 110 հազար բաժնետոմս է նվիրել Հայաստանի կառավարությանը։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցը գործարքի մանրամասներին էր վերաբերում։

-Նախ դիմել են, համաձայնություն չեք տվել։ 6 ամիս հետո կրկին դիմել են ու համաձայնվել եք։ Հետո հանկարծ պարզվում է, որ այս ընկերությունն իր բաժնետոմսերի մի «չաղլիկ» փաթեթ նվիրում է կառավարությանը։ Սպասու՞մ էիք, որ ընկերությունը նման շռայլ նվեր է անելու։

-Հանձնաժողովը լիցենզավորում է այս ընկերություններին, և իրենք պարտավոր են հետևել լիզենզիայի պայմաններին՝ անկախ նրանից, թե ով է բաժնետերը։ Մենք խստագույնս հետևում ենք դրան։ Ինչ վերաբերում է գործարքին համաձայնություն տալուն, ապա ասեմ, որ էլեկտրոնային հաղորդագրության մասին օրենքը ունի կարգավորում, ըստ որի մենք ներկայացնում ենք լիազոր մարմին՝ ԱԱԾ-ին, որն էլ գնահատում է գործարքի անվտանգության և պետական շահին վնասելու կոմպոնենտները։ Առաջին անգամ տրվել է բացասական եզրակացություն, ինչի պատճառով մերժվել է գործարքը։ Երկրորդ անգամ ենթադրում եմ, որ խնդիրներն ու պահանջները լրացվել են, և տրվել է դրական եզրակացություն։

Խորհրդարանը նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ  ընտրեց։ Կառավարությունն այս պաշտոնում առաջադրել էր գործող նախագահ Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։ Գևորգյանն իր ելույթում ներկայացրել էր 2019-2023 թթ. հանձանաժողովի գործունեության հաշվետվությունը, նշել, որ 2023-ին, օրինակ, պետական մարմինների հակամրցակցային գործողությունների նկատմամբ վարույթների քանակը եղել է 11: Ինչ վերաբերում է անբարեխիղճ մրցակցությանը, կրկնակի վարույթների, պատասխանատվության միջոցների և տուգանքների քանակն ավելացել է:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հարցը վառելիքի շուկային էր վերաբերում: Պատգամավորը հետաքրքրվում էր՝ ի՞նչ դինամիկա կա վերջին տարիներին վառելիքի շուկայում որակի լավարկման իմաստով:

«Վառելիքի շուկայում առաջին ուսումնասիրությունը սկսել ենք 2019 թվականին: Որոշակի խնդիրներ հայտնաբերվեցին, որի շրջանակում նույնիսկ քրեական գործ կա: Շատ բան չհաղորդեմ՝ կապված վարույթի գաղտնիության հետ, բայց ՀՀ վառելիքը ներմուծվում է հիմնականում Ռուսաստանից՝ որպես ԵԱՏՄ ապրանք, և ավելի քիչ ծավալով՝ եվրոպական երկրներից: Հիմա մտածում ենք՝ տնտեսվարողների հետ լաբորատոր կարողություններ ձևավորել սահմանային անցման կետերում, որը մշտապես կհսկի ներմուծվող վառելիքի որակական չափանիշի համապատասխանությունը այն ստանդարտներին, որը կա Հայաստանում»:

«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանի հարցին, թե ինչու է Հայաստանում բենզինը ԵԱՏՄ երկրների համեմատությամբ թանկ, Գևորգյանը պարզաբանել է՝ Ռուսաստանում, Բելառուսում բենզինն էժան է, որովհետև ունեն ներքին շուկայի սուբսիդավորում: Իսկ թե ինչու է բենզինի գինը տատանվում, նշում է՝ պատճառն այն է, որ ՄՊՀ-ն գործ է հարուցել դեմպինգի համար, որովհետև այդ ժամանակ ՌԴ-ում բենզինն ավելի թանկ էր վաճառվում, քան Հայաստանում: 

«Բենզինի քանակը Հայաստանում ընդամենը 250 հազար տոննա է, և անկեղծ՝ վերաբերում է շատ ավելի սահմանափակ թվով քաղաքացիների, քան դրա մասին անընդհատ խոսում ենք: Այս պահին ունենք բենզինի հետ կապված ընթացիկ գործ, կարծում եմ՝ մեկ ամսից կավարտվի, և արդյունքները կտեսնեք: Շուտով կհրապարակենք բենզինի գնագոյացման մեխանիզմը, արդեն տնտեսվարողների հետ ունենք համաձայնություն, որովհետև կա առևտրային գաղտնիքի կոմպոնենտ»։

Այսպիսով՝ Գարեգին Բաղրամյանն ու Գեղամ Գևորգյանը վերընտրվեցին իրենց պաշտոններում։107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67–ը, բոլորը կողմ են քվեարկել: Ընդդիմությունը, սակայն, բոյկոտել է քվեարկությունը։

Back to top button