
Մերգելյանի այգում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները: Շուրջ 5000 քմ
տարածք զբաղեցնող հանգստի գոտին կվերագտնի իր երբեմնի նշանակությունն ու
կառանձնանա նոր լուծումներով:

Ճեմուղիներ, նստարաններ, խաղահրապարակ ու մարզահրապարակ, շատրվանային
համալիր, մանկական զարգացման կենտրոն. տասնամյակներ շարունակ տարատեսակ
կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին
հիմնովին կփոխվի:
Վերակառուցման նախագծի շրջանակում այգու կանաչ գոտին կընդլայնվի, կտնկվեն
նոր՝ շուրջ 70 արժեքավոր և երիտասարդ ծառեր:
Մերգելյանի այգու հիմնանորոգման նախագիծն, ի դեպ, առաջիններից էր, որ
«Ակտիվ քաղաքացի» հարթակում դրվեց հանրային քննարկման: Արդյունքում, հաշվի
առնելով բնակիչների դիտարկումներն ու առաջարկները, նախնական նախագծերը
փոխվեցին, և ընտրվեց նոր՝ ավելի կանաչապատ տարբերակը։




