ԿարևորՀասարակություն

Սուբվենցիոն ծրագրերում Արմավիրի մարզի 4 համայնքներում հայտնաբերվել են խախտումներ. տուժել են պետական ու համայնքային բյուջեները

Արմավիրի մարզխորհրդի նիստում դարձյալ քննարկվել է մարզի համայնքներին պետական բյուջեից տրամադրված միջոցների ծախսման հարցը: Ֆինանսների նախարարության ստուգումներով Արաքս, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր և Փարաքար համայքներում 2020թ-ից մինչև 2023թ առաջին կիսամյակն իրականացված շինարարական ծրագրերում արձանագրվել են ֆինանսական խախտումներ՝ պետական  ու համայնքային բյուջեներին հասցնելով շուրջ 56, 5 մլն դրամի վնաս: Խախտումներով հասցված վնասի միայն կեսն է ենթակա վերականգնման:

Համայնքների համաչափ զարգացման նպատակով պետական բյուջեի համաֆինանսավորմամբ Արմավիրի մարզի համայքներում վերջին տարիներին լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնք հիմնականում  իրականացվում են սուբվենցիոն ծրագրերով: Անցած տարի Ֆինանսաների նախարարության  ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունը, ստուգելով Արաքս, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր և Փարաքար համայնքներում իրականացված աշխատանքները, արձանագրել է խախտումներ։ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության աշխատակից Խորեն Սարուխանյանն է մանրամասնում։

«Արձանագրվել է 56 մլն 410 հազար դրամի խախտում, որից ենթակա է վերականգնման 28 մլն 440  հազար դրամը, այդ թվում ՝ 13 մլն. 648 հազար դրամը պետական բյուջեի օգտին, 14 մլն 792 հազար դրամը՝ համապատասխան համայնքային բյուջեի»:

Համայնքի ու պետական բյուջեի գումարներով կառուցվում ու հիմնանորոգվում են մանկապարտեզներ, կենասական նշանակության ճանապարհներ, բնակելի շենքերի տանիքներ, վերելակներ և այլն: Շենք-շինությունների կառուցման, հիմնանորոգման աշխատանքներում հայտնաբերվել են ընթացակարգային և փաստացի ծավալների չափագրման ու տեղադրման խախտումներ, որից տուժել են թե՛ պետական, թե՛ համայնքային բյուջեները: Մեծամոր համայնքի 6 օբյեկտներում հայտնաբերվել են 11 մլն 145 հազար դրամի խախտումներ, որից  պետական բյուջեի օգտին վերականգնման ենթակա է 5, 5 մլն դրամը: Խոյ համայնքում 1մլն. 615 հազար դրամի խախտում է գրանցվել, որից տեղական բյուջեն վնասվել է 1 մլն. 309 հազար դրամի չափով: Արաքսում շուրջ 7 մլն դրամի վնաս է արաձանագրվել՝ գրեթե հավասարաչափ բաշխվածությամբ: Մեծամասշաբ խախտումներ են արձանագրվել նաև Փարաքար համայնքում: Խորեն Սարուխանյան.

«Փարաքարի համայնքապետարանում ստուգման ենթարկված թվով 4 ծրագրի գծով  արձանագրվել է 36 մլն 735 հազար դրամի խախտում, որից՝ չվերականգնվող գումարը 27 մլն. 725 մլն դրամ է,  իսկ վերականգնման է  ենթակա 9 մլն.6000 դրամ, որից 4 մլն. 380 հազար դրամը պետական բյուջեի օգտին, 4 մլն. 625 հազար դրամը՝ համայնքային բյուջեի»:

Համայնքային ու պետական բյուջեներին հասցված վնասներն առնչվում են շինարարական ծավալների խախտմանը. նախագծով նախատեսվածից ավելի քիչ աշխատանք է կատարվել, բայց վճարվել է ավելի մեծ ծավալի դիմաց: Անցած տարի դեկտեմբերին մարզխորհրդի նիստում հարցը դարձյալ քննարկվել է և Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն առաջարկել է վերականգնել ֆինանսական վնասը.

«Եթե տվյալ շինարարկան կազմակերպությունները կամ տնտեսվարողները՝ նախագծային կազմակերպությունները, համաձայն չէին, ժամանակ ունեին սահմանված կարգով իրենց անհամաձայնությունը ներկայացնելու: Ովքեր համաձայն են պետք է վերականգնեն վնասը, ովքեր չէ՝ պետք է հետամուտ լինել դատական կարգով վերականգնելու»:     

Կան ընթացակարգային խախտումներ, որոնց հասցրած վնասը ենթակա չէ վերականգնման: Սուբվենցիոն և այլ ծրագրով իրականացվող աշխատանքներում այսօրինակ խախտումները բացառելու նպատակով Արմավիրի նորանշանակ մարզպետ Դավիթ Խուդաթյանն ասում է, որ հետևողական պետք է լինեն փաստաթղթերի կազմման ու աշխատանքների իարկանացման որակի նկատմամբ։

«Ունենք չավարտված, չհանձնված աշխատանքներ, որոնք ընթացիկ փուլում են: Բազմաթիվ թերություններ ենք հայտանաբերել, որոնց մի մասով շինարարներին հանձնարարել ենք շտկել, իսկ որոշ մասը կշտկվեն շինարաիրական աշխատանքների հետագա փուլերում: Սա մշտական պրոցես է, որից խուսափել հնարավոր չէ և այս պրոցեսը հաղթահարելու համար հարկավոր է  պատշաճ վերահսկողություն իրականացնել, ինչն էլ փորձում ենք անել»:

Ստուգումների արդյունքում միայն Բաղրամյան համայնքում խախտումներ չեն հայտնաբերել: Բաղրամյանի սուբվենցիոն տարբեր ծրագրերից միայն երկու շինարարական ծրագիր է ստուգվել:

Back to top button