ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Մնացել է չհամաձայնեցված մի քանի հարց, նախապատրաստվում է 2 հանդիպում. խաղաղությունը դեռ շանսեր ունի

Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը հնարավոր է և կողմերին կոչ է անում  աշխատել միասին ՝ չհամաձայնեցված հարցերը հաղթահարելու համար։ Թե որոնք են խնդրահարույց հարցերը, պաշտոնական Երևանը չի բացահայտում, բայց հաստատում է՝ Խաղաղության պայմանագրի սկզբունքային հարցերը դեռ համաձայնեցված չեն։ Նախօրեին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն էր  հայտարարել, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի ադրբեջանական տարբերակը։ Արմեն Գրիգորյանի խոսքով՝  հետընթացը, որն ավելի վաղ Երևանն արձանագրել էր, պահպանվում է, բայց աշխատելու հնարավորություն կա։

Պաշտոնական Երևանը հաստատում է՝ Բաքվից ստացել է առաջարկների նոր փաթեթը և ուսումնասիրում է այն: Հայկական կողմը հունվարին էր ձևակերպել իր առաջարկները, և սա, փաստորեն, դրանց պատասխանն է: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի փոխանցմամբ, սակայն,  հետընթացը, որի մասին վերջերս բարձրաձայնվում էր, պահպանվում է: Թեև այն առանցքային հարցերի շուրջ է, բայց աշխատելու հնարավորություն դեռ կա: Այդպես է կարծում նաև ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ փոխանցելով պետքարտուղար Բլինքերի վստահությունը, որ խաղաղությունը հասանելի է:  

Ճեպազրույցի ժամանակ Միլլերը նշել է՝ Վաշինգտոնը դեռ հավատում է, որ խաղաղությունը հասանելի է։ Դիվանագետի խոսքով՝ պետքարտուղար Բլինքենը Մյունխենում երկու երկրների ղեկավարներին կոչ է արել միասին աշխատել՝ հաղթահարելու չհամաձայնեցված մի քանի հարցերը:

Թե որ հարցերն են Երևանի և Բաքվի միջև չհամաձայնեցված մնում, պաշտոնապես չի բացահայտվում: Սկզբունքային հարցերից մեկն, օրինակ,  Երևանի համար շարունակում է մնալ զորքերի հայելային հետքաշումը:

Այդ առաջարկը Բաքուն բազմիցս մերժել է, սակայն, ըստ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ այն շարունակում է մնալ Հայաստանի օրակարգում.

«Փորձելու ենք հասնել համաձայնության այդ հարցում Ադրբեջանի հետ: Կշարունակենք քննարկել: Տեսնենք, ինչպիսի լուծումներ ենք գտնում, բայց մենք միանշանակ համոզված ենք, որ զորքերի հայելային հետքաշումը նույնիսկ միջադեպերը թույլ չտալու լավագույն գործիքներից մեկն է: Որոշակի կիլոմետր հեռավորության վրա եթե դասավորվեն Զինված ուժերը, և սահմանապահ զորքերը տեղակայվեն սահմանի ամբողջ երկայնքով, բնականաբար, դա կայունության գործոն կլինի»:

Զորքերի հայելային հետքաշման մասին՝ ի թիվս այլ առանցքային հարցերի, նախօրեին խոսել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում: 22 թվականին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Ալիևի հետ հաստատեցիք ձեր հանձնառությունը Ալմաթիի հռչակագրին: Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, որը վերաբում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և քարտեզներին, որպեսզի բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքների համար, ինչը հիմք կծառայի սահմանում ուժերի երկուստեք հետքաշման համար»:

Ադրբեջանի արտգործնախարարությունն, ի դեպ, սուր է արձագանքել Ֆրանսիայի նախագահի խոսքերին՝ Ադրբեջանի հասցեին հնչեցված մեղադրանքը որակելով «անհիմն»: Պաշտոնական Բաքվին դուր չի եկել հատկապես այն, որ Մակրոնը խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք վերադարձի անհրաժեշտության մասին։ Բաքուն ոչ պատշաճ է համարում, որ Փարիզը, որը «մոտ 30 տարի չի բարձրաձայնել տեղահանված ադրբեջանցիների իրավունքների մասին», խոսում է հայերի իրավունքներից և անվտանգությունից, որոնք, ըստ Ադրբեջանի, իբր հեռացել են «իրենց կամքով և առանց հարկադրանքի»:

«Խաղաղության պայմանագրում», ըստ ամենայնի, անդրադարձ չի լինելու Արցախի և արցախցիների հիմնախնդրին:

Այս հարցի շրջանցումը վտանգավոր է համարում Արցախի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը.

«Այն, ինչ կապված է Արցախի հետ, փորձ է արվում «կափարիչ» դնել և փակել այդ հարցը: Բայց ինձ թվում է, պետք է չի գնալ այդ ճանապարհով, պետք է գտնել լուծումներ Արցախի խնդրի համար, արցախցիների հարցերի լուծման համար: Իմ կարծիքով, մինչև այդ հարցը չստանա արդարացի լուծում մենք ունենալու ենք այս բաց վերքը և այն միշտ արյունահոսելու է»:

Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում այժմ երկու նախապատրաստվող հանդիպում կա: Մյունխենի հանդիպումից հետո Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ առաջիկայում երկու երկրների արտգործնախարարների հանդիպում կկայանա, ինչպես նաև սահմանազատման հարցերի հանձնաժողովների նիստ կլինի: Երկու դեպքում էլ հանդիպման վայրը, օրը և ժամը ճշտված չեն, քննարկումները շարունակվում են: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սահմանազատման հարցերով հանձնաժողովների նախորդ հանդիպումից գոհ է, Բաքվի հետ սահմանզատման աշխատանքն արդյունավետ է համարում: Փոխվարչապետը որոշակի փակագծեր է բացում, թե ինչ սկզբունքով և ինչ փաստաթղթերի հետ են աշխատում այդ հանձնաժողովում:  

«Քարտեզ ասելիս մենք պետք է հասկանանք, որ խոսքը բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին է: Դրանք պրոֆեսիոնալ քարտեզներ են: Շատ դեպքերում շատ մարդիկ սխեմատիկ, մեթոդական քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների հետ, որոնք այլ որակ և այլ տրամաբանություն ունեն: Երկրորդը՝ իրականության մեջ դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանք չէ: Դա նախ և առաջ իրավական հիմքի և հենքի բացահայտումն է, որի վրա կազմվել է այս կամ այն քարտեզը: Ամեն մարմին չէ, որ Խորհրդային Միության տարիներին իրավունք է ունեցել քարտեզ կազմել կամ տպագրել: Այս բոլոր նյուանսները շատ կարևոր են և պետք է հասցեագրվեն: Իրավական հենքի հետ կապված արձանագրված բարձր մակարդակի պայմանավորվածություններ կան, մասնավորապես՝ Պրահայի և Սոչիի, որտեղ հստակ հղում կա Ալմաթիի հռչակագրի վրա»:

Իսկ սա, ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, նշանակում է, որ դելիմիտացիայի աշխատանքներում պետք է գործ ունենալ 1991 թվականի դեկտեմբերի դրությամբ սահմանի գծի իդենտիֆիկացիայի և այդ գիծը վերականգնելու, այլ ոչ թե նոր սահմաններ գծելու հետ:

Աշխատանքից բացահայտում է մեկ այլ նրբություն ևս: Ասում է՝ կողմերը համաձայնել են հանդիպումներից հետո հրապարակել նույն բովանդակությամբ տեքստ՝ առանց լրացուցիչ մեկնաբանությունների՝ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու և հարթակի շուրջ մթնոլորտը չփչացնելու համար: Բայց սա չի նշանակում, որ հանրությունը պետք է անհանգստանա և մտածի, թե գաղտնիության պայմաններում քննարկում են «ինչ-որ բան հանձնելու» հարցեր:

Back to top button