ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բացակա չստանալու «նուրբ արվեստը»՝ քննություն չհանձնելու այլընտրանք

Դպրոցական նոր կարգը, ըստ որի ուսումնական տարում կիսամյակային 60 ժամ բացակայություն ունեցող աշակերտը պետք է վերաքննություն հանձնի, ծնողների շրջանում դժգոհություն է առաջացրել։ Նախարարության որոշումը չեն ողջունում նաև դպրոցների ուսուցիչները։

Որպեսզի 60 ժամը չլրանա, ուսուցիչները բացականեր չեն դնում, աշակերտներն էլ հիվանդությունը (եթե բացակայության պատճառը դա է) ամբողջությամբ չհաղթահարած, դպրոց են գնում։ Կրթության գերատեսչությունում ծանոթ են դժգոհություններին։ Հավաստիացնում են՝ հեռավար դասապրոցեսը ուսուցիչների համար լրացուցիչ հոգս չի դառնա։ Իսկ կարգը վերանայվել է աշակերտների շահերից ելնելով։ Ասում են՝ այս կարգավորմամբ ո՛չ երեխան սթրեսի կենթարկվի ամբողջ տարվա ծրագրով միանգամից քննություն հանձնելով, ո՛չ էլ արհեստական խոչընդոտներ կստեղծվեն երեխայի՝ հաջորդ դասարան տեղափոխվելիս։

Մինչ առողջապահության նախարարությունն ուժեղացնում է դպրոցներում վերահսկողությունը և հորդորում է գրիպի նախանշաններ ունենալու դեպքում երեխաներին չուղարկել ուսումնական և նախադպրոցական հաստատություններ, ԿԳՄՍ նախարարությունը նոր կարգ է սահմանում։ Ուսումնական տարվա որևէ կիսամյակում 60 ժամ բացակայություն ունեցող աշակերտի կիսամյակային գնահատականները կորոշվեն լրացուցիչ գրավոր աշխատանքների միջոցով՝ տվյալ կիսամյակի ավարտին: Այս կարգավորումն, իհարկե, նախկինում էլ կար, սակայն դա վերաբերում էր մեկ տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայության դեպքերին, նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Նոր կարգավորմամբ կիսվել է թե՛ ուսումնական տարին, թե՛ բացակայությունների թիվը։

«Նախկինում, երբ տարվա համար 120 ժամ էր, կարող էր լրանալուն մոտենար ապրիլ–մայիսին։ Հիմա որ 60 ժամ է, երկրում էլ գրիպի մեծ վարակ կա, 60 ժամը շատ արագ լրանում է։ 10 օր չգալու դեպքում, լրանում է։ Այդ իմաստով ռիսկ կա, որ բացակաները չեն նշանակի»։

Փորձագետի մտավախությունն, իհարկե, կա, և տարածված պրակտիկա է, պարզվում է։ Այս խնդրով «Ռադիոլուրին» դիմած ծնողներից շատերը լուծումը բացակաները չդնելու մեջ են տեսնում։ Դեմ չեն նաև ուսուցիչները։

«Իմ երեխան հիվանդ է, 3-րդ դասարանում է, չի կարողանում լիարժեք մասնակցել օնլայն դասերին։ Այս վիրուսային շրջանում հազվադեպ է գնում դպրոց, որովհետև բժիշկները թույլ չեն տալիս։ Իսկ օնլայն դասերն էլ այդքան արդյունք չեն տալիս։ Ճիշտ է՝ դպրոցն օգնում է մեզ բացակաների հարցում, չի դնում։ Բայց դա էլ իր բացասական կողմերն ունի։ 60 ժամը վերաքննությունների համար շատ քիչ է։ Ճիշտ է՝ նախկինում էլ կար այս կարգավորումը, բայց վիրուսներն այսքան շատ չէին»։

Այսպիսով՝ որպեսզի 60 ժամը չլրանա, աշակերտները հիվանդությունն ամբողջությամբ չհաղթահարած և վիրուսը իրենց մեջ կրելով գնում են դպրոց։ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը չի բացառում, որ նման դեպքեր էլ կարող են լինել, բայց նոր կարգավորումը ոչ թե պետք է շրջանցել, այլ փորձել օգտվել դրանից։ Ըստ հանրակրթության վարչության պետի՝ այս կարգավորմամբ ոչ երեխան սթրեսի կենթարկվի ամբողջ տարվա ծրագրով միանգամից քննություն հանձնելով, ոչ էլ արհեստական խոչընդոտներ կստեղծվեն երեխայի՝ հաջորդ դասարան տեղափոխվելիս։Կիսամյակի ընթացքում սահմանված բացակայությունների թիվը գերազանցելու դեպքում բաց թողած դասերի հարցում կօգնեն ուսուցիչները տնային առաջադրանքներով։ Իսկ եթե եթեխայի մոտ վարակիչ հիվանդություններ են, ինչպես օրինակ՝ ջրծաղիկը, ուսումը 20 աշխատանքային օր կարելի է հեռավար կազմակերպել։ Այդ դեպքում բացակայությունը չի հաշվվում։

«Երեխան կարող է մտնել 7-րդ դասարանի խումբ, անցնել բաց թողած թեմաները, վերադառնալ դպրոց։ Դա առանձին ծրագիր է, այլ ուսուցիչներ են աշխատում»։

Կրթության փորձագետը գնահատում է նախարարության հոգատարությունը, սակայն չի հասկանում՝ ինչպես է դա կազմակերպվելու։

«Օրինակ, մի դպրոցի երեխան կարող է մի թեմա անցել է, մյուսը՝ մեկայլ։ Ինչպե՞ս է այդ մասնագետը տարբեր դպրոցի երեխաներին, որոնք տարբեր թեմաներ են անցել, կարողանում համատեղ դաս անել»։

Հանրակրթության վարչության պետը կարծում է, որ ծրագրով առաջնորդվելու դեպքում, խնդիրներ պետք է որ չլինեն։ Նրան այլ հարց է անհանգստացնում։

«Մի քիչ վատ բան եմ ասում, բայց ծնողները, կրթության որակի մասին հոգ տանելու փոխարեն, հաշվում են երեխայի բացակայությունների թիվը»։

Մինչ հանրակրթության վարչության պետը ծնողներին հորդորում է ոչ թե շրջանցել կարգը, այլ փորձել օգտվել դրանից, ծնողները առաջարկում են կամ վերանայել բացակայությունների թիվը, կամ՝ ավելի արդյունավետ կազմակերպել հեռավար ուսուցումը։

Back to top button