ԿարևորՌեպորտաժներՍպորտ

Որքա՞ն են «կշռում» մեդալները․ հետհայացք սպորտային հաջողություններին

30-ին ավելի մեդալ՝ տարվա երրորդ ամիսը դեռ չմեկնարկած։ Աշխարհի ու Եվրոպայի՝ տարբեր մարզաձևերի առաջնություններում հայ մարզիկների գրանցած հաջողություններն այնքան խիտ էին, որ շփոթություն էին առաջացնում։ Հաղթանակներին կարոտած հանրությունը սպորտային հաջողությունն ազգային հպարտությամբ էր ընդունում։ Սակայն ոլորտի մասնագետները սթափեցնում են՝ հաղթանակները կարևոր են, սակայն մեդալների կշիռն ու նշանակությունը գնահատելիս հիմնականում սխալվում ենք։

Թող մարզիկների պարանոցին ոսկե մեդալի ծանրությունը լինի, ոչ թե ուսերին՝ պատմական արդարությունը վերականգնելու․ սա մարզական համայնքի, սպորտը որպես հենց ու միայն սպորտ ընկալողների ցանկությունն ու խնդրանքն է՝ ուղղված բոլոր այն մարդկանց, որոնք հերթական մարզիկի «ձեռամբ» բարձրացած եռագույնը ազգային հաղթանակ են համարում։

Սպորտային կարատե- ոսկի,
հունահռոմեական ըմբշամարտ- 2 ոսկի, 1 բրոնզ,
ազատ ոճի ըմբշամարտ- 2 ոսկի, 1 բրոնզ,
Ծանրամարտ- 26 մեդալ, այդ թվում երկամարտից՝ 3 արծաթ, 3 բրոնզ
Մարմնամարզություն- ոսկի։

Մեդալային այս բազմազանությունը կարող էր գլխապտույտ առաջացնել։ Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանի կարծիքով՝ այդպես էլ պատահեց, ու մենք մեդալներին այլ կշիռ ու նշանակություն տվեցինք։

«Վերջին շրջանում մենք ավելի շատ մեր հաղթանակի կարիքը բավարարելու համար ենք մարզիկների այս հաղթանակները արժևորում ու նկատում։ Դա շատ ցավալի է։ Իրենց վրա էլ, այո, ազդում է իհարկե։ Հիմա իրենք էլ են սկսել պայքարել հաղթանակի համար, որ նվիրեն ինչ-որ մեկին, ցավոք՝ հաճախ ինչ-որ մեկի հիշատակին, բայց պետք է թողնել, որ նրանք իրենց մարզական նվաճումները կատարեն այնպես, ինչպես ժամանակին եղել է»։

Սա էմոցիոնալ վրիպումն է։ Բայց, Քալանթարյանի կարծիքով, մենք շատ ազնիվ չենք նաև մեդալների մարզական կշիռը գնահատելիս։

«Հասկանո՞ւմ եք, հարաբերական է էս ամենը․ նայած մենք ոնց ենք դիտարկում՝ մեդալների քանակը համարում ենք նվաճո՞ւմ, թե՞ պետք է խորանանք, հասկանանք՝ որ մեդալը ինչ արժեք ունի։ Որովհետև բոլոր մրցաշարերը չեն, որ եթե դու այնտեղ հաղթում ես, ուրեմն ուժեղագույնն ես, ու արդեն տարվա սկզբում հերոսություն ես արել ազգի համար։ Խոսքը կոնկրետ ըմբշամարտի ու ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների մասին է․ Աշխարհի ուժեղագույն մարզիկները  հանդես չեն գալիս Եվրոպայում, որոշ քաշային կարգերում՝ այո, բայց ոչ բոլորում։ Ուժեղագույնն ես, երբ հաղթում ես բոլոր ուժեղագույններին։ Այդ տեսանկյունից ասել, որ մենք այսքան մեդալ նվաճեցինք․․․ Այո, հաճելի է, այո, շատ լավ է հնչում։ Բայց ամեն ինչ ցույց կտան Փարիզի օլիմպիական խաղերը»։

Քալանթարյանը շեշտում է՝ խոսքը բնավ մարզիկների սպորտային հաջողություններն արժեզրկելու մասին չէ։ Պարզապես պետք է հաշտ լինել այն մտքի հետ, որ որոշ մարզաձևերում հայ մարզիկներն արդեն իսկ շատ բարձր նշաձող են սահմանել և, օրինակ, Արթուր Ալեքսանյանի համար ոչ թե Եվրոպայի առաջնությունում հաղթելն է հաջողություն, այլ պարտվելը ձախողում կլիներ։

Բոլոր հաղթանակները կանխատեսելիից շքեղ տոնելու ազգային մղումը, ըստ Հայաստանի հոգեբանների միության նախագահ Հրանտ Ավանեսյանի, շատ տեսանելի հիմք ունի․ մենք փորձում ենք պարպել հաղթանակի ծարավը։ Սա, ասում է, ազդում է նաև մարզիկների վարքի վրա։

«Ցանկացած մարզիկ նաև հասարակության անդամ է, ինքը գտնվում է էս բոլոր գործընթացների մեջ, և մեր իրավիճակն ավելացնում է ազդեցությունը, որն ուղղակի երևում է նաև հոգեբանական պատրաստության մակարդակում։ Ավելանում է ևս մեկ գործոն դեպի հաղթանակ գնալու։ Ես այստեղ կգնահատեի նաև մարզչական կառավարման հմուտ մոտեցումը, այստեղ նուրբ հատված կա․ գերցանկությունը կարող է բերել նաև բացասական արդյունքի՝ այ հաղթեմ ադրբեջանցուն, թուրք մարզիկին, որ ինչ-որ բան ապացուցեմ»։

Եթե իրենից կամ հասարակությունից ստացած էներգիան մարզիկն ընկալում է որպես հաղթելու և ոչ թե կոնկրետ ինչ-որ մեկին հաղթելու ազդակ, ապա հաջողության շանսերը մեծանում են՝ կարծում է հոգեբանը։ Սպորտային մեկնաբանը այստեղ ևս խնդիր է տեսնում․ սպորտային հաղթանակի մոտիվացիան ոչ թե ազգային էգոն շոյելը, այլ սպորտում առաջատար դառնալը պիտի լինի։

«Ընդհանրապես չեմ սիրում, երբեք չեմ սիրել, երբ սպորտը խառնել են այլ երևույթների հետ, հիմնականում քաղաքականացրել են, պետք է տարանջատել։ Մարզական նվաճումները թող լինեն մարզիկների անձնական ու թիմային նվաճումները, մենք էլ՝ որպես նրանց հայրենակիցներ, իհարկե, ուրախանանք իրենց համար։ Բայց թող չլինի դա պարտադիր մի բան, որ մնացել են էս մարդիկ, որ մեզ ուրախացնեն»։

Ծանր աշխատանքով իրենց վստահված դրոշը բարձր պահողների կյանքն ավելի մի ծանրացրեք՝ հորդորում են մարզաշխարհի ներկայացուցիչները աշխարհում լավագույնը լինելը փաստող մեդալների սպասելով։ Իսկ տարեսկզբի մեդալային հրավառությունը օրինաչափ են համարում։ Սա ընդամենը սահմանած նշաձողի ստորին շեմն է։

Կարդացեք նաև
Close
Back to top button