ԿարևորՀասարակություն

Արարատի մարզը՝ «մարսային տեղանք»․ մարտից տիեզերագնացները կմեկուսանան հայկական մարսանման ժայռերում

Մարդու՝ Մարս հասնելու երազանքն իրականություն դարձնելու համար Մայր մոլորակի վրա կատավում են փորձեր։

Կարմիր մոլորակը «զգալու» գլխավոր գործողությունն այս տարի կիրականացվի Հայաստանում։ 2024թ.-ի մարտի 12-ից Արարատի մարզի ինքնատիպ ժայռերը 1 ամսով մարսյան տեղանքի կրկնօրինակը կդառնան Երկիր մոլորակի վրա։

Փորձի գլխավոր պատասխանատու «Ավստրիական տիեզերական ֆորումի» ղեկավար Գերնոթ Գրոմերը, հեռավար կապի միջոցով ցույց տալով 2 տեղանքի խիստ նման պատկերներ, ասում է՝ ինքներդ նայեք, եթե երկնքի կապույտը չլինի, կկարծեք, որ նույն ժայռերն են։

Հեռավոր մոլորակի կենսապայմանները փորձարկելու այս տարվա առաքելությունը ստացել է AMADEE 24 անվանումը։ Հայկական կողմից ծրագրի նախաձեռնող և կազմակերպիչ Հայկ Ասլանյանը նշում է՝ գիտափորձերի սարքավորումներն արդեն Հայաստանում են։

«Նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին, ինչպես բոլոր կարևոր միջոցառումների դեպքում վերջին օրերին արկածներ են տեղի ունենում։ Վերջին 1 շաբաթվա ընթացքում անձրև էր եկել հենց բեռների փոխադրման ժամանակ։ Այնտեղ ճանապարհները կավային են և մի քիչ խոչնդոտներ առաջացան սարքավորումները «Մարսի կայան» հասցնելիս։ Բայց, արդյունքները դրական են, արդեն բոլոր սարքավորումները տեղում են, 2 կոնտեյներ Վիեննայից հասավ «Մարս»»։

Երկու ստանդարտ չափի ծովային փոխադրումների բեռնարկղերում այն սարքավորումներն են, որոնք աշխարհի տարբեր երկրներից ընտրված 6 փոխնակ տիեզերագնացներին կօգնեն Մարս մոլորակում զգալ։ Դրանց թվում են հատուկ հանդերձանքը, մարսագնացները և այլ ռոբոտասարքեր, որոնք կհավաքեն մարսային գրունտի, բայց իրականում արարատյան հողի նմուշները։

1 ամիս մարսային պայմաններին դիմանալու համար տիեզերագնացները կապրեն ֆուտուրիստական կայանում։ «Ապագայից ներկա տեղափոխված» կայանն ինչի է նման՝ հարցնում եմ Հայկ Ասլանյանին։

-Նման է սարից դուրս եկած 3 սեգմենտից բաղկացած կառույցի։ Կայանի կառուցման հիմնական աշխատանքներն ավարտված են։

-Իսկ անվտանգային շղթան ինչպե՞ս է ձևավորվել։ Կարելի՞ է ասել, որ ոչ ոք չի կարողանա հասնել էնտեղ։

-Տարածքն ամբողջությամբ վերահսկվելու է տեսանկարահանող սարքերով՝ օրը 24 ժամ։ 7 օպրատորները նայելու են կառավարման կենտրոնից։ Դա միայն մեր կողմից ապահովված անվտանգությունն է, դրան գումարած տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած միջոցները։

Մարսային տեղանքի «երկվորյակ» հայկական ժայռերը շաբաթներ շարունակ կլինեն համաշխարհային աերոտիեզերական ոլորտի ուշադրության կենտրոնում։ AMADEE 24-ի խոսնակ Մոնիկա Ֆիշերն ասում է՝ Գերմանիայից, Ավստրիայից և մի շարք այլ երկրներից Հայաստան կգան լրագրողներ։

Հայաստանում ծրագրի ղեկավար Գայանե Հակոբյանը մանրամասնում է՝ բուն մեկուսացումից առաջ հայկական և միջազգային լրատվամիջոցները կկարողանան նկարահանել տիեզերագնացի՝ հագուստի կրելու, սկաֆանդրով քայլելու և մարսագնացների հետ աշխատելու ընթացքը։

«Մոտ 3 ժամ սկսում են հագնել, 3-4 ժամ էլ հանում են հագուստը։ Մոտավորապես 43 կիլոգրամանոց հագուստ է։ Էկզոսկելետոնով են կրում /էկզոկմախքով,-հեղինակ/, որովհետև գրավիտացիոն թեթևություն ինչպես Մարսի վրա, Երկիր մոլորակի վրա չունենք»։

Միջոցառման ավարտից հետո  գիտափորձի հետ կապ չունեցողները չեն կարողանա մոտենալ տեղանքին։ Ամեն ինչ կարվի, որ անմարդաբնակ մոլորակի երկվորյակ տեղանքում լինեն միայն տեզերագնացները, մարսագնաց սարքերն ու դրոնները։

«Ոչ մեկ, բացի օգնող  թիմից, որը ևս շատ չի մոտենալու տիեզերակայանին, որպեսզի ամբողջական սիմուլյացիան և իզոլյացիան ապահովենք։ Մոտ 1 ամիս իրենք աշխատելու են 15 գիտափորձերի հետ, այդ թվում նաև հայկական։  Ապրիլի 5-ին դուրս են գալու իզոլյացիայից։ Դուրս գալու պրոցեսը ևս լինելու է միջոցառում, որի ընթացքում և՛ մեդիան, և՛ հանրությունը հնարավորություն կունենա տեսնել թե ինչպես են նրանք «հյուծված» դուրս գալիս տիեզերակայանից»։

Ծրագրի հայաստանյան կողմի ղեկավարը պատմում է՝ անալոգային առաքելության համար կան կառավարման և պլանավորման թիմեր։  Նրանք ի տարբերություն Հայաստանի, որը կդառնա Մարսը, կլինեն Երկիր Մոլորակի վրա, որը կհանդիսանա Ավստրիան։ Մասնագետները կպլանավորեն՝ տիեզերագնացը որ ժամին սնվի, որ ժամին դուրս գա կայանից, բաց տեղանքում ինչ գիտափորձի հետ աշխատի։

«Երբ որ արդեն հագուստը կրած դուրս է գալիս, ունի համապատասխան քայլ, թե ինչ պետք է անի։ Եթե տրված է, օրինակ, աշխատել մարսագնացի հետ, դրան ուղղորդել դեպի «X» կետը և փորել ինչ որ հատված, դնել սարքի մեջ և հետ բերել, նա պետք է հեռահար հրամանների միջոցով մարսագնացը կառավարի և ստանա արդյունքը, հետ գա դեպի տիեզերակայան, այդ ամբողջ արդյունքները գրանցի, որը թռիչքի կառավարման և պլանավորման թիմը կստանա արդեն Վիեննայում»։

Մարտի 12-ից ապրիլի 5-ը առաքելության ընթացքին կհետևի նաև Հանրային ռադիոն։

Back to top button