ԿարևորՔաղաքական

Ադրբեջանն աղմուկ է բարձրացնում ռազմատեխնիկական ոլորտում մեր որևէ նոր պայմանագրի դեպքում, բայց չի ասում, որ ինքը տարիներով միլիարդավոր զենք է գնում

Ադրբեջանն ամեն անգամ աղմուկ է բարձրացնում ռազմատեխնիկական ոլորտում մեր որևէ նոր պայմանագրի և համագործակցության դեպքում, բայց Ադրբեջանը չի ասում, որ ինքը տարիներով միլիարդավոր զենք է գնում, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով ռազմատեխնիկական ոլորտում Ֆրանսիայի հետ համագործակցությանը վերաբերող հարցին։

«Մեր բանակի բարեփոխումը որևէ մեկին չպետք է անհանգստացնի։ Ինչո՞ւ, որովհետև մենք ասում ենք, որ մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում ենք։ Հետևաբար, ինչո՞ւ պիտի որևէ մեկին մեր բանակի բարեփոխումն անհանգստացնի։ Եթե մենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում ենք և բարեփոխում ենք մեր բանակը և ասում ենք` մեր բանակը մեր ինքնիշխան տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու ու չի ունենալու, և այդ ֆոնին Ադրբեջանն անհանգստություն է հայտնում, աղմուկ է անում: Դա ո՞ր պարագայում կարող է տեղի ունենալ, երբ ինքը խնդիր ունի մեր ինքնիշխան տարածքում ռազմական խնդիր լուծելու։ Ուրիշ տրամաբանություն չկա։

Մենք, այո, բարեփոխում ենք բանակը, և ի դեպ, բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է։ Որևէ երկիր որևէ ուրիշ երկրի չի կարող մեղադրել բանակ ունենալու մեջ։ Եվ մենք ասում ենք, որ բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը, այսինքն` Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, ճանաչում ենք անվերապահորեն։ Մեր ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքից դուրս մեր բանակը կիրառելու խնդիր չունենք և չենք ունենալու։ Եվ այս ֆոնին Ադրբեջանն անհանգստություն է հայտնում։ Ինչո՞ւ է անհանգստություն հայտնում։ Միթե՞ ինքն ունի խնդիր մեր ինքնիշխան տարածքում լուծելու։ Նաև այս փաստն է, այս արձագանքն է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը շարունակելու է իր ագրեսիվ քաղաքականությունը։»,- ասել է նա։

Back to top button