ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Շուտով կսկսվեն Քասախի կիրճում հայտնաբերված միջնադարյան ժայռափոր դամբարանի պեղումները

Օրերս հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչներից մեկը իր տարածքում հողային աշխատանքներ կատարելիս միջնադարյան ժայռափոր դամբարան է հայտնաբերել: Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության Արագածոտնի աշխատակիցները փաստն արձանագրել ու դադարեցրել են հողային աշխատանքները: Հայտնաբերված հնագիտական առարկաները հանձնվել են հետագա ուսումնասիրման: Պեղումներ կսկվեն հաջորդ շաբաթ:

Օհանավանի բնակիչ 47-ամյա Մարատ Հայրապետյանին Քասախի կիրճում գտնվող իր տարածքի առեղծվածը միշտ է հետաքրքրել: Տարիներ առաջ տեսած երազից հետո քուն-դադար կորցրել է: Մի օր պիտի գտնեի այս հրաշքը՝ ասում է:

Գիտեր, որ հողի շերտերում արժեքավոր բան կա թաքնված, բայց որ մի ողջ դամբարան կգտներ՝ մտքով չէր անցնում:

Անցյալ տարի է տարածքը ձեռք բերել ու գործի անցել: Երևի միայն ինձ էր վիճակված դա անել՝ անկեղծանում է «Ռադիոլուրի» հետ զրույցում, ամեն մարդու տրված չէ դա. նախախնամության թելադրանքով էր. «Միշտ ինձ ոնց որ ասեր՝ գնա ընդեղ, գնա: Դա մարդը չէր կարա ձեռով գտներ, անհնար էր: Ես էլ տեխնիկա բերի, տենց բացվավ ու լրիվ բացվավ»:


Տարածքում հողային աշխատանքների ժամանակ մի ողջ ժայռափորդամբարան է գտել Մարատը: Անմիջապես տեղյակ է պահել Պատմական միջավայրի պահպանության ծառայության Արագածոտնի մարզային կառույցին: Հողային աշխատանքները դադարեցվել են: Ժայռափոր դամբարանում սենյակներ կան, կենցաղային իրեր: Մարատ Հայրապետյանը դամբարանի հարևանությամբ նաև հողի շերտով ծածկված թոնրի հետքեր է գտել:


Քասախի կիրճում հայտնաբերված ժայռափոր դամբարանի պեղումները կմեկնարկեն փետրվարի 19-ից,-«Ռադիոլուրին» ասաց ԿԳՄՍՆ Հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը. «Մասնագետները թվագրում են վաղ միջնադարով: Չի բացառվում, որ ուսումնասիրությունների արդյունքում թվագրումը ճշտվի: Քառակող կոթողի հիմք կա, սուրբ սեղան հիշեցնող քանդակ, որոշակի ճարտարապետություն ունի, մարդկանց կողմից մշակված: Էն տարածքը, որը բացված է, շատ մեծ չի, բայց չի բացառվում, որ պեղումների հետագա ընթացքում համալիրի տարածքը ընդլայնվի:


Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի մասնագետների խումբը օրերս հերթականշրջայցն է կատարել հուշարձաններով հարուստ այդ տարածքում: Այցի ժամանակ քննարկվել և հստակեցվել են, մասնավորապես, Աղձքի հայոց արքաների դամբարանի նորոգման, ամրակայման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթի տեխնիկական բնութագիրը և պահանջները: Առաջիկայում նախարարությունը նախագծի մրցույթ կհայտարարի: Քննարկվել է նաև «Աղձք» պատմամշակութային արգելոցի հարակից տարածքը հանրային գերակաշահ ճանաչելու և արգելոցի տարածքին միացնելու հարցը:

Արագածոտնի մարզում հայտնաբերված այս դամբարանն էլ կհամալրի հնագույն նմուշներով հարուստ Քասախի կիրճը, որը որպես առանձին տուրիստական երթուղի կարող է ծառայել. Հարություն Վանյան. «Քասախի կիրճը շատ հարուստ է պատմամշակութային հուշարձաններով:

Նշված տարածքում են 10-15-րդդարերի Սերկևիլի ամրոց- գյուղատեղին, որի հարևանությամբ կա նաև կիկլոպյանամրոց,Սբ.ԳրիգորԼուսավորիչեկեղեցին: Բնակատեղին ընդհանուր առմամբ թվագրվում է 10-15 դարով, կիկլոպյան ամրոցը՝ 2-րդ 1-ին հազարամյակով: Էս տարածքը գտնվում է Հովհանավանքի և Սաղմոսավանքի միջև, այսինքն շատ խիտ դասավորված հնագիտական, պատմական, ճարտարապետական ժառանգություն կա»:

Հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերված ձիթաճրագները ու խեցեղեն անոթներն առաջիկայում կուսումնասիրվեն «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում»:

Դամբարանի տարածքում նաև թաղումներ կան, որոնցով ևս հնագետները կզբաղվեն: Առաջիկայում նորահայտ դամբարանը կվկայագրվի և կստանա նորահայտ հուշարձանի կարգավիճակ:

Կարդացեք նաև

Back to top button