Մինչև 12 մլն դրամ եկամուտը չի հարկվի․ ՊԵԿ նախագիծն արտագնա աշխատանքի մեկնողների համար պատրաստ է
E-draft համակարգում տեղադրված է «Հարկային օրենսգրում» լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը, ըստ որի՝ եթե այլ պետությունում աշխատող ՀՀ քաղաքացին հարկվել է, ապա Հայաստանում տարբերության մասով հարկային պարտավորություն չի առաջանա։ Բայց գումարի շեմ է սահմանվել՝ 12 մլն դրամ։ Փորձագետներն այս առաջարկը դրական են համարում՝ նշելով, որ սովորաբար միգրանտների հիմնական մասի աշխատած գումարը մեկ կամ երկու միլիոն դրամ է կազմում։
Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացին Հայաստանում հարկ չի վճարի, եթե տարվա ընթացքում նրա եկամուտները չգերազանցեն 12 միլիոն դրամը։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Պետական եկամուտների կոմիտեն նոր օրենսդրական նախագիծ է հրապարակեԼ։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան. «Արտագնա աշխատողների մասով e-draft.am կայքում տեղադրված է օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է, որ եթե օտարերկրյա պետությունում հարկի գումարը պահվել ու վճարվել է, Հայաստանում հարկային պարտավորությւոն չի առաջանալու։ Այն արդեն քննարման փուլում է։ Օբյեկտիվ բոլոր դժգոհությունները հաշվի ենք առել»։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացվող եկամուտները չեն համարվում եկամտային հարկով հարկման օբյեկտ, եթե ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից հաշվետու տարվա ընթացքում ՀՀ-ից դուրս ստացված նշված եկամուտները չեն գերազանցում 12 միլիոն դրամը։
Նշված դրույթը չի տարածվում այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր հիշյալ եկամուտները ստացել են հեռավար եղանակով՝ ՀՀ տարածքում աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց, ինչպես նաև այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր համապատասխան եկամուտները ստացել են Կառավարության սահմանած հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպությունների դիմաց։ Նշվում է, որ սույն օրենքը կիրառվում է 2020-2023 թվականների հաշվետու տարիների համար։
«Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը խնդրի մասին առաջինն է բարձրաձայնել։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նա դրական է գնահատում նախագիծը։
«Այս պահին գործող օրենքով ՀՀ—ում հարկային ռեզիդենտ հանդիսացող քաղաքացիները արտերկրում աշխատելու պարագայում երկու երկրների եկատմային հարկի դրույքաչափի դրական տարբերության չափով պետք է հարկվեն, ապա օրենքի այս նախագծով՝ անկախ դրույքաչափից, եթե նրանց աշխատած գումարը չի գերազանցում 12 մլն դրամը, ապա ՀՀ–ում չեն հարկվի։ Այս առումով դրական եմ գնահատում, քանի որ մեր աշխատանքյաին միգրանտների եկամուտները այդ գումարին չեն հասնում։ Իսկ աշխատանքային միգրանտները, մասնավորապես ՌԴ մեկնող, ամբողջ աշխատանքային միգրացոն հոսքերի մեջ կազմում են 95 և ավելի տոկոսը»։
Կառավարությունում ու խորհրդարանում շարունակում են բացատրել՝ օրենսդրական այդ փոփոխությունները նոր չեն։ ԱՊՀ կառավարությունները 2018 թ․-ին Աստանայում մի համաձայնագիր են կնքել, որով էլեկտրոնային եղանակով հարկային տեղեկություններ են փոխանցվում կազմակերպության անդամ երկրներին։ Հայաստանն արձանագրությունը վավերացրել է 2020 թ․-ին։ Հենց այդ արձանագրության շրջանակում էլ ՊԵԿ-ը ստացել է ֆիզիկական անձանց եկամուտների մասին տեղեկատվությունը և սկսել է գումարային պահանջներ ներկայացնել։
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն արձագանքեց․
«Մարդիկ չեն հարկվել, մարդիկ պարզապես իրազեկվել են այդ դրույթի մասին, և առաջիկայում նախապատրաստում ենք փոփոխություններ, քանի որ մենք էլ ենք հասկանում, որ եթե երկար ժամանակ օրենքի դրույթը չի կիրառվել, այդ ամենը ուժի մեջ մտցնելը կարող է խնդիր դառնալ ու անսպասելի լինել մեր հայրենակիցների համար: Կարծում եմ՝ պարոն Բադասյանն էլ այս առումով ասելիք կունենա, բայց խնդրում եմ՝ մեր հայրենակիցներին մեզնից մի՛ պաշտպանեք: Դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև մենք մեր հայրենակիցների, իրենց եկամուտների և բարեկեցության մասին ձեզնից պակաս չենք մտածում»:
Օրերս Գեղարքունիքի մարզում արտագնա աշխատանքի մեկողները բողոքի ակցիա էին իրականացրել։ Խնդրին անդրադարձ կատարվեց նաև կառավարության վերջին նիստում։
Աշխատանքային միգրանտների 65 տոկոսից ավելին լավագույն դեպքում միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն ունի։ Քիչ չեն նաև պարզապես հիմնական կամ տարրական կրթություն ունեցողները։ ՌԴ–ում միգրանտները հիմնականում ներգրավված են շինարարության ու ծառայությունների ոլորտներում։