ԿարևորՔաղաքական

Վահան Կոստանյանը Բանգկոկում ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները

Փետրվարի 20-21-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բանգկոկում ընթացող Կայուն զարգացման Ասիա-խաղաղօվկիանոսյան 11-րդ ֆորումի աշխատանքներին։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Ֆորումի հանդիսավոր բացման արարողության ժամանակ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընտրվել է ֆորումի փոխնախագահ։

Նույն օրն ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել բանախոսությամբ՝ «Բազմակի ճգնաժամերի շրջանում աղքատության վերացում և Կայուն զարգացման 2030 օրակարգի ամրապնդում. Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն, դիմակայուն և նորարարարական լուծումների ապահովում» խորագրով բարձր մակարդակի պանելային քննարկմանը։

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման և Հայաստան-Ադրբեջան սահմանի անկայունության պայմաններում, որոնք լրացուցիչ խնդիրներ են ստեղծել Հայաստանի Հանրապետության կողմից կայուն զարգացման նպատակների իրագործման ճանապարհին։

Անդրադառնալով կլիմայի փոփոխության պայմաններում Հայաստանի Հանրապետության առջև գոյացած մարտահրավերներին՝ նախարարի տեղակալ Կոստանյանը կարևորել է Փարիզի համաձայնագրի լիակատար իրագործումը, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտում արդյունավետ ֆինանսական մեխանիզմների կիրառումը՝ հաջակցություն կլիմայի փոփոխության դեմ զարգացող երկրների պայքարին:

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նաև նախագահել է ֆորումի՝ Ապագայի գագաթնաժողովին նվիրված նստաշրջանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել գագաթնաժողովի արդյունքում ընդունվելիք Ապագայի դաշնագրին։

Ֆորումի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի, երիտասարդության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ֆելիպե Պոլիեի և Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պոքսայ Խայխամֆիթունի հետ։

Back to top button