
«Հայկական Կարմիր Խաչ» ընկերությունում վերջին օրերին տեղի ունեցած խմորումները որոշակի հնչեղություն ստացան։ Ընկերությունում տիրող իրավիճակի մասին ահազանգել էր փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Ըստ նրա՝օրերս անօրինական և հապճեպ կերպով կազմակերպության նոր նախագահ է ընտրվել։ ՀԿԽՀԿ օրինական նախագահը Մխիթար Մնացականյանն է, և փետրվարի 15–ին տեղի ունեցած համագումարն ու դրա որոշումները առոչինչ են՝ նշում է փաստաբանը։
Փետրվարի 15-ին «Հայկական Կարմիր Խաչ» ընկերության ֆեյսբուքյան էջում լուր էր տարածվել, որ ընկերության անդամների 1/3-ի նախաձեռնությամբ կայացած արտահերթ համագումարում Աննա Եղիազարյանն ընտրվել է կազմակերպության նախագահ։ Համագումարից ժամեր անց redcross.am կայքում ընկերության նախագահությունը ընտրությունները որակեց անօրինական, ընդգծելով, որ Եղիազարյանը թույլ է տվել քրեորեն հետապնդելի արարքներ։ ՀԿԽԸ նախագահությունը դիմել էր իրավապահ մարմիններին՝ անհապաղ ձեռնարկել քրեական վարույթ և պատժել իրավախախտներին։ Ի՞նչ իրադարձություններ են նախորդել այս կոնֆլիկտային իրավիճակին։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանն է մանրամասնում․
«Փետրվարի 8-ին նախագահությունը հրավիրել է Աննա Եղիազարյանին, որպեսզի նա 2023 թվականի բյուջեի և 2024 թվականի ծրագրի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնի, սակայն պատասխաններ չեն ստացել, ինչից հետո Աննա Եղիազարյանը միաձայն որոշմամբ հեռացվել է աշխատանքից»։
Աննա Եղիազարյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Արթուր Արիստակեսյանը։ Օրեր անց նախագահությունը «նախաձեռնող խումբ» անվանումով դիմում էր ստացել, որով պահանջվում էր 1/3-ի ուժով համագումար անցկացնել։ Դիմումն ուսումնասիրվել է, բայց, ի հայտ եկած թերությունների պատճառով, այն մերժվել է։ Նիստը, այնուամենայնիվ կայացել է, որտեղ էլ ընտրվել է Աննա Եղիազարյանը։ Բոլոր իրավական հիմքերով այդ որոշումն առոչինչ է՝ պնդում է փաստաբանը։

«Նախագահության որոշումները ենթակա են պարտադիր կատարման։ Այն շահագրգիռ անձը, որը համարում է` նախագահության որոշումներն իրավաչափ չեն, ապա օրենքով սահմանված կարգով կարող է վիճարկվել դատական կարգով»։
Աննա Եղիազարյանն իր հերթին պատասխան մեղադրանքներ է հնչեցնում։ Ըստ նրա՝ կազմակերպության օրինական նախագահն ինքն է։ Փետրվարի 17-ին Աննա Եղիազարյանը աշխատանքի է գնացել, սակայն նրան չի թույլատրվել շենք մտնել։
«Ես այս կազմակերպության ընտրված նախագահն եմ։ Փաստորեն, չեմ կարողանում ներս մտնել, քանի որ նախկին գործադիր մարմնի ղեկավար Արթուր Արիստակեսյանը, ում նշանակել են ապօրինի կերպով, թույլ չի տալիս, որպիեսզի կազմակերպության ղեկավարը մուտք գործի շենք։ Իրենք չեն ընտրվել, իրենց ժամկետը վաղուց ավարտվել է»։
ՀՀ ոստիկանության Հասարակական կարգի ապահովման բաժնի ծառայող, ոստիկանության մայոր Լևոն Ղազարյանը նշում ՝ ներկայում ՀԿԽԸ–ում կառավարման առումով ճգնաժամ կա, նախագահության հետ կապված էլ հստակեցման որոշակի հարցեր կան։ Հետագա անցանկալի խնդիրներից խուսափելու համար է նման որոշում կայացվել։
«Մենք իրավասություն ունենք երկկողմանի քննելու կառույցում կատարվողը, որովհետև երկու կողմից էլ դիմում ունենք։ Մենք հիմա ունենք պետռեգիստրի գրանցման փաստաթուղթ, համաձայն որի գործադիր մարմնի ղեկավարն է Արթուր Արիստակեսյանը»։
Ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը, արձագանքելով իր հասցեին հնչած մեղադրանքներին, նշում է՝ կազմակերպության անդամները կարող են գնահատել իր աշխատանքն ու ներդրումները։ Իսկ, ըստ ընկերության կանոնադրության, իր նախագահությունը օրենքի ոչ մի կետ չի խախտում։
«Կանոնադրության մեջ նշված է, որ նախագահը երկու անգամ չորս տարով ընտրվելու իրավունք ունի։ Ես մտել եմ դաշտ, ինձանից հետո ընտվել է Հայկ Դարբինյանը։ Իրենից հետո ես կրկին ընտրվել եմ։ Այսինքն՝ նախագահն իրավունք չունի անընդմեջ ընտրվել։ Եթե իմ փոխարեն մեկն արդեն ընտրվել է, հաջորդ անգամ ես արդեն ընտրվելու իրավունքով եմ եկել»։
Ի վերջո, ո՞վ է ՀԿԽԸ նախագահը։ Հարցը ավելի հստակ պատասխան կունենա ապրիլի 8–ին՝ նախագահի ևս մեկ ընտրությունից հետո։




