ԿարևորՏնտեսական

Թիրախում տնտեսական ցուցանիշներն էին․ մանրամասները՝ ԱԺ–ում

ՀՀ Սահմանադրության համաձայն, կառավարությունը մինչև մարտի 1–ն ԱԺ է ներկայացնում նախորդ տարվա գործունեության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույց։ Այստեղ մանրամասն ներկայացված է, թե ինչ է արել կառավարությունը 2023–ին։ Զեկույցն ունի նախաբան ու յոթ բաժին։ Դրանք մանրամասն կքննակվեն խորհրդարանում։ Կան փաստական տվյալներ առնվազն 32 անձանց՝ 2020 թվականի պատերազմից հետո բռնի անհետացման վերաբերյալ, որոնց ճակատագրի մասին Ադրբեջանը տվյալներ չի հաղորդում։ Կառավարության ղեկավարն այսօր տնտեսական ցուցանիշների աճի ու հարկային եկամուտների ավելացման վրա է շեշտը դրել։ Բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են հիմնականում հարկային վարչարարության խստացման հաշվին՝ կարծում են փորձագիտական դաշտում։

Կառավարության 2023 թվականի գործունեության զեկույցն ունի նախաբան, արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, տնտեսություն, ենթակառուցվածքների ու մարդկային կապիտալի զարգացում, իրավունք, սոցիալ–տնտեսական պատկեր բաժինները։ Ընդհանուր առմամբ, զեկույցը ներառում է 2023–ի աշխատանքներն ամբողջությամբ։

Անցյալ տարին, ըստ էության, առանձնահատուկ էր կառավարության համար։ Ի թիվս բազմաթիվ մարտահրավերների, նաև Արցախից բռնի տեղահանված 100 հազարից ավելի հայրենակիցներին վերաբերող բազմաթիվ ծրագրեր կատարվեցին։ Կառավարությունը Կոռնիձորում, Գորիսում և Վայքում կահավորեց բռնի տեղահանվածների հաշվառման և տեղավորման շուրջօրյա աջակցության կետեր: Հաջորդ օրերին այդպիսի կետեր ստեղծվեցին բոլոր մարզկենտրոններում և խոշոր մարզային բնակավայրերում: Բռնի տեղահանվածներն ապահովվեցին սննդով և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով: 2023 թվականի հոկտեմբերից այդ նպատակով մարզպետարաններին է հատկացվել ավելի քան 4,4 մլրդ ՀՀ դրամ:

Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 23 անձի, որոնցից 16-ը գերության մեջ են հայտնվել սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով։ Կան փաստական տվյալներ առնվազն 32 անձանց՝ 2020 թվականի պատերազմից հետո բռնի անհետացման վերաբերյալ, որոնց ճակատագրի մասին Ադրբեջանը տվյալներ չի հաղորդում։ Շարունակում է բաց մնալ 2020 թվականի 44-օրյա պատերազմում և դրանից հետո անհետ կորած համարվող 215 և 1990-ականներին անհետ կորած 777 ՀՀ և ԱՀ քաղաքացիների ճակատագիրը։ 

2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում մարտական պայմաններում զոհվել է 19 զինծառայող, ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշված է, որ ոչ մարտական պայմաններում զոհվել է 64 զինծառայող։ Տարվա ընթացքում գերեվարվել և վերադարձվել է 3 զինծառայող: 

Զեկույցի մանրամասն քննարկումը առաջիկայում ԱԺ–ում է լինելու։ Կառավարության անդամները խոստացան դրան այնտեղ մանրամասն անդրադառնալ։ Մինչ այդ, գործադիրի ղեկավարը տնտեսական ցուցանիշներն է կարևորում․

«Առաջինը, որ մենք 2021թ նախընտրական շրջանում խոստացել էինք, որ տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ենք ապահովելու։ Կարող եմ ասել, որ 2023–ին մեզ հաջողվել է ապահովել 8․7 տոկոս տնտեսական աճ։ Ուզում եմ հիշեցնել, որ 2022–ին տնտեսական աճի ցուցանիշը 12․3 տոկոս է»։

Կառավարության ղեկավարը նաև ընդգծում է՝ 2023–ին բյուջեն ապահովել է 2 տրիլիոն 22 մլրդ դրամ բյուջետային եկամուտ։ 2017–ի նկատմամբ բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 92 տոկոսով։ Նիկոլ Փաշինյանը հավելում է՝ բյուջեի եկամուտները ավելացրել են հարկ վճարողները։

«Նաև ակնհայտ է, որ մենք ձեռք բերածով չպետք է բավարարվենք։ Քանի որ մեր երկրում շարունակվում է մնալ ստվերային տնտեսություն։ Ստվերային տնտեսության մեջ պետք է նկատի ունենանք այն դեպքերը, երբ մենք գործնականում հարկային վարչարարություն չենք իրականացնում, կամ էլ այն դեպքերը, երբ որ օրենքով նախատեսված է հարկային վարչարարություն, բայց դե ֆակտո դա չի իրականացվում»։

Բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են հիմնականում հարկային վարչարարության հաշվին՝ արձանագրում է ԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը։ Միաժամանակ նկատում է՝ իհարկե նաև փորձ է արվում արդար հարկման դաշտ ձևավորել։

«Մի կողմից մենք ուզում ենք հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար, մյուս կողմից էլ սոցիալական խնդիրը Հայաստանում այնպիսին չէ, որ մենք կարող ենք, օրինակ, ոտք գցել ԱՄՆ կամ եվրոպայի հետ։ Մենք դա զգույշ պետք է անենք։ Իհարկե, կառավարությունը, ՊԵԿ–ը, իրականում ճիշտ քայլեր են կատարում, բայց այդ բերելու պրոցեսը պետք է շատ նուրբ ու հանգիստ արվի՝ առանց կոնֆլկտի ու բացատրելով»։

Ուստի սոցիալական լարվածության ֆոնին մեղմ քաղաքականությունը, թերևս ավելի մեծ օգուտ կտա, քան, օրինակ, 10 մլն դոլար ավելի հարկ հավաքելը, այս դեպքում արտագնա աշխատանքի մեկնողների շուրջ ստեղծված աղմուկի մասին է խոսքը․ տնտեսագետը կարծում է, որ սոցիալան խնդիրները գնալով սրվելու են․

«Շատ հաճախ իրենք պլանավորված են գնում՝ հարսանիք ունեն, ուսանող ունեն, ծառայող ունեն, կամ բազմաթիվ այլ խնդիրներ։ Երբ մենք այդ հարկերի խնդիրը դրեցինք՝ առանց իրազեկելու, իրենք անակնկալի եկան, որ պետք է այդքան գումար էլ վճարեն»։

Մակարյանը նկատում է՝ սահմանված դրույքաչափից ավելի շատ վճարելու դեպքում պետությունը գումարը չի վերադարձնում, պակասի դեպքում՝ պահանջում է։ Կառավարությունում շարունակում են պնդել՝ օրենքը շատ ավելի վաղ է ընդունվել, ծանուցումներն են նոր ստացել՝ 2023–ին։ ՊԵԿ նախագան ասում է, որ մեղմ քաղաքականություն են վարել։ Եթե անձը հարկային ռեզիդենտ է ՀՀ–ում, երկրում է 183 և ավելի օր, անկախ նրանից ՀՀ–ում թե Հայաստանից դուրս է աշխատել, հարկային ռեզիդենտ է։ ՌԴ–ում սահմնաված է եկամտային հարկի 13 տոկոս դրույքաչափ, Հայաստանում՝ 2022–ին 21 տոկոս էր այժմ՝ 20։ Ուստի տարբերությունը պետք է վճարի։ Ռուստամ Բադասյանն ամփոփելով դժգոհությունները՝ նկատում է․

«Օբյեկտիվ դժգոհություններից մեկը նա է, որ եթե այնտեղ չգրանցված աշխատանք է տեղի ունեցել, ապա այդ տեղեկությունը մենք չէինք ստանալու, չէինք իմանալու դրա մասին, հետևաբար հարկային լրացուցիչ պարտավորություններ չէինք առաջադրելու»։

Քանի որ սովորույթի ուժով երբևէ նման հարկային պարտավորություններ չեն հայտարարագրվել և եկամտային հարկ չի վճարվել, նաև տույժեր են հաշվարկվել՝ ասում է ՊԵԿ նախագահը․

«Կարծում ենք, որ մենք կարող ենք որոշակի օրենսդրական փոփոխություններով մեղմել, վերացնել այս ազդեցությունները և գնալ փուլային տարբերակով, հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ: Եկել ենք եզրակացության, որ եթե ստանում ենք տեղեկատվություն օտարերկրյա պետությունում ստացած եկամտի և վճարված հարկերի մասին, ապա տարբերությունը որոշակի ժամանակով կարող են ՀՀ-ում չհարկել»։

Գագիկ Մակարյանը համամիտ է՝ պետք է նախ իրազեկել, հետո հարկել։ Կամ՝ հնարավորություն տալ աստիճանաբար վճարել։

Back to top button