ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ոչ մրցակցային ու մենաշնորհներով. Վանաձորի մանկապարտեզների սննդի գնման մրցույթներն անցնում են խախտումներով

Վանաձորի մանկապարտեզների համար սննդի մատակարարման գնումների գործընթացները ոչ թափանցիկ ու մրցակցային են անցնում՝ ասում են մրցույթի մասնակիցները: «Ռադիոլուր»-ը զրուցել է գնումների մասնակիցներից մեկի հետ, լսել նրա դժգոհությունները: Համայնքային գործընթացները մշտադիտարկող քաղհասարակության անդամները ևս մտահոգ են իրավիճակով, նշում են մրցակցային անհավասար պայմանները:

Վանաձորի մանկապարտեզների սննդի մատակարարման մրցույթները ոչ մրցակցային պայմաններում են անցնում, չկա ազատ մրցակցություն,- «Ռադիոլուր»-ին ասաց մրցույթի մասնակիցներից մեկը՝ անունը չհրապարակելու պայմանով: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ զրուցակցիս ձայնը փոխված է. «Զանգեցի աղջիկներին, ով գնումը կազմակերպել էր, Երևանից են, ասեցի՝ ի՞նչ իրավունքով գրանցամատյան չեք դրել, բա՝ մենք եկել, ձեր փաթեթը վերցրել ենք, ինչի՞ց եք բողոքում: Հետո փաթեթները որ բացվել է, տեղում շատ ավելի մեծ վեճեր ա եղել, որովհետև մթերքների գները ծայրահեղ տարբեր են եղել»:

Զրուցակիցս 2023-ի դեկտեմբերի 1-ին նման մրցույթի է մասնակցել: Կաբինետից կաբինետ են ուղղորդել ու այդպես էլ չի հանդիպել գործընթացի կազմակերպման բուն պատասխանատուին: Ունեինք 7 օր՝ մրցութային փաթեթներ ներկայացնելու համար՝ ասում է,  բայց միայն վերջին օրը՝ դեկտեմբերի 8-ին ընձեռնվեց այդ հնարավորությունը: Հիմնավոր կասկածներ ունի՝ մրցութային հանձնաժողովի աշխատանքի անաչառության հետ կապված: Հանձնաժողովի քարտուղարի վարած գրանցամատյանի հայտատուների գրանցման էջում, ասում է, տարօրինակ զուգադիպությամբ բոլոր մասնակիցները գրանցվել են դեկտեմբերի 8-ին՝ րոպեների տարբերությամբ, երբեմն անգամ՝ նույն ժամին:

Համայնքապետարանի տեղեկացմամբ՝ մրցութային փաթեթների հավաքագրման և մրցութային հանձաժողովի գործառույթը պատվիրակվել է «Քիսթոուն» երևանյան խորհրդատվական ընկերությանը, որի հետ մանկապարտեզների տնօրենները համապատասխան պայմանագրեր են կնքել, մեկ այլ ընկերություն էլ իրականացրել է բուն մրցույթը: «Քի սթոուն» ընկերության գործընկեր Մարիամ Էլիբեկյանը «Ռադիոլուր»-ին ասաց՝ ժամկետների որևէ խախտում թույլ չի տրվել, գործել են մրցույթի պահանջներին համապատասխան. «Սովորաբար,նույն տնտեսվարողներին հարմար է էդ պահին մոտեցնել փաթեթը և մնալ մրցույթի անցկացմանը և 2 անգամ նույն գործողությունը չկատարել: Հնարավորություն, նախօրոք մոտեցնելու փաթեթները, ունեցել են՝ սահմանված ժամկետում և սահմանված հասցեով»:

Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը, ում ղեկավարած կազմակերպությունը մշտադիտարկում է համայնքային գործընթացները, ասում է Վանաձորի մանկապարտեզների սննդի գնման գործընթացում խախտվում է գնումների մասին օրենքը: Չեն պահպանվում նաև կառավարության որոշման մի շարք պահանջներ, ինչի հետևանքով անհավասար մրցակցութուն է ձևավորվում. «Օրինակ՝ կաթնամթերքի մասում կարելի է գտնել կաթի, թթվասերի «Մարիաննա» և «Արարատյան» անվանումներ: Եթե խանութներում նայենք, օրինակ՝ 400 դրամ թթվասերը, կհասկանանք,  որ «Մարիաննա»-ն առաջարկվող թթվասերի գնից 200 դրամով թանկ է, այսինքն ուղիղ նախապատվություն է տալիս «Արարատյան»-ին: Հարցրել ենք Վանաձորի խանութներում, ոչ մի տեղ «Արարատյան» չկա: Տարօրինակ հարց է առաջանում՝ ինչո՞վ է առաջնորդվում քաղաքապետարանը և որտեղի՞ց գիտի, որ նման կաթնամթերք կա: Ակնհայտ «Մարիաննա»-ն ավելի թանկ է, քան իրենց նշանակած գինը և ակնհայտ է, որ պետք է ապահովվի «Արարատյան» կաթնամթերքը, բացառությամբ՝ կաթի: Կաթի պարագայում՝ «Մարիաննա»»:

Ինչո՞ւ է որոշվել դրսի մատակարար ընտրել, եթե Լոռու մարզը կաթնամթերք արտադրողների պակաս չունի: Մեր տեղական կաթնամթերքը որակապես չի զիջում մրցույթի պայմաններին, անգամ եվրոպական սերտիֆիկացման ստանդարտներին է համապատասխանում՝ ասում է Գևորգը: Արդյո՞ք սա խտրական մոտեցում չէ լոռեցի արտադրողների նկատմամբ ու մենաշնորհային դիրք չի՞ ապահովում կոնկրետ մատակարարի համար: Թթվասերի օրինակը միակը չէ, ասում է։ Նույնպիսի պահանջներ սահմանված են եղել նաև  այլ ապրանքների տեխնիկական բնութագրերում։ Գևորգի բնորոշմամբ, սա ինքնին շատ կասկածելի երևույթ է: Ակնհայտ է, որ մրցութային հանձնաժողովը չի պահպանել «Գնումների մասին» օրենքի պահանջները, ըստ որոնց՝ գնման առարկայի հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որևէ առևտրային նշանի, ֆիրմային անվանմանը, արտոնագրին, էսքիզին կամ մոդելին, ծագման երկրին կամ կոնկրետ աղբյուրին կամ արտադրողին, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց: Հղումներ օգտագործելիս հատկանիշների բնութագիրը պետք է պարունակի «կամ համարժեք» բառերը:  Մինչդեռ վերոնշյալ ապրանքների օրինակներից պարզ է դառնում, որ գնման առարկայի բնութագիրն առանց կոնկրետ ֆիրմայի անվանում օգտագործելու էլ հնարավոր էր։

Գևորգի խոսքով՝ պակաս խնդրահարույց չէ նաև դիմելու կարգը: Կառավարության որոշմամբ, մասնակիցների դիմումները թղթային տարբերակով են ընդունվում: Սա ինքնին խախտումների ու կասկածների տեղիք է տալիս՝ ասում է. «Ըստ օրենքի՝ մեկ շաբաթվա ընթացքում պիտի հանձնես, բայց իրականացվել է 1 օրում: Վերջին օրը փաստաթղթերը ստացել են և մրցույթ անցկացրել, որը հստակ խախտում է»:

Հայտերն առձեռն հավաքագրելը սուբյեկտիվության գործոն է հաղորդում հանձնաժողովի աշխատանքին, ասում է մրցույթին մասնակցած զրուցակիցս, մինչդեռ էլեկտրոնային տարբերակով կարելի էր խուսափել բազմաթիվ ռիսկերից՝ բացառելով մարդկային գործոնը. «Եթե ուզում են ազատ ու մրցակցային լինի, կարա լինի էլեկտրոնային աճուրդ, ով ուզում է՝ մտնի մասնակցի: Քանի դեռ կա թղթային մեթոդը, չի կարա լինի արդար: Կազմակերպչական տեսակը՝ փաթեթային, միշտ էլ ռիսկեր ա պարունակում՝ կարան փոխեն, իսկ էլեկտրոնային աճուրդը՝ նախ իրենք ինձ չեն տեսնում, ես իրենց չեմ տեսնում: Կարամ բարձր գին ասեմ, ոչ մեկը ոչ մեկի չտեսնի, չիմանան ով է հայտը տալիս»:

Ընթացակարգի անցկացման որևէ խախտում չի եղել: Ամեն ինչ արվել է սահմանված կարգով՝ ասում է «Քի սթոուն»-ից Մարիամ Էլիբեկյանը.«Ընթացակարգը կազմակերպվել է գնումների օրենսդրության պահանջների պահպանմամբ: Որևէ պաշտոնական բողոք մասնակիցներից չի եղել ընթացակարգի որևէ փուլում: Եթե դժգոհություն կար, կարող էին պաշտպանել իրենց իրավունքը, ինչո՞ւ չեն օգտվել այդ իրավունքից»:

Համայնքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը «Ռադիոլուր»-ին ասաց՝ վերահսկողության շրջանակում ժամանակ առ ժամանակ մատակարարված սննդի որակն են ստուգում: «Քի սթոուն»-ի հետ կապված դժգոհություններից հետո, որոշվել է գնումների գործընթացը վստահել նոր ընկերության. «Հաջորդ անգամվա համար մեկ այլ կազմակերպության են դիմել, որ ընթացակարգը ճիշտ լինի, որովհետև մատակարարներ են եղել, որ սև ցուցակ են անցել, նրանց հետ պայմանագրեր չեն կնքվել: Մատչելի պայմանագիր կնքելու համար տնօրենները մեկ այլ կազմակերպության հետ են տվյալ պահին պայմանագիր ձեռք բերել»:

Գևորգն ասում է՝ գնառաջարկները մերժելու արհեստական խոչընդոտները շատ են: Հանձնաժողովի պահվածքը շատ հաճախ սուբյեկտիվ է, որից էլ կախված է՝ ներկայացված հայտերը կհաստատվե՞ն, թե՞ կմերժվեն՝ ասենք պատճառաբանելով, որ հայտը հրավերի պահանջներին չի համապատասխանում:

Back to top button