ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Խաղային ոլորտը կվերահսկվի էլեկտրոնային համակարգով, մասնակցությունը կսահմանափակվի

Հայաստանում ներդրվող էլեկտրոնային կառավարման համակարգը թույլ կտա մեծացնել խաղային ոլորտի վերահսկողությունը և ստանալ ամբողջական տեղեկատվություն իրական շրջանառության մասին: Նոր համակարգով կսահմանափակվի նաև մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ կառավարության աջակցության ծրագրերից օգտվողների մասնակցությունը շահումով խաղերին: «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և կից նախագծերում առաջարկվող փոփոխությունները քննարկվել են Ազգային ժողովում։

Հայաստանում առաջին անգամ կներդրվի համակարգ, որը հնարավորություն կտա թվային գործիքներով վերահսկել խաղային բոլոր տեսակների նկատմամբ օրենսդրական պահանջները՝ թե սպառողների շահերի պաշտպանության, թե ֆիսկալ հսկողության տեսանկյունից։ Ներդրվող էլեկտրոնային համակարգը մի քանի խնդիր կլուծի՝ մանրամասնում է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Էլեկտրոնային համակարգի ներդնումը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի, ծրագրային միջոցների, տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիթորինգային կենտրոնին։ Համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին, ունենան համապատասխան սերտիֆիկատներ։ Համակարգը կապահովի ոլորտի թափանցիկությունը, կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողությունը, իրական շրջանառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանություն»։

Փոփոխություններով հստակեցվում են նաև խաղային տարբեր տեսակների հասկացությունները, արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը և գովազդումը ՀՀ տարածքում։ Գործելու են նաև խաղին մասնակցելու սահմափակումներ ՀՀ քաղաքացիների համար։ Օրինակ՝ այն անձանց շրջանակը, ովքեր օգտվում են պետական բյուջեից ֆինանսավորվող աջակցության որևէ ծրագրից։ Նախագծերի փաթեթով կարգավորվում են նաև սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից մի շարք հարաբերություններ։

«Եթե խաղային արտադրանքը ենթադրում է որոշակի ժամանակահատվածում որոշակի տոկոսով հավանական շահումների ստացում, ապա դա պետք է վերահսկելի լինի ինչպես օպերատորին, այնպես էլ վերահսկող մարմնին, այս դեպքում՝ ՊԵԿ-ին։ Սա հնարավոր է լինելու թե սերտիֆիկացման, թե խաղային արտադրանքների նկատմամբ հսկողություն իրականացնելու միջոցով»։

2017-2022 թթ-ին բուքմեյքերական ընկերությունների կողմից ընդունված խաղադրույքների ծավալը գնալով բազմապատկվել է։ Ըստ ֆինանսների նախարարության տարածած տվյալների՝ 2017-ին այդ թիվը կազմել է 138.5 միլիարդ դրամ, իսկ 2022-ին այն հատել է 4.2 տրիլիոնի սահմանը։ Ի՞նչ հստակ գործիքակազմեր են կիրառվում այս թվերի նվազեցման ուղղությամբ՝ հարցնում է պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Նախ՝ պետք է հասկանանք, թե որքան գումար է լիցքավորվել հայկական քարտերով, որքանը՝ արտասահմանից։ Այդպիսի խորքային վերլուծությունը թույլ կտա իրապես պատկերացում ունենալ խաղամոլության տարածման շրջանակների և մեր թիրախային պայքարի մասին։ Ինչպե՞ս է այս հարցը լուծում այս նախագիծը։ Որոշակի շրջանակի քաղաքացիների համար առհասարակ արգելափակվելու է խաղալու հնարավորությունը, իսկ դրան նպաստելու են էլեկտրոնային համակարգերը, որոնք մենք ներդնելու են։ Այսինքն՝ բոլոր խաղային արտադրանքները օնլայն միացված են լինելու մոնիթորինգային կենտրոնին, և օպերատորը կարողանալու է վերահսկողություն իրականացնել»։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ 2023-ին այս թվերի չնչին նվազում է արձանագրվել, բայց միայն ճշգրիտ էլեկտրոնային համակարգը թույլ կտա տեսնել թվերի իրական պատկերը և կառուցել սահմանափակող քաղաքականությունը։

Փորձը ցույց է տալիս, որ միշտ գտնվում են սահմանափակումները շրջանցելու տարբերակներ՝ նշում է պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ Նրա կարծիքով՝ կարևոր է նաև այդ սահմանափակումների կատարման վերահսկողությունը։

«Օրինակ՝ մենք ունենք օրենքի փոփոխություն, որով արգելվում էր գովազդային վահանակների տեղադրումը որոշ վայրերում։ Հենց հիմա Երիտասարդական մետրոյում տեղադրված է«Evolution» խաղային գործունեություն իրականացող ընկերության գովազդային վահանակը։ Ինչպե՞ս է այն հայտնվել, ո՞վ է վճարել, ինչու՞ չի վերահսկվում»։

«Շնորհակալություն տեղեկատվության համար։ Մենք անմիջապես գործողություններ կձեռնարկենք և կտեղեկացնենք դրանց արդյունքների վերաբերյալ։ Նաև նշեմ, որ գովազդները հիմնականում տեղափոխվել են օնլայն տիրույթ, և մենք պարբերաբար դիտարկում ենք տարբեր էջեր ու հոլովակներ, և այս մասով նույնպես վարույթներ են նախաձեռնվում և ընթացքի մեջ են»։

Ի դեպ, ՊԵԿ-ին վերջերս դիմել են նաև Պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն ՝ խնդրելով ընդլայնել միջոցառումների շրջանակը և սահմանափակումներ նախատեսել զինծառայողների ու իրավապահ համակարգի աշխատակիցների համար ևս։  Ըստ կոմիտեի նախագահի՝ առաջարկը կքննարկվի օրենքի՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում։

Back to top button