ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ, չկա կառավարման ձևի փոփոխության պահանջ․ ինչո՞ւ պետք է փոխվի սահմանադրությունը

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Հանձնաժողովի համատեղ նիստ, որի օրակարգում էին Խորհրդի և Հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման, նոր Սահմանադրության կամ Սահմանադրության փոփոխությունների առանձնահատկությունների, Սահմանադրության ներքին կառուցվածքի և մոդելի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև Խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի կողմից նախկինում ներկայացված և դեռևս չքննարկված հայեցակարգային ուղղությունները: Սահմանադրական փոփոխությունների հարցը լուրջ ընդդիմություն է առաջացրել Հայաստանի ներքաղաքական կյանքում։

Արդարադատության նախարարությունում տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում առաջարկվել է ՀՀ վարչապետի մասնակցությամբ քննարկում կազմակերպել` սահմանադրական փոփոխությունների գործընթացի հետագա ուղղությունների շուրջ մտքեր փոխանակելու համար։

ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանը ադրբեջանական կողմի պահանջներով պայմանավորված՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու հարցին անդրադառնալով, վստահեցնում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։

«ՀՀ Սահմանադրությունը կփոխե՞նք, թե՞ ոչ՝ դա մեր ներքին գործն է։ ՀՀ Սահմանադրությունը փոխելու, այնտեղ փոփոխություններ անելու շատ հստակ սուբյեկտներ կան, որոնք ինչ-որ դեպքերում կարող են այդ փոփոխություններն անել: Այդ սուբյեկտներից որևէ մեկը կորոշի՝ օգտվել այդ իրավունքից, կանի այդպիսի առաջարկ սահմանադրին, այսինքն ժողովրդին։ Ժողովուրդն էլ կորոշի, ուզի՝ կփոխի, չի ուզի՝ չի փոխի: Դա բացարձակապես նման իրավունք ունեցող սուբյեկտների որոշելիքն է և բացարձակապես այդ որոշողների առաջարկն ընդունող կամ չընդունող սուբյեկտի, սահմանադրի, այսինքն՝ ժողովրդի որոշելիքն է: Դա բացարձակապես կապված է ՀՀ ներքին հարցերի կազմակերպման, կարգավորման հետ: Չի կարող դա որևէ կերպ կապ ունենալ որևէ երկրի պահանջների հետ, դա անթույլատրելի է, դա տեղի ունենալ չի կարող և վստահաբար այդպես տեղի չի ունենալու»։

Արդյո՞ք փոխվելու են այն բոլոր դրույթները, որոնց հետ կապված Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Սահմանադրությունում հարցին Պապոյանի արձագանքը հստակ չէր․

«Եթե Հայաստանում կհավաքվի ընտրական իրավունք ունեցող մարդկանց նվազագույնը 25 տոկոսից ավելի զանգված, և այդ զանգվածի քվեարկությունը 50 + տոկոսով կլինի կողմ, ապա Հայաստանում կփոխվի Սահմանադրությունը կամ տեղի կունենան սահմանադրական փոփոխություններ: Եթե չի հավաքվի, ապա Սահմանադրությունը չի փոխվի: Սա նշանակում է, որ ՀՀ-ում Սահմանադրությունը փոխելու է ժողովուրդը, և եթե կլինի այնպիսի բան, որի հետ ժողովուրդը խնդիր ունի, նա կողմ չի քվեարկի։ Եթե կլինի այնպիսի բան, որի հետ ժողովուրդը խնդիր չունի և դա ինձ դուր չի գա, կամ ձեզ դուր չի գա դա արդեն էական չի, կներեք»:

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին հարց Մյունխենում ՀՀ վարաչապետ Փաշինյանին ուղղեց նաև ադրբեջանցի լրագրողը․  «Պարոն վարչապետ, դուք փոխելո՞ւ եք Սահմանադրությունը, պարոն վարչապետ, դուք այդ հարցում վճռակա՞ն եք»:

Հարցը անպատասխան մնաց։

Քաղաքագետ Արա Պողոսյանը բացատրում է, որ Հայաստանում սահմանադրական ճգնաժամ չկա, չկա նաև հանրային պահանջ կառավարման ձևի հետ կապված, ինչը բացառում է սահմանադրությունը փոխելու ներքին պահանջի գոյությունը։ Փոխարենը, նրա խոսքով՝ տեսնում ենք, որ Բաքուն պնդում է, որ կամ Հայաստանը կգնա սահմանադրական փոփոխության կամ «խաղաղության պայմանագիր» չի կնքվի։ Ըստ այդմ, փորձագետի կարծիքով, կա արտաքին ճնշում Ադրբեջանի ու հնարավոր է նաև Թուրքիայի կողմից՝ քողարկված ձևով, ինչը լուրջ վտանգներ է պարունակում․

«Գուցե մարդիկ կան, որ մակերեսորեն են նայում գործընթացին ու պատրանք ունենան, թե պետք է համապատասխանեցնել ստեղծված իրավիճակին, բայց իրականում Ադրբեջանը սրանով մասնակցում է Հայաստանում ներքին կյանքի ձևավորմանը, ներքին անհրաժեշտության, իրավական ակտերի ձևակերպման ողջ գործընթացին։ Մասնակցությունը կամ միջամտությունը երրորդ երկրի կողմից ՀՀ ներքին օրենսդրությանը, ներքին կյանքին և առավել ևս հիմնական օրենքի ընդունմանը, ապրիորի նշանակում է ՀՀ-ի սուբեկտայնության, ինքնիշխանության սահմանափակում»։

Սահմանադրության փոփոխությունը յուրաքանչյուր երկրի բացառիկ իրավունքն է, շարունակում է քաղաքագետը։ Նա հեռահար վտանգներ է տեսնում սրանում։

«Այս պահին պատճառաբանելով, թե խնդիրը ընդամենը այն է, որ Հայաստանի Անկախության Հռչակագիրը դրույթներ է պարունակում Արցախի և Հայոց Ցեղասպանության ճանաչման դատը հետապնդելու գործում Հայաստանի ստանձնած առաքելությանը, դա կարծում եմ այն արտաքին ֆոնն է, որն Ադրբեջանը, այս դեպքում համոզված եմ՝ նաև Թուրքիան, օգտագործում են ՀՀ ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու և Հայաստանի ներքին կյանքում գործիքակազմ ստանալու համար»։

Արա Պողոսյանը համոզված է, որ հաջորդիվ պահանջ է դրվելու, որ իրավական մակարդակով ամրագրվի, որ Ադրբեջանի կամ որևէ երրորդ երկրի տարածքի նկատմամբ հավակնություններ դրսևորող խմբերի նկատմամբ իրավական հետապնդում սկսվի։ Հրաժարվելն Անկախության Հռչակագրից կնշանակի հրաժարվել երրորդ հանրապետությունից, ասում է փորձագետը, հստակեցնելով, որ Սահմանադրությունը փոխելու հանրաքվե անցկացնելը քաղաքական որոշման հարց է։

Կարդացեք նաև

Back to top button