Հայաստանի ու Ֆրանսիայի առաջնորդների փարիզյան հանդիպումներից ու քննարկումներից անմիջապես հետո՝ փետրվարի 22-ին, Հայաստան կառաքվի պաշտպանական սպառազինության խմբաքանակը, իսկ հաջորդ օրը Երևան կժամանի Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։
Այցն աննախադեպ է, քանի որ Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն առաջին անգամ է լինելու Հայաստանում։
Հայաստանը մեզ բարեկամ երկիր է, որը կանգնած է անվտանգության լուրջ խնդրի առաջ՝ RTL հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը՝ հավելելով, որ ժամանելու է խորհրդարանականների և արդյունաբերողների մեծ պատվիրակությամբ։
Հայաստանի վարչապետի փարիզյան այցից ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպումից, քննարկումներից ու կարևոր հայտարարություններից անմիջապես հետո Հայաստան է ժամանում Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնյուն։ Այցի մասին նա անձամբ է հայտարարել ֆրանսիական RTL-ի հետ զրույցում։ Հայաստանը մեզ բարեկամ երկիր է, որը կանգնած է անվտանգության լուրջ խնդրի առաջ՝ հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը՝ հավելելով, որ այցը խորհրդարանականների և արդյունաբերողների մեծ պատվիրակությամբ է։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ֆրանսիան ռազմամթերք է մատակարարում Հայաստանին, Սեբաստիեն Լեկորնյուն արձագանքել է․ «Այո, ես հենց հիմա պատրաստվում եմ մեկնել Հայաստան, դա կարևոր խորհրդարանական պատվիրակություն է: Առաջին անգամ է, երբ Ֆրանսիայի պաշտպանության կամ զինված ուժերի նախարարը մեկնում է Հայաստան»։
Պատմական առաջին այցն, ըստ նախարարի, արդեն իսկ ինչ-որ բան հուշում է:
«Հայաստանը բարեկամ պետություն է, որի հետ Ֆրանսիան առանձնահատուկ հարաբերություններ ունի, ինչը երեկոյան տեսանք Պանթեոնում՝ Էմանյուլ Մակրոնի նախագահած արարողության ժամանակ, դրանք առանձնահատուկ հարաբերություններ են։ Հասկանում եք Հայաստանն անվտանգային լուրջ մարտահրավերներ ունի, որոնք վերաբերում են ինքնիշխանությանը, սահմանների պաշտպանությանը՝ Ադրբեջանից հնարավոր սպառնալիքներին: Ներկայումս կա շարունակվող գործընթաց, սակայն մեր պատասխանատվությունն ու առաջարկը պաշտպանական է»։
Նախարարը վստահեցրել է, որ թույլ կտան Երևանին ունենալ «երկիր-երկինք» պաշտպանական համալիրներ, մայրաքաղաքի վրա հնարավոր հարձակման դեպքում պաշտպանվելու համար, ինչպես նաև զրահամեքենաներ, որպեսզի հայ զինվորները վտանգի չենթարկվեն։ Ֆրանսիան երբեք էսկալացիայի կողմանից չի եղել և Հայաստանին ռազմամթերք մատակարարում է բացառապես պաշտպանական նպատակներով՝ ասել է նախարարը։ Ավելի ուշ ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդեցին Հայաստանին Thalès ընկերության Ground Master (GM 200) երեք ռադար մատակարարելու մասին, որը հնարավորություն կտա 250 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռները, գիշերային տեսողության սարքերը, հեռադիտակները։
Ֆրանսիական հաղորդագրությունները վկայում են, որ ռազմական համագործակցությունը գործնական փուլ է մտնում, համաձայնագրերը ստորագրվել էին մոտ չորս ամիս առաջ՝ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում։
Հայաստանը բարեկամ երկիր է, որի հետ Ֆրանսիան առանձնահատուկ հարաբերություններ ունի․ այս ձևակերպումը գերակշռող է եղել Հայաստանի վարչապետ Փաշինյանի փարիզյան բոլոր հանդիպումների ընթացքում։
«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար»,-հայտակեցրել է Ֆրանսիայի նախագահը:
Նա վստահեցրել է, որ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը՝ իր անկախության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարական ընթացքի և խաղաղության ձգտումներում։
Մակրոնը հստակ նշել է, որ անհրաժեշտ է որպեսզի Ադրբեջանը բարեխիղճ աշխատի սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերում, ինչը հիմք կտա սահմանից ուժերի երկուստեք հետքաշման համար։ Մակրոնը Բաքվից պահանջել է նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների արագ և անվտանգ իրենց տները վերադառնալու իրավունքը։
Չի ուշացել Մակրոնի հայտարարություններին Բաքվից արձագանքը։
Ֆրանսիայի նախագահի հայտարարություններն Ադրբեջանի արտգործնախարարությունը որակել է միակողմանի ու անհիմն։
Բաքուն մեղադրել է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցումների ու հայամետ դիրքորոշման համար»։
Քաղաքագետ Արա Պողոսյանը Բաքվի արձագանքին ի պատասխան հիշեցնում է, որ Թուրքիան Հայաստանի դեմ գործում է պրոքսի տարբերակով, իսկ Ֆրանսիան Հայաստանի համար ռազմավարական գործընկեր է։
«Դերակատարներ կան, որ գործում են թե հրապարակային, թե ստվերային՝ երկու կողմերի հետ միաժամանակ, և դերակատարներ կան, որ գործում են մեկի կամ մյուսի հետ։ Թուրքիան հստակ գործում է Ադրբեջանի կողմում և հաճախ, կարելի է ասել, Հայաստանի դեմ գործում է պրոքսի տարբերակով, այսինքն՝ Ադրբեջանի միջոցով։ Ֆրանսիայի պարագայում կարելի է ասել, որ Ֆրանսիան այն դերակատարներից մեկն է, որն այս պահին հանդիսանում է ՀՀ համար ռազմավարական գործընկեր, թեև այս հարաբերությունները ֆորմալացված չեն»։
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուի հետ Հայաստան են ժամանելու պաշտպանության ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ։