Հայաստանը փնտրում է Արևմուտքի աջակցությունը՝ վերականգնելու համար ռազմական հավասարակշռությունն Ադրբեջանի հետ․ քաղաքագետ
Հայաստանը փնտրում է Արեւմուտքի աջակցությունն Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը վերականգնելու համար, նշում են փորձագետները՝ վերլուծելով հայ- ֆրանսիական ռազմական համագործակցության վերջին զարգացումները։ Այդ երկրի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն եւ նրա հայ գործընկեր Սուրեն Պապիկյանը նախօրեին ընդգծեցին երկու երկրների միջեւ պաշտպանական կապերի խորացման կարեւորությունը։ Հայաստանն արդեն ստացել է պաշտպանական սարքավորումների առաջին խմբաքանակը։ Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանը կոշտ է արձագանքում Ադրբեջանը՝ Փարիզին մեղադրելով տարածաշրջանն ապակայունացնելու մեջ։
Ռուսական փորձագիտական շրջանակներում գերիշխում է այն տեսակետը, որ արևմուտքն ուժեղացնում է ՀԱՊԿ երկրների վրա ճնշումն ու նրանց հետ, ռուս փորձագետների բնորոշմամբ, «խաղեր տալը»։ Այդ մասին այսօր Երևանում կազմակերպված քննարկման ժամանակ բարձրաձայնել է Ռուսաստանի Միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը։
«Արեւմուտքը ՀԱՊԿ երկրների, ներառյալ Հայաստանի վրա կգործադրի մեծ ճնշում եւ կփորձի օգտագործել նրանց Ռուսաստանի դեմ պայքարում»,- ձևակերպել է Սուսլովը։
Ռուսաստանցի փորձագետի ձևակերպմամբ՝ Հայաստանն անցում է հակառակորդի կողմը՝ ՌԴ-ի եւ Արեւմուտքի գոյաբանական հակամարտության պայմաններում։ Թերևս հենց այս համատեքստում է ընկալվում, մասնավորապես, Հայաստան-Ֆրանսիա համագործակցության խորացումը ռազմական ոլորտում։
Politico պարբերականը նկատում է, որ Ֆրանսիայի հետ ավելի սերտ կապերն ստեղծվել են այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ հայտնել էր, որ Հայաստանը սառեցրել է իր անդամությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որտեղ գերիշխում է Մոսկվան։ Պարեբարականը գրում է.
«Հայաստանն իրեն Մոսկվայի կողմից դավաճանված է զգում այն բանից հետո, երբ սեպտեմբերին Ադրբեջանը հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի զավթման նպատակով։ Ռուսաստանն այնտեղ խաղաղապահ զորակազմ է տեղակայել, որը կանգնած էր մի կողմ քաշված եւ չի միջամտել»։
Քանի որ Մոսկվայի հետ դաշինքը փլուզվել է, Հայաստանը փնտրում է նոր բարեկամներ, եւ Ֆրանսիան իր մեծաթիվ հայ փոքրամասնությամբ արեւմտյան միակ երկրներից մեկն է, որը հավակնում է դրան։
Այս առնչությամբ «Դեմոկրատիայի եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նկատել է.
«Հայաստանը փնտրում է Արեւմուտքի աջակցությունը, որպեսզի վերականգնի ռազմական հավասարակշռությունն Ադրբեջանի հետ, որը օգտագործում է Հայաստանի խոցելիությունը եւ իրեն պաշտպանելու նրա անկարողությունը՝ հետապնդելով ծայրահեղ առավելապաշտական նպատակներ»։
Որքանո՞վ Ֆրանսիան կդառնա Հայաստանին ռազմաքաղաքական աջակից և որքանո՞վ Ֆրանսիայի հետ ռազմական գործակցությունը կօգնի Հայաստանին իր բանակը հասցնելու այնպիսի մակարդակի, որ դիմակայի նավթով ու գազով հարուստ Ադրբեջանին՝ հաշվի առնելով վերջինի սերտ ռազմական հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, ինչպես նաև՝ Իսրայելից շարունակ ստացվող ռազմական տեխնիկան։ Ֆրանսիայի հետ հույսեր կապելու հարցում փորձագետները առավելաբար թերահավատություն ունեն։ Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը նկատում է, որ ընդհանրապես Արևմուտքի հետ որևէ այլընտրանք ստեղված չէ։
«Որևէ արևմտյան երկիր չի ասում, որ ապահովելու է մեր անվտանգությունը, որևէ արևմտյան երկիր չի ուզում մեզ հետ դաշինք կնքի, որևէ լուրջ զինամթերք մենք չտեսանք մինչև հիմա։ Մենք խոսում ենք երեք ռադարի մասին, մի քանի, պարզ չէ, թե ինչ հրթիռների մասին և այդ ռազմական մեքենաների մասին, որոնք ունեն ապակի։ Այսինքն, սա ծիծաղելի է»։
Փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, որպեսզի ունենա այնպիսի զինված ուժեր, որոնք կկարողանան իրապես զսպել ադրբեջանաթուրքական առավելապաշտական նկրտումները։ Քաղաքագետների համոզմամբ՝ պարզապես ժամանակակից զենք գնելը բավական չէ դրա համար։ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում բոլոր ռազմական վերլուծաբանները համակարծիք են այն հարցում, որ առանց համապարփակ բարեփոխումների, այդ բոլոր գնումները ոչ մի օգուտ չեն բերի։ Քաղաքագետ Հայկ Խալաթյանն էլ, կարծում է, որ մեր տարածաշրջանում դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է Թուրքիայով, հետևաբար՝ այստեղ ընտրություն հնարավոր է միայն լինի Ռուսաստանի և Թուրքիայի միջև.
«Այս տարածաշրջանում ընտրությունը փաստացի լինելու է Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Հնարավոր է՝ Իրանը փորձի առավել ակտիվ դերակատարում ունենալ, բայց, այո, այնպես է ստացվել, որ մեր տարածաշրջանում դեպի Արևմուտք ճանապարհը նշանակում է ճանապարհ դեպի Թուրքիա, որովհետև Թուրքիան միակ ՆԱՏՕ անդամ-երկիրն է, որն ընդհանուր սահման ունի, Թուրքիան ԵՄ-ի հետ մաքսային միության մեջ է: Թուրքական ազդեցությունը մենք շատ լավ տեսնում ենք հարևան Վրաստանի օրինակով»:
Որոշ փորձագետներ էլ համոզված են, որ ո՛չ Ֆրանսիան, ո΄չ ԵՄ-ն, ո΄չ ԱՄՆ-ն պատրաստ չեն ֆորմալ առումով տալ այն երաշխիքները, որոնք անհրաժեշտ են ՀՀ-ին։