
Փետրվարի 18-ին Թբիլիսիի Հայարտուն կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում տեղի է ունեցել «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը մինչ այդ ցուցադրվել էր Թբիլիսիի Կովկաս համալսարանում։

Ողջույնի խոսքով հանդես են եկել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության փոխդեսպան Դավիթ Ջանազյանը, որից հետո ցուցահանդեսի հեղինակ, վիրահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը միջոցառման մասնակիցներին է ներկայացրել Ներսիսյան դպրոցի հիմնադրման և հարյուրամյա գործունեության պատմությունը՝ խոսելով նաև դպրոցի բազմաթիվ նշանավոր շրջանավարտների մասին, որոնք իրենց ներդրումն են ունեցել ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային պատմության մեջ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ցուցադրությունը տեսնել ցանկացողները կարող են այցելել Թբիլիսիի Հայարտուն կենտրոն ամեն օր ժամը 12։00-ից մինչև 17։00՝ բացառությամբ երկուշաբթի օրերի։





