Ադրբեջանի նկատմամբ սանկցիաները գուցե արդարացի են, բայց կխանգարեն խաղաղությանը. Բունդեսթագի պատգամավոր
Գերմանիան պատրաստակամ է աջակցելու թե տարածաշրջանում խաղաղության գործընթացին, թե Հայաստանում ընթացող բարեփոխումներին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը։ Նրա ղեկավարած պատվիրակությունը փետրվարի 24-ից Հայաստանում է։ Հանդիպումներ են ունեցել օրենսդիր, գործադիր և դատական ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Գերմանիայի պատվիրակությունը նաև միացել է ԵՄ դիտորդներին՝ ավելին իմանալու առաքելության գործունեության և աշխատանքի մասին։ Բունդեսթագի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահը ասուլիսում ամփոփել է այցի արդյունքները և պատասխանել լրագրողների հարցերին։
Գերմանիայի դեսպանն է ողջունում լրագրողներին, ներկայացնում Գերմանիայից ժամանած հյուրին ու նրա՝ Հայաստան գալու նպատակը։
Գերմանիան պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ վստահեցնում է Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը:
«Մենք Գերմանիայում մեծապես ուրախ կլինեինք՝ նպաստելու այս տարածաշրջանում կայուն խաղաղության ձևավորմանը։ Գերմանիան դրական է գնահատում նաև հայկական կողմի ջանքերը՝ ուղղված արևմտյան ժողովրդավարական արժեքների որդեգրմանը։ Ուստի, պատրաստակամ ենք գերմանական կողմից մեր աջակցությունը ցուցաբերելու ինչպես խաղաղության գործընթացին, այնպես էլ բարեփոխումների ընթացքին, որոնք տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում»:
8 ամիս շարունակ Բաքուն հրաժարվում էր արևմտյան հարթակներում Երևանի հետ բանակցելուց, սակայն, նախօրեին պարզ դարձավ, որ արտգործնախարարները փետրվարի 28-ին և 29-ին հանդիպելու են Բեռլինում։ Ի՞նչ է փոխվել՝ Բունդեսթագի պատգամավորից հետաքրքրվեցին լրագրողները։
«Կուզենայի արդեն իսկ եղած լինել Ադրբեջանում, որ կարողանայի հարցին ավելի սպառիչ պատասխանել՝ այն առումով, որ կարող էի հասկանալ Ադրբեջանի դիրքորոշումը։ Այսինքն, ես չգիտեմ, թե ինչ է փոխվել նրանց դիրքորոշման մեջ։ Կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք հաստատակամ լինել՝ երկու կողմերին էլ առաջարկելու հնարավորություն՝ մեզ մոտ ստեղծելու շրջանակ, որը կարող էր թույլ տալ առաջ մղել խաղաղության գործընթացը»։
Գերմանական պատվիրակության այցը տարածաշրջանային է։ Լինելու են նաև Վրաստանում և Ադրբեջանում։
Արձագանքելով արցախցիների բռնի տեղահանմանը, այդ ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացրած խոշտանգումներին վերաբերող լրագրողների հարցադրումներին՝ Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերն արձագանքեց՝ ես մի երկրից եմ, որտեղ անհնար է պատկերացնել որեւէ էթնիկ խմբի տեղահանում։
Նրա խոսքով՝ Միջազգային քրեական դատարանը կարող է և ունի գործիքակազմ որոշում կայացնելու ինչպես պատերազմական հանցագործությունների, այնպես էլ գերիների վերադարձի հետ կապված։ 2023 թվականին արցախցիների բռնի տեղահանում, դրան նախորդող ամիսներին շրջափակում և ադրբեջանցիների կողմից տեղահանվող արցախցիների նկատմամբ խոշտանգումներ, սրանից բացի, այլևս ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, որպեսզի Արևմտյան երկրները որոշեն պատժամիջոցներ կիրառել վերջինի նկատմամբ: Այս ուղիղ հարցն էլ Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահին հասցեագրվեց։
«Կարծում եմ, որ խաղաղության գործընթացի այս փուլում պետք է կարողանանք հանդես գալ որպես ազնիվ գործընկեր և աջակցող կողմ: Կարծում եմ, որ մեր այդ գործառույթով պետք է կարողանանք նպաստել խաղաղության հաստատման գործընթացի հանգուցալուծմանը, որը հենց Հայաստանի շահերից է բխում»։
Վինքելմայեր-Բեքերն ասաց նաև, որ թեև արդարացի են այն փաստարկները, որոնք բերվում են՝ հնարավոր սանկցիաներ կիրառելու առումով, բայց, կարծում է, որ այս փուլում պատժամիջոցները կխանգարեն խաղաղության գործընթացի արդյունավետ ընթացքին։