ԿարևորՀասարակություն

Դավիթ Բալայանը չընտրվեց ՍԴ դատավոր

Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Դավիթ Բալայանին խորհրդարանն այսօր չի ըտրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Մեկ ժամից ավելի տևած քննարկումներից հետո գաղտնի քվերակությանը 107 պատգամավորներից մասնակցել է միայն 32-ը։ Նրանք կողմ են քվեարկել, սակայն ձայների քանակը բավարար չի եղել ընտրվելու համար։

ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում ինքնաառաջադրվել էին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քերական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը և վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանը: Վճռաբեկ դատարանի դատավոր Լիլիթ Թադևոսյանի խոսքով՝ գաղտնի քվեարկությամբ Դատավորների ընդհանուր ժողովն այս պաշտոնում ընտրվելու համար առաջադրել է Դավիթ Բալայանի թեկնածությունը։

 «Ընտրությունն իրականացվել է գաղտնի քվեարկությամբ, որի արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել է 100 դատավոր, Դավիթ Բալայանի թեկնածությանը՝ 158 դատավոր, իսկ Արմեն Ներսիսյանի թեկնածությանը՝ 12 դատավոր: Արդյունքում Դատավորների ընդհանուր ժողով կողմից ՀՀ ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Կիմի Բալայանը»։

Դատավորների ընդհանուր ժողովի մեծամասնության կողմից առաջդրված թեկնածուն, սակայն, ԱԺ-ի կողմից չընտրվեց։ Փակ, գաղտնի քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցեց ընդամենը 32-ը: Նրանք թեև կողմ էին քվեարկել, սակայն ձայների քանակը բավարար չէր ընտրվելու համար։

Քաղաքական հայտարարություն թեև չեղավ, բայց քվեարկությունը բոյկոտեց խորհրդարանական մեծամասնությունը։ Դիրքորոշման շուրջ որոշ ակնարկներ կային ելույթներում։

Բարձր պրոֆեսիոնալիզմ, ապաքաղաքական մոտեցում, ծայրահեղ բարեվարքություն՝ այս հատկանիշներն է ՍԴ-ի դատավորից ակնկալում ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդնայանը։ Նրա խոսքով՝ բոլորն էլ պետք է հասկանան՝ այն անձը, որը հավակնում է ՀՀ անունից իրականացնել սահմանադրական արդարադատություն, և, ըստ էության, շատ կարևորագույն հարցերի դեպքում իրավական վերջակետ դնել, պետք է օժտված լինի անվիճարկելի չափանիշներով:

«Գուցե մեր թերացումներից մեկն է, որ մենք դատավորների ընդհանուր ժողովին չենք ներկայացրել, թե մենք ինչ որակներ ենք պահանջում ՍԴ դատարանի դատավորից, որպեսզի դատավորների ընդհանուր ժողովն էլ համապատասխան որոշում կայացնի, հակառակ դեպքում ինստիտուցիոնալ անհարգանքը շարունակվելու է»։

Ինստիտուցիոնալ հարգանքի վերաբերյալ Վլադիմիր Վարդանյանին ի պատասխան Դավիթ Բալայանը նշեց, որ իր կարծիքով դատական իշխանության հետ փոխադարձ հարգանքը «մեսիջներով» չպետք է արտահայտվի:

«Իմ աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ չեմ դիմել Սահմանադրական դատարան, իմ կողմից կատարված որոշումները մեկնաբանել եմ սահմանադրական լույսի ներքո: Ինչ վերաբերում է ինտիտուցիոնալ հարգանքին, կարծում եմ, որ դատական իշխանության հետ փոխադարձ հարգանքը «մեսիջներով» չպետք է արտահայտվի։ Չհասկացա՝ դուք ինչու եք կասկածի տակ դնում իմ մասնագիտական գիտելիքները։ Նշում եք ավելի բարեվարք թեկնածու, բայց գուցե դուք ծանոթ չեք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար իմ թեկնածությանը՝ առանց որևէ վերապահման»։

Այսպիսով, ՍԴ-ի դատավորի պաշտոնը թափուր մնաց։ Բարձրագույն դատական մարմինն այսդ տեղի համար խորհրդարանին պետք է նոր թեկնածություն առաջադրի։

Կարդացեք նաև
Close
Back to top button