ԿարևորՀասարակություն

2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորն առաջարկվում է 0.5-ից դարձնել 0.25

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:

Նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքներին, վարչարարության պարզեցմանը:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով առաջին ընթերցումից հետո փաթեթի վերաբերյալ հանձնաժողովում տեղի ունեցած աշխատանքային քննարկման արդյունքում Կառավարությունը կատարել է մի շարք փոփոխություններ:

Հաշվի առնելով պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արմեն Խաչատրյանի եւ Վահագն Ալեքսանյանի առաջարկը՝ Կառավարությունն առաջարկում է երկրորդ գիծ կանգնելու համար 0,5-ի փոխարեն նախատեսել 0,25 տուգանային միավորի կիրառում:

Գործադիրն ընդունելի է համարել նաեւ պատգամավոր Արսեն Թորոսյանի առաջարկը: Նշվել է, որ այս պահի դրությամբ կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնի խախտման համար նախատեսվում է միայն տուգանք: Հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորությունը՝ զեկուցողը նշել է, որ արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը կառաջացնի տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով եւ տուգանային 2 միավորի կիրառում:

Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են նաեւ տեխնիկական շտկումներ:

«Գործող օրենսդրությամբ մի շարք խախտումների դեպքում ոստիկանությունը կազմում է արձանագրություն եւ դիմում դատարան՝ կիրառելու վարչական պատասխանատվության միջոց: Հաշվի առնելով աշխատանքային քննարկման արդյունքները՝ առաջարկել ենք այս կարգավորումները հանել նախագծից»,- նշել է Արփինե Սարգսյանը եւ հավելել՝ Կառավարության դիրքորոշմամբ  նման հարցերը  չպետք է որոշվեն Վարչական դատարանի կողմից, քանի որ դրանք դուրս են վարչական արդարադատությունից:

Չցանկանալով հատվածային լուծումներ նախատեսել պետական տուրքերի վերանայման շրջանակում եւ հաշվի առնելով  ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ փաթեթից հանվել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում նախատեսող օրինագիծը: Համաձայնելով, որ կա պետական տուրքերի վերանայման հարց՝ փոխնախարարը նշել է, որ դրան անդրադարձ կկատարվի առանձին փաթեթի շրջանակում, որտեղ կառաջարկվեն միասնական լուծումներ:

Զեկուցողը հիշեցրել է, որ փոփոխությունները վերաբերում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվող իրավախախտումներին:

Հարակից զեկուցող, պատգամավոր Արփինե Դավոյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության եւ կարեւոր փոփոխություններ իրականացնելու համար: Պատգամավորի խոսքով նախաձեռնությունը շատ սպասված էր վարորդների համար: Արփինե Դավոյանը հորդորել է կողմ քվեարկել:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ ընդունվել են իրենց առաջարկները եւ քննարկումների արդյունքում փաթեթն էականորեն բարելավվել է: Նրա խոսքով իրենք կողմ են քվեարկելու նախաձեռնությանը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով նախաձեռնությունը, շնորհակալություն է հայտնել Կառավարության գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:

Լրամշակված փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Back to top button