ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

ԶԼՄ-ների դեմ վիրավորանքի և զրպարտության դիմաց դրամական փոխհատուցման չափերի բարձրացումը մտահոգիչ է. զեկույց

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ամփոփել է ԶԼՄ-ների և լրագրողների դեմ դատական գործերի մշտադիտարկումները։ Նպատակն է պարզել խոսքի ազատության հնարավոր սահմանափակումների իրավաչափությունը, գնահատել ու վերհանել ոլորտում առկա խնդիրները, նաև դատական պրակտիկան բարելավելու լուծումներ առաջարկել: Ընդհանուր առմամբ 2022-23թվականներին 71 նոր հայց է ներկայացվել: Վարույթ ընդունված դատական գործերի ճնշող մեծամասնությունը լրատվամիջոցների հրապարակումներում վիրավորանքի և զրպարտության հիմքով են: Կոմիտեն նախորդ զեկույցի համեմատ2023-ին որոշակի աճ է արձանագրել: Նշվում է, որ մտահոգիչ է նաև դատարանների կողմից վիրավորանքի և զրպարտության դիմաց գույքային փոխհատուցման սահմանաչափերի անհամաչափ բարձրացումն ուգույքային և ոչ գույքային փոխհատուցման պահանջների բավարարման հարցերում միասնական մոտեցումների բացակայությունը հայաստանյան դատական պրակտիկայում: 

Եթե 2021 թվականին վիրավորանքի և զրպարտության հիմքով ներկայացված դատական հայցերի թիվը հավասարվել էր 2019-ի ցուցանիշին՝ հասնելով 66-ի, իսկ 2022-ին կտրուկ իջել, ապա 2023-ին որոշակի աճ է արձանագրվել։ Խոսքիազատության պաշտպանության կոմիտեն 2023թ.օգոստոսի 1-ից դեկտեմբերի 31-ը մշտադիտարկել է ԶԼՄ-ների և լրագրողների դեմ դատական գործերի ընթացքը: Կոմիտեն մշտադիտարկման արդյունքները վերլուծել և ամփոփել է զեկույցում, որում ներառվել են ընդդեմ ԶԼՄ-ների ու լրագրողների 2022- 2023 թվականների դատական գործերը։ Ընդհանուր առմամբ անցած 2 տարում 71 նոր հայց է ներկայացվել, որոնցից միայն 56-ն են վարույթ ընդունվել: Վարույթ ընդունված գործերի մեծ մասը լրատվամիջոցների հրապարակումներում վիրավորանքի կամ զրպարտության հիմքով են,- ասում է Խոսքիազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«2022-23 թթ. գործերով միայն չէ, որ սահմանափակվեցինք: 2023-ին վճիռներ կայացվեցին նաև այլ գործերի վերաբերյալ, որոնք վարույթ էին ընդունվել 2021-ին: Մեթոդաբանությունն այնպիսին էր, որ վերլուծության առարկա էին դառնում այն գործերը, որոնցով առնվազն դատական 1 ակտ կա: Մեր վկայակոչած 71 գործից ընդամենը 5 գործով էր ակտ ընդունվել»:

Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ՝ լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքը ժողովրդավարական հասարակության կարևոր ցուցիչներից է: Մշտադիտարկման միջոցով փորձել են պարզել՝ արդյո՞ք դատարանները հաշվի են առնում ԶԼՄ-ների առաքելությունը, խոսքի ազատության չափանիշներն ու այդ համատեքստում՝ հանրային շահը:

«Հատկապես վիրավորանքի և զրպարտության գործերը քննելիս մեզ շատ հետաքրքրում էր թե, որքանո՞վ են դատարանները հաշվի առնում նաև ԶԼՄ-ների առաքելությունը կարգավորող օրենսդրությունը, միջազգային կոնվենցիաների, ՄԻԵԴ, ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների որոշումները»։

Կոմիտեն մտահոգիչ է համարում նյութական փոխհատուցման չափերի կտրուկ աճը, ինչը նախկինում չկար: Փաստաբան Դավիթ Ասատրյանն այն վերջին օրենսդրական փոփոխությամբ է պայմանավորում: Նա ուշագրավ է համարում այն, որ հատկապես այն հայցերն են բավարարվել, որոնցով դրամական փոխհատուցման պահանջ են ներկայացրել պաշտոնատար անձինք։ Փաստաբանը եզրակացնում է, որ Հայաստանում դատական մարմինները շարունակում են մնալ ոչ լիարժեք անկախ, ինչը հակասում է օրենքի գերակայության ժողովրդավարական սկզբունքներին։

«Ուսումնասիրելով վերջին տարիների փորձը մենք նկատեցինք, որ 2022և 2023 թթ-ին բավական մեծացել է դրամական փոխհատուցման և՛ պահանջների չափերը, և՛ բավարարման չափերը: Դա կապված է ԱԺ-ի ընդունած այն օրենքի կարգավորման հետ, որտեղ վիրավորանքի և զրպարտության դրամական առավելագույն շեմերը բարձրացվել են: Մեր վերջին հետազոտությունների ընթացքում սա աննախադեպ գումարի չափ է, որը բավարարվել է: Այս գումարի մեծ մասը՝1 մլն. դրամը բավարարվել է 2 դատական գործերում, որտեղ ներգրավված են եղել պաշտոնատար անձինք: Եզրահանգում ունենք, որ դատարանները կաշկանդված են որոշակի դատական գործերում, որտեղ պաշտոնատար անձինք հայցվորներ են»:

Մեծ դրամական փոխհատուցման մեխանիզմը շատ ավելի լրատվամիջոցին ֆինանսապես ճնշելու, հարվածելու, քան արդարադատություն վերականգնելու միջոց են, կարծում է Աշոտ Մելիքյանը։ Նա ընդգծում է, որ հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների ճնշող մեծամասնությունը չունեն բավարար ֆինանսական միջոցներ ո՛չ որակյալ փաստաբանական ծառայություններից օգտվելու, ո՛չ էլ նման փոխհատուցումների համար: Տեղեկատվական վեճերի հանգուցալուծման շատ միջոցներ կան, իսկ դրամական փոխհատուցումներըպետք է կիրառվեն ծայրահեղ դեպքում, ասում է Աշոտ Մելիքյանը։

«Տեղեկատվական վեճերը պետք է միտված լինեն տեղեկության ճշգրտմանը և հանրությանը ճշտված տեղեկություններ տալուն: Եթե զրպարտություն է եղել, այդ տեղեկությունը պետք է հերքել և պատասխանի իրավունքով նաև օգտվել: Դրամական փոխհատուցման միջոցը թողնել ծայրահեղ դեպքում»:

Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով դատարանների որոշումները պետք է ունենան հիմնավոր պատճառաբանություններ, որոնցում կերևա կողմերի լսված լինելը, և որոնք կապահովեն արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն։ Մինչդեռ կոմիտեի տարբեր տարիների հետազոտությունները ցույց են տալիս, որ վիրավորանքի և զրպարտության գործերով հայաստանյան դատական ակտերը հաճախ թերի են պատճառաբանվում:Ըստ զեկույցի, դատարանները նույն օրենքի դրույթները խտրական ու ընտրողաբար են մեկնաբանում՝ խախտելով արդար դատաքննության սկզբունքները:

Կարդացեք նաև

Back to top button