Բջջային կապի հայկական հավելվածների ցուցահանդեսը՝ մայիսի 30- ին
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Մայիսի 30-ին Երևանի Սիրահարների այգում կանացկացվի Բջջային կապի սարքերում կիրառվող հավելվածների «Մոբայլ Էփ Էքսպո 2014» առաջին ցուցահանդեսը: Արդի բջջային կապը անհնար է պատկերացնել առանց տարատեսակ հավելվածների: Դրանց օգնությամբ այսօր հնարավոր է անել գրեթե ամեն ինչ: Ծանոթանալով այս նոր տեխնոլոգիաների ներուժին՝ շատերը ապշահար բացականչում են՝ «Տերդ մեռնի, գիտություն…»։
Բջջային շարժական կապի սարքերում կիրառվող հավելվածների ստեղծման գործում առանձնանում են և մեր մասնագետները, փաստում է Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մոբայլ հավելվածների տարածաշրջանային լաբորատորիայի տնօրեն Մարիամ Դավթյանը: Ըստ նրա՝ առկա նվաճումները ներկայացնելու նպատակով էլ կանցկացվի «Մոբայլ Էփ Էքսպո 2014» ցուցահանդեսը:
Տեղական և մի շարք օտարերկրյա սկսնակ ընկերությունների նորարար հավելվածների լավագույն գաղափարները կստանան էական ֆինանսավորում՝ մինչև 70 հազար եվրո չափով, նշեց «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հյուսյանը:
Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան անմիջական ծանոթանալ ներկայացված ծրագրերի և խաղերի հնարավորություններին: Լավագույն հավելված մշակող կազմակերպությունը և խաղերի մրցաշարի հաղթողը յհամապատասխանաբար կստանան թանկարժեք դյուրակիր համակարգիչ և հեռախոս: Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի բաց դաս առաջին դասարանցիների համար հայրենական արտադրության «ԱրմԹաբ» դյուրակիր համակարգիչների օգնությամբ:
Բջջային հավելվածների հայաստանյան արտադրանքն արդեն պահանջված և ճանաչված է ամբողջ աշխարհում, փաստեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Ըստ բանախոսի՝ ցուցահանդեսի հաջորդ օրը սկսնակ ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց գաղափարները ռուսական և հայկական վենչուրային երկու հիմնադրամներին:
Աշխարահում լավ ճանաչված և լայն տարածում ստացած հավելվածներից «ՓիքսԱրտն» ստեղծվել է Հայաստանում, գոհունակությամբ նշեց «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչություն տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։