ԿարևորՀասարակություն

Մեր երեխաները 11.3 տարի գնում են դպրոց, կրթական արդյունքը համարժեք է 8 տարվա. ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումների գնահատման վերաբերյալ հետազոտության արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանն ու Արթուր Մարտիրոսյանը, տեղական ու միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է բարդ ժամանակահատվածում մեկնարկած և իրականացված աշխատանքների արդյունքների ամփոփումը.

«Ոգևորություն և հպարտություն ենք զգում, որ չնայած այն բոլոր դժվարություններին, որոնց միջով անցել ենք, այսօր կարող ենք նաև խոսել արդյունքներից: Դրանք առաջին հերթին ստացել ենք շատ մեծ թիմի աշխատանքի շնորհիվ»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել թե՛ միջազգային, թե՛ տեղական գործընկերներին՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի, առարկայական չափորոշիչների, ուսումնական նյութերի մշակման և փորձարկման շուրջ իրականացված աշխատանքների համար:

«Այդ աշխատանքներին այնուհետև միացել է ամբողջ Տավուշի մարզը: Սա չափազանցություն չէ. մարզի բոլոր դպրոցների տնօրենները, ուսուցիչներն ու մյուս աշխատակիցները մաս են կազմել այդ մեծ աշխատանքի: Այս արդյունքը համավարակի, պատերազմի և հետո արդեն հետպատերազմական իրավիճակում հնարավոր է եղել ստանալ միայն համատեղ ահռելի ջանքերի շնորհիվ: Այսօրվա արդյունքը նաև ցույց է տալիս, որ մենք կանգ չենք առնելու և գնալու ենք առաջ՝ ինչպես բարելավումներ իրականացնելու, այնպես էլ նմանօրինակ կրթական արդյունք Հայաստանի մյուս մարզերում ևս ստանալու համար»:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթ գնահատմամբ՝ կրթական համակարգի բարեփոխումը հանդիսանում է ամենաբարդ գործընթացներից մեկը. «Տավուշի մարզում իրականացված փորձարարական ծրագրի գնահատումը ցույց է տալիս, որ բնագիտական (STEM) առարկաների համար նոր կրթակարգը էապես խթանում է ուսումնառությունը՝ համարժեք լինելով կես տարվա լրացուցիչ ուսումնառության։

Զեկույցը նկարագրում է կրթակարգի բարեփոխման գործընթացի չորս հիմնական շարժիչ ուժերը՝ հստակ սահմանված շրջանակներ, դասավանդման ու ուսումնական բարձրորակ նյութեր, մասնագիտական զարգացում և ուսումնառության գնահատում։

Միջոցառման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է նաև «Պատկերացնելով կրթության և գիտության ապագան Հայաստանում. ինչպե՞ս կարող են ուսումնական ծրագրերի բարեփոխումները խթանել նորարարությունն ու տեխնոլոգիական աճը» խորագիրը կրող պանելային քննարկմանը:

«Կրթական բարեփոխումների իրականացման գործընթացը ոչ մի րոպե կանգ չի առել՝ անկախ բոլոր դժվարություններից և մարտահրավերներից: Հանրակրթության ոլորտի բարեփոխումը հանրային զարգացման տանող ճանապարհն է: Եթե խոսում ենք մարդկային կապիտալի զարգացումից, ապա այս բարեփոխումն այլընտրանք չունի: Մեր երեխաները 11.3 տարի, ըստ ուսումնասիրությունների, գնում են դպրոց. դա ժամանակ է, որը մենք վերցնում ենք մեր երեխաներից: Կրթական արդյունքը, որը տալիս ենք, համարժեք է 8 տարվա: Այս բարեփոխումը, անցնելով մի շարք խնդիրներով և դժվարություններով, արդեն ապահովել է այն առաջընթացը, որ մենք խոսում ենք հավելյալ ևս 6 ամսվա արդյունքի մասին: Հատկանշական է, որ այդ արդյունքի մասին խոսում ենք մի պայմաններում, երբ ամբողջ աշխարհը քննարկում է, թե համավարակի հետևանքով յուրաքանչյուր երկիր դպրոցական համակարգում քանի ամսվա կամ նույնիսկ տարվա կորուստ է ունեցել»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այս արդյունքին հնարավոր է եղել հասնել միայն համատեղ ջանքերի միջոցով:

Պանելային քննարկման ընթացքում Տավուշի մարզի Լճկաձորի դպրոցի աշակերտական և ուսուցչական համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև Տավուշի մարզի Ծաղկավանի դպրոցի տնօրեն Դավիթ Յոլչյանը խոսել են մարզում հանրակրթության նոր չափորոշչի փորձարկման և ներդրման արդյունքներից՝ բարձր գնահատելով իրականացված հայեցակարգային փոփոխություններն ու չափորոշչի՝ սովորողի հմտությունների, կարողունակությունների վրա հիմնված լինելը: Նրանք ընդգծել են՝ չափորոշչով հավասարապես շեշտադրվում են սովորողի գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումը և արժեքային համակարգը:

«ԵՄ-ն հանուն նորարարության ծրագրի» բնագիտական առարկաների փորձարարական ծրագրի արդյունքում Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցներ այժմ ունեն լիովին հագեցած քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և ՏՀՏ լաբորատորիաներ։

Back to top button