ԿարևորՀասարակություն

Համայնքի բյուջեն համալրելու դեպքում Ֆերիկ գյուղը 20 տոկոս մասնաբաժնով կմասնակցի սուբվենցիոն ծրագրերին

Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ գյուղը տեղական բյուջեի սղության պատճառով սուբվենցիոն ծրագրերին դժվարանում է մասնակցել: Գյուղացիների մի մասն ապրում է Ռուսաստանում, հարկերը չեն հավաքվում, բյուջեն դժվար է համալրվում: 2023թ Ֆերիկի համայնքային բյուջեն կատարվել է 47 տոկոսով: Կառավարությունն ազգային փոքրամասնություն ունեցող համայնքների համար սուբվենցիոն ծրագրերի մասնակցության արտոնություններ է սահմանել:

Ֆերիկում գյուղատնտեսական նշանակության հողերը 128 հա են, արոտավայրերը՝ 205 հա, որը տարիներ առաջ օտարվել է, և հիմա խնդիրը վիճարկվում է դատարանում: Բնակիչները հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Ձմռանը գյուղացիների եկամուտը անասնապահությունից է, ամռանը՝ հողից. թարխուն, կարտոֆիլ, վարունգ ու լոբի են ցանում:

«Մենք մայիսին թարխունը սածիլում ենք,  հաջորդ տարվա մայիսին, այսինքն՝ այս տարի վաճառում: Մի տարի է մնում, ապրիլին  էտում  ենք, ջրում, քաղհան անում, պարարտանյութ ենք տալիս, սրսկում»:

Բաց դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներն ավելի վաղ են սկսում, մարտին պոլիէթիլենային թաղանթների տակ սկսում են վաղահաս կարտոֆիլի մշակությունը: Գյուղացիներն ասում են, որ ավելի շատ եկամուտ ստանում են  կարմիր լոբու վաճառքից: Եկամուտ ունեն նաև անասնապահությունից: Գյուղում հաշվառված է  265 գլուխ խոշոր և շուրջ 1000 գլուխ մանր եղջերավոր անասուն: Սակայն համայնքի բյուջեն դժվարությամբ է համալրվում: Ֆերիկ համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանն ասում է, որ հիմնական պարտքը հողի հարկի գծով է:

«2023թ. բյուջեն լավ չենք կատարել՝ 47 տոկոս: Համայնքում ապրող գյուղացիները վճարում են, իսկ ովքեր հիմա ապրում են Ռուսաստանում, չեն վճարում: Մենք տեղեկացրել ենք իրենց, որ հողի հարկի պարտքերն ամբողջությամբ մարեն: Գույքահարկի գծով պարտքեր չկան, միայն մեքենաներն են, որի գումարը կազմում է 166 հազար դրամ, վճարում են»:

Բյուջեի սղության պատճառով Ֆերիկ եզդիական համայնքը չի կարողանում մասնակցել սուբվենցիոն ծրագրերին: Միայն 2022թ.-ին մարզի մյուս համայնքների օժանդակությամբ գյուղի 6 փողոցներում գիշերային լուսավորություն է անցկացվել: Եզդիական համայնքի միակ բարերարի աջակցությամբ Եվրասիական զարգացման բանկի  «Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագրով գյուղում անցկացվել է 2250մ ոռոգման  կիսախողովակային ցանց, սակայն ոռոգման խնդիրը մնում է չլուծված: Ռուստամ Հասանյան.

«Ոռագման հետ կապված ունենք  կիսախողովակների տեղադրման խնդիր՝ մոտ 3000 մ, քանի որ ջրի կորուստը մեծ է: Մեր հողերը 2-րդ և 4-րդ կարգի են: 4-րդ կարգի հողերն անջրդի են, այդ հատվածում նախատեսել ենք կիսախողովակների տեղադրում, իսկ 2-րդ կարգի հողերում արտեզյան խորքային հորի պահանջ ունենք»:

Ոռոգման խնդիրը համայնքը որոշել է լուծել՝ մասնակցելով հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերին: Այս տարի առաջնահերթություն է տրվել խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և ոռոգման ցանցի բարեկարգմանը՝ պետության 65-75 տոկոս մասնաբաժնով: Կառավարությունը ազգային փոքրամասնությամբ համայնքերի համար ևս մեկ արտոնություն է սահմանել՝ տեղեկացնում է Արմավիրի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը։

«Բոլոր ոլորտների պետական բյուջեի մասնաբաժինը ավելանում է 15 տոկոսով: Եթե մանկապարտեզի ծրագիր ներկայացնեք, ապա պետությունը կտա արժեքի 80 տոկոսը, համայնքին թողնելով՝ 20 տոկոսը: Ոռոգման, խմելու ջրի դեպքում՝ դարձյալ 20 տոկոս է ներդնելու համայնքը»:

Ֆերիկում պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է ասֆալտապատել Հայթաղ գյուղից մինչև Ֆերիկի մշակույթի տան բակը: Անցած տարի են չափագրումներն արել ու նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմել: Գյուղում մշակույթի տուն չկա, շենքը հին է, վթարային ու երկար տարիներ չի գործում՝ ասում է համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանը:

«Կառավարությունը նախատեսել է, որ օգնեն ու մշակույթի տուն կառուցեն պետական բյուջեի միջոցներով: Մշակույթի տունը գործել է մինչև 1990թ.-ը, ունեցել ենք պարի, նկարչական  խմբակ, գրադարան, իսկ հիմա ոչ մի բան չունենք»:

Բնակիչները ցանկանում են աշխուժացնել գյուղի  մշակութային կյանքը։

«Երգի-պարի խմբակ լիներ, մի խաղահրապարակ, երիտասարդների համար ժամանցի վայր, որտեղ երեկոյան կկարողանանք 1-2 ժամով հավաքվել, իրար տեսնել»։

«Ամեն դեպքում յուրաքանչյուր ազգ պետք է ունենա իր երգ ու պարի խումբը, թատերական խումբը, նույնիսկ ֆիմեր, բայց, ցավոք, չունենք»:    

2025թ սուբվենցիոն ծրագրով Ֆերիկ համայնքը որոշել է հայտ ներկայացնել նաև մշակույթի տան բակում խաղահրապարակ ունենալու համար: Ծրագրերի իրականացման նպատակով ակնկալում են համայնքային բյուջեի լիարժեք համալրում: Գյուղը չունի նաև համայնքապետարանի շենք. անվճար օգտագործում են  բնակիչներից մեկի առանձնատունը:

Back to top button