ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Նոր լարվածություն է հասունանում ՀԱՊԿ-ում ՀՀ վարչապետի վերջին հարցազրույցից հետո

Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված կարճ հարցազրույցում, որը տևել է 12 րոպե, արել է մի քանի առանցքային արձանագրումներ: ՀԱՊԿ-ին առնչվող հայտարարություններին արդեն արձագանքել են կառույցից: Փաշինյանը խոսել է նաև Ադրբեջանի հետ բանակցությունների, խաղաղության պայմանագրի և պատերազմի իրական վտանգի մասին:

Եվրոպական լսարանին France 24 հեռուստաալիքի միջոցով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ահազանգել է՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի: Այս արձանագրումն արվում է Մյունխենում Ալիևի հետ հանդիպումից օրեր անց: Թեև այն Ալիևը որակել էր «կառուցողական», բայց Փաշինյանը կարծում է, որ երկու երկրների միջև ճգնաժամի խաղաղ կարգավորման խոստումներն իրականում տեղում հերքվում են Ադրբեջանի գործողություններով։

Փաշինյանն ուշադրություն է հրավիրում, որ Բաքուն այսօրվա Հայաստանը համարում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ թե խաղաղության պայմանագիր է ցանկանում՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ավելի ձգտում է Հայաստանից նոր տարածքներ գրավել։

Փաշինյանը անհիմն է գնահատել Բաքվի մեղադրանքները, թե Փարիզը կրակի վրա յուղ է լցնում։ Ադրբեջանն ինքն է ամեն օր միլիարդներ ծախսում նոր սպառազինության վրա։

Հայաստանի ներսում վերլուծաբանները վաղուց ահազանգում են Ադրբեջանի մտահոգիչ քաղաքականության մասին: Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ ադրբեջանական մեդիադաշտի ամենօրյա ուսումնասիրությունը փաստում է, որ տարվող քարոզը ամենևին նախապատրաստվող խաղաղության մասին չէ: Ադրբեջանը շատ հստակ ու անթաքույց ասում է իր նպատակների մասին, այդպես էր նաև Արցախի դեմ սեպտեմբերյան ագրեսիայից ամիսներ առաջ, նախապատրաստվող գործողությունների մասին համապատասխան մթնոլորտ էր Ադրբեջանում ձևավորվում նաև 2020 թվականի պատերազմից առաջ: Դա է Ադրբեջանի ձեռագիրը:

«Լրահոս եմ նայում այդ օրը պաշտպանության նախարարությունը ( Ադրբեջանի – խմբ. ) տանկային զորավարժություններ է անցկացնում, տագմապով C-300-ն է հանում, Զաքիր Հասանովը նախորդ օրը գնում է ԼՂ-ում իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ ու այդ ամբողջը արվում է 1-2 օրերի ընթացքում: Մենք տեսնում ենք ինչ-որ հրապարակային էլեմենտներ: Այդպիսի բաները պատահական երբեք չեն արվում: Այդպիսի բաները կոնկրետ և՛ տրամադրություններ են շոշափում, և՛ խնդիրներ են փորձում լուծել, և՛ պատրաստություններ: Ամենօրյա լրահոսով դա տեսնում ես: Դա ինձ հուշում է, որ վտանգը բավականին մեծ է և դրան պետք է բավականին աչալուրջ լինել և փորձել այդ ամենն օգտագործել ժամանակին: Եթե ամենօրյա կտրվածքով դու տեսնում ես, որ դա գալիս է, վերցնում ես, հավաքում ես, ներկայացնում ես, փորձում ես դա կանխել: Ամենակարևորը կանխարգելիչ քայլերն են: Ամբողջ դաշտը մեկ օրում նայես դու հասկանում ես իրենց առաջիկա պլանները»: 

Թե ում պետք է ահազանգի Հայաստանը և ում միջոցով պետք է ձեռնարկվեն կանխարգելիչ միջոցառումները, ակնհայտ է թերևս վարչապետ Փաշինյանի հարցազրույցի այն հատվածից, որը ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին է:

Փաշինյանը պարզաբանել է, որ Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրին (ՀԱՊԿ), որում գերիշխողը Մոսկվան է, գործնականում, ըստ էության, «սառեցված է»: Փաշինյանը միաժամանակ նշել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան այստեղ է ոչ ՀԱՊԿ շրջանակներում: «Դա լրիվ ուրիշ իրավապայմանագրային հարթություն է, և այդ հարթությանը անդրադառնալու առիթ չունենք»,- ասել է Փաշինյանը:

ՀԱՊԿ-ից արձագանքել են Փաշինյանի այս խոսքերին: ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել անդամակցության դադարեցման մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել են կազմակերպության քարտուղարությունից։ «ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի խոսքերն, ըստ ամենայնի,  կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումներին չմասնակցելու մասին է»,- նշել են քարտուղարությունից։

Խնդրին անդրադարձել է նաև պաշտոնական Կրեմլը: ՏԱՍՍ-ի հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումներում պարզաբանել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը։

«Այս պահին որևէ շփում չկա և չի եղել, բայց աշխատանքային շփումների շրջանակներում, իհարկե, մտադիր ենք հայ բարեկամներից պարզել, թե ինչ նկատի ուներ, ինչպես են գործերը։ Շարունակելու ենք երկխոսությունը Երևանի հետ»,- ասել է Պեսկովը։

Օրեր առաջ էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրները կենտրոնացած են Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա: «Երևանը դաշնակից է և շարունակում է կազմակերպությունում աշխատանքը»,- նշել էր Տասմագամբետովը՝ հերթական անգամ հայտարարելով, թե ՀԱՊԿ-ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել՝ վերահսկելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Տասմագամբետովի խոսքով՝ վերջին փուլում Երևանը խնդրել է օրակարգից հանել դիտորդական առաքելության վերաբերյալ փաստաթուղթը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միջազգային ներկա զարգացումների ֆոնին անհրաժեշտ է կատարելագործել կառույցի գործունեությունը կարգավորող իրավապայմանագրային դաշտը, հստակեցնել հիմնարար փաստաթղթերը և մեխանիզմները:

Ռուսաստանի հետ հարաբերությունները շոշափող այլ դրվագներ էլ կային Փաշինյանի հարցազրույցում: Նա նշել է, որ Ռուսաստանը մի քանի ամիս առաջ «բացահայտ կերպով կոչ է արել հայ բնակչությանը տապալել իշխանությունը»: Մոսկվայից իր դեմ ուղղված այդ «քարոզչությունը», նշում է, չի թուլանում։ Փաշինյանը առանձնացրել է նաև Հայաստանում ռուսական ուժերի կողմից ռուս դասալիք Դիմիտրի Սետրակովի առևանգումը՝ նշելով, որ Հայաստանը չի կարող հանդուրժել անօրինական գործողություններն իր տարածքում: Վարչապետի խոսքով՝ եթե Երևանի պահանջները մնան անպատասխան, «հետևանքներ» կլինեն։  Թե ինչ պահանջների և ինչ հետևանքների մասին է խոսքը, վարչապետը չի պարզաբանել:

Back to top button