ԿարևորՍպորտ

Ֆրանսիայի Անտոնի քաղաքի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Փետրվարի 26-ին, 2024թ․ Փարիզի օլիմպիական խաղերին ընդառաջ, Ֆրանսիայի Անտոնի քաղաքի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Այս հուշագրով Անտոնի քաղաքը պատրաստակամություն է հայտնում Օլիմպիական խաղերին ընդառաջ և դրանց ընթացքում ընդունել հայ մարզիկներին՝ վերջիններիս տրամադրելով նաև քաղաքի սպորտային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն։

Հուշագիրը ստորագրել են Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենան, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը։

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողության կապակցությամբ իր ելույթում դեսպանության ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Անտոնի քաղաքին, ի դեմս քաղաքապետ Սենանի, մշտապես Հայաստանի և հայ ժողովրդի կողքին լինելու համար, ինչի վառ վկայությունն է արդեն շուրջ երեք տարի Անտոնիի քաղաքապետարանի առջև ծածանվող ՀՀ դրոշը։ Նա կարևորել է Անտոնիի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը, ինչը Հայաստանի և Անտոնի քաղաքի միջև ջերմ կապերը համալրում է նաև մարզական բովանդակությամբ։

Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել Անտոնիի փոխքաղաքապետ Վենսան Նեհմեն, քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսիայի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի ներկայացուցիչներ։

Կարդացեք նաև

Back to top button