
Փետրվարի 19-ից 21-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կկայանա 20-րդ՝ հոբելյանական «Մանկապատանեկան գրքի երևանյան» ցուցահանդես-վաճառքը։ Ընթերցասեր երեխաները հնարավորություն կունենան մասնակցել գրքերի շնորհանդեսների, վարպետության դասերի, ձեռք բերել սիրելի գրքերը։ Այս տարի միջոցառման կազմակերպիչների ուշադրության կենտրոնում մինչև 3 տարեկան երեխաների համար ընթերցանության կազմակերպումն է։ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 18 000 ընթերցողներից 12-ը փետրվարի 19-ին կպարգևատրվեն․ նախորդ տարվա ընթացքում նրանք կարդացել են 40-ից ավելի գիրք, ակտիվ մասնակցել են գրադարանի մշակութային միջոցառումներին ու դարձել «լավագույն ընթերցող»։
Մանկական գրադարանը Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի հետ արդեն 20 տարի Հովհաննես Թումանյանի ծննդյան կապակցությամբ գրքի տոն է կազմակերպում ամենակրտսեր ընթերցասերների համար։ Այս տարի ցուցահանդես- վաճառքը կտևի 4 օր։ Ավանդական միջոցառումների հետ կլինեն նոր անակնկալներ՝ մանրամասնում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը․
«Գրադարանն իրականացնում է «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային ծրագիրը, այս տարի այդ խորագրի ներքո հեքիաթ կկարդան հայրիկները։ Իրենց ստեղծագործությունները կներկայացնեն գրող Արմեն Գրիգորյանը և մանկավարժ Սմբատ Գոգյանը։ Հրաշալի օրինակ է հայրիկների համար, որ նրանք էլ կարդան իրենց երեխաների համար»։
Արդեն երրորդ տարին է՝ կազմակերպիչները փետրվարի 19-ին Երևանում ծնված երեխաներին առաջին խորհրդանշական գիրքն են նվիրում՝ հիմնելով նրանց առաջին գրադարանը։ Միջոցառման այս տարվա նպատակներից մեկն էլ մինչև 3 տարեկան երեխաների համար ընթերցանության միջավայր ստեղծելն է՝ փորձելով կոտրել այն կարծրատիպը, թե մարդը գրքի հետ կարող է շփվել միայն գրաճանաչ դառնալուց հետո։
«Այս տարի շեշտադրել ենք մինչև 3 տարեկան երեխաների ընթերցանության կազմակերպմումը և ընթերցանության դաշտ բերելը, ի՞նչ և ինչո՞ւ կարդալ մինչև 3 տարեկան երեխաների համար։ Այսօր Հայաստանում բազմաթիվ հետաքրքիր գրքեր կան՝ հենց այդ տարիքին հասցեագրված, մինչև 3 տարեկանների համար, բայց կարծրատիպային մտածողություն կա Հայաստանում, որ երեխան ընթերցում է միայն տառաճանաչ դառնալուց հետո։ Կարծում եմ նաև այդ կարծրատիպը կոտրելու համար է այդ միջոցառումը իրականացվում, որովհետև 1 տարեկանից արդեն երեխայի համար պետք է ընթերցել»։

Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը շեշտում է՝ ցուցահանդես-տոնավաճառները կարևոր են մանկական գրականությունը զարգացնելու և տարածելու համար։ Եթե առաջին տարիներին ցուցադրվող գրքերը կրկնվում էին, նոր գրքերի շնորհանդեսներ հաճախ չէին կազմակերպվում, ապա վերջին տարիներին գրադարանը հասցնում է ցուցադրել հրատարակված գրքերի միայն կեսը։ Այս տարի նախատեսվում է երկու նոր գրքի շնորհանդես․
«Երկու շնորհանդես ունենք, «Երջանիկ երեխաների 7 սովորույթները», Շոն Քովիի 7 սովորույթները հրատարակել ենք մեծերի, դեռահասների համար, հիմա առաջին անգամ նաև՝ երեխաների։ Շնորհանդեսը թատերականացված տեղի կունենա Խնկո Ապոր գրադարանում, բացի դրանից, մյուս շնորհանդեսը Քրիստ Մանարյանի «Այբուբենը», որը մուլտիպլեկացիայով այբուբեն է, ամեն տառի համար սարքված մուլտիպլիկացիա է, և երեխաները կարող են QR կոդով նայել, մոտ 5-10 րոպեանոց մուլտեր ամեն տառի համար։ Շնորհանդեսը հենց Խնկո Ապրոր գրդարանում Քրիստ Մանարյանն է անելու»։
20 տարվա ընթացքում ոչ միայն հրատարակվող գրքերի ծավալներն են մեծացել, այլև՝ ընթերցողների հետաքրքրվածությունը։ Արդեն ստեղծվել են մանկական գրքերի մի քանի շարքեր, դրանցից են օրինակ պատմավեպերը, որոնցից «Սմբատ զորավար» պատմավեպը արդեն լույս է տեսել և կցուցադրվի տոնավաճառի ընթացում։ Նույն մատենաշարով ևս 7 գիրք կհրատարկվի այս տարի։ Հոբելյանական 20-րդ ցուցահանդես վաճառքին բոլոր գրքերը կվաճառվեն 20 տոկոս զեղչով։




