ԿարևորՄիջազգային

Իրանը Մերձավոր Արևելքի շարժումներին կոչ է անում չհրահրել ԱՄՆ-ին

Իրանը, խուսափելով ԱՄՆ-ի հետ ուղղակի առճակատում հրահրելուց, մասնավոր կերպով կոչ է անում «Հըզբոլլահին» և Մերձավոր Արևելքի այլ զինված շարժումներին զսպվածություն ցուցաբերել տարածաշրջանում ամերիկյան ուժերի նկատմամբ։ Այդ մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով տարածաշրջանում իր աղբյուրներին։

Երբ ԱՄՆ-ի ուժերը այս ամիս Եմենում, Սիրիայում և Իրաքում հարվածներ հասցրին Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին, Թեհրանը հրապարակայնորեն զգուշացրեց, որ իր բանակը պատրաստ է պատասխանել ցանկացած սպառնալիքի»,-կիրակի օրը հայտնել է պարբերականը։

Ըստ թերթի, օրեր անց այն բանից հետո, երբ իրաքյան շիական «Քաթայբ Հեզբոլլահ» խմբավորումը ստանձնեց երեք ամերիկացի պահեստայինների սպանության պատասխանատվությունը, իրանցի զինվորական հրամանատարը հունվարին մեկնեց Բաղդադ և շարժման առաջնորդներից պահանջեց հայտարարություն տարածել ամերիկյան օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու մասին: Իրաքցի պաշտոնյան թերթին ասել է, որ առաջնորդները համաձայնել են դրան:

Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժման աղբյուրը թերթին հայտնել է, որ փետրվարին Լիբանանում կայացած հանդիպման ժամանակ իրանցի պաշտոնյաները շարժման անդամներին ասել են, որ իրենք շահագրգռված չեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Լիբանանում կամ որևէ այլ վայրում ավելի լայն պատերազմ սկսելու առիթ տալու հարցում:

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը փետրվարի 7-ին հարվածել են Իրաքում գտնվող թիրախին՝ սպանելով «Քաթայբ Հեզբոլլահ» խմբավորման հրամանատարին, որին ԱՄՆ-ը պատասխանատու է համարում տարածաշրջանում իր բազաների վրա հարձակումներ պլանավորելու և մասնակցելու համար: Ամերիկացիները կասկածում են, որ խմբավորումը, որը հիմնականում տեղակայված է Իրաքում, հարձակվել է Հորդանանի և Սիրիայի սահմանին գտնվող իր բազայի վրա, որտեղ հունվարի 28-ին երեք զինվոր սպանվել և ավելի քան 40-ը վիրավորվել են։

«Քաթայբ Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի դեմ գործողությունների դադարեցման մասին։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն արձագանքել է՝ ընդգծելով, որ «գործողությունները խոսքերից ավելի բարձր են հնչում»։


 

Կարդացեք նաև
Close
Back to top button