ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Արևմուտքը խուսափում է պատասխանատվությունից, Մոսկվան մտահոգված է ռեգիոնալ ապակայունացմամբ

Ռուսաստանի ու Արևմուտքի միջև որոշակի մերձեցում է տեղի ունենում ու դրանով է պայմանավորված ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին Բաքվում ընդունելու, իսկ արևմտյան երկրներից բարձրաստիճան դիվանագիտական այցերը հետաձգելու Բաքվի մոտեցումը , կարծում է քաղաքագետը։ Վերլուծաբանը սակայն պատասխանատվությունից խուսափելու մտավախություններով է բացատրում արևմտյան այսպես ասած հանդուրժողականությունը Բաքվի հանդուգն կեցվածքին ի պատասխան։

ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում է։ Ի թիվս այլ հարցերի քննարկման առանցքում է «խաղաղության պայմանագրի» հարցը։

Խովաևի այցը Բաքու ուշագրավ է հատկապես հաշվի առնելով, որ վերջին շրջանում Ադրբեջանը չեղարկում է արևմտյան երկրներից սպասվող այցերը։ Օրինակ՝Նիդեռլանդների արտգործնախարարի այցը, ինչը պայմանավորված էր Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նրա հրապարակային հայտարարություններով։ Բայցի այդ Բաքուն չընդունեց նաև Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ, Արևմտյան երկրները կարծես մտահոգված չեն այդ չեղարկումներով, նրանց ձեռնտու է պատասխանատվությունից հեռու մնալը․

«Իրավիճակը հասել է մի կետի, երբ Ադրբեջանը թելադրում է պայմաններ կամ ներկայացնում է պահանջներ, որոնք Հայաստանի համար պարզապես չեն կարող լինել ընդունելի, այսինքն դրանք փաստացի նշանակելու են Հայաստանի քաղաքական կապիտուլյացիա, ընդ որում ոչ միայն ներկա ժամանակի, այլև ապագայի հեռանկարում։ Եվ այս տեսանկյունից իրավիճակը բավականին փակուղային է, և ես վստահ չեմ, որ արևմտյան հարթակների նախաձեռնողները պատրաստ են այդ փակուղու համար անմիջական պատասխանատվություն ստանձնել և դրա համար էլ, իմ գնահատմամբ, նրանց ու Բաքվի միջև կա լռելյայն փոխհամաձայնություն։ Այսինքն, չեմ կարծում, թե նստել պայմանավորվել են, բայց կա երկուստեք շահավետ մի իրավիճակ՝ մի կողմից Ադրբեջանը չի շարունակում բանակցությունը, մյուս կողմից այդ արևմտյան հարթակների պատասխանատուները այդ բանակցության փակուղու պատասխանատվությունից ազատվում են , և այդ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա»։

Եթե այս իրավիճակը չի մտահոգում Արևմուտքին, ապա շատ մտահոգում է Ռուսաստանին ու Իրանին, քանի որ տարածաշրջանային ապակայունացման վտանգ կա։ Ըստ վերլուծաբանի, դա ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ այդ երկիրն այժմ կենտրոնացած է ուկրաինական խնդրի վրա, իսկ Թեհրանը լուրջ խնդիրներ ունի մերձավորարևելյան ուղղությամբ, և թիկունքում ապակայունացումը խիստ անցանկալի է․

«Էս պատկերում է, որ Խովաևը մեկնել է Բաքու, ըստ ամենայնի, նպատակ ունենալով առնվազն դիտարկել իրավիճակը և հասկանալ, թե կա՞ն արդյոք ապակայունացման մեծ ռիսկեր և այլն»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, խոսելով Խովաևի Բաքու այցի մասին նշել է, որ ակնկալում է, որ նա կշարունակի շրջայցը տարածաշրջանով և մոտ ապագայում կայցելի նաև Երևան։ Հակոբ Բադալյանի կարծիքով, Խովաևի այցը Հայաստան գուցե տրամադրություններ շոշափելու նպատակ ունենա, չի բացառվում նաև, որ նա որոշակի առաջարկներով գա։ Ամեն դեպքում Հայաստանը պետք է պատրաստ լինի շարունակելու աշխատանքը միջնորդների հետ, կարծում է Հակոբ Բադալյանը։

Քաղաքագետ Միքայել Զոլյանը մինչդեռ գտնում է, որ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև որոշակի մերձեցում է տեղի ունենում, և դրանով է պայմանավորված ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Խովաևին Բաքվում ընդունելու, իսկ արևմտյան երկրներից բարձրաստիճան դիվանագիտական այցերը հետաձգելու Բաքվի մոտեցումը։

Ամերիկյան, ռուսական ու եվրոպական կողմերի նախաձեռնած առանձին հանդիպումներն ու հանդիպումների փորձերը մի քանի տարի առաջ միավորվում էին մեկ ձևաչափում՝ ԵԱՀԿ ՄԽ, որը թեև որևէ նախաձեռնություն չի իրականացնում այսօր, գոյություն ունի, այն դեռ որևէ երկիր չի չեղարկել։

«Սովորաբար այդպիսի միջազգային հարթակները, նույնիսկ եթե ստեղծվում են, կարող են ձևական այդպես անվերջ մնալ, քանի որ լուծարումը չափազանց արմատական քայլ է, և որևէ մեկն այդ պատասխանատվությունը իր վրա չի վերցնում։ Բայց դե ֆակտո 2020 թ մենք տեսանք, որ չէր գործում այս եռանախագահների ինստիտուտը, իսկ 2022 թ-ից առավել ևս, որովհետև Ուկրաինայի պատերազմից հետո Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄն պատրաստ չեն համագործակցել և մի սենյակում գտնվել»։

Հակոբ Բադալյանի կարծիքով այսօր ականատես ենք լինում, որ միջազգային շատ կառույցներ թեև գործում են, սակայն որևէ ազդեցություն կամ նշանակություն չունեն իրավիճակների վրա ազդելու։ նա մատնացույց է անում ՄԱԿ ԱԽ, ԵԱՀԿ, ԵԱՀԿ ՄԽ․ դրանք կան, բայց ըստ էության չեն գործում։ Այն ինչ կատարվում է աշխարհում, փաստացի համաշխարհային պատերազմ է վերլուծաբանի բնորոշմամբ, որտեղ բոլորը՝ բոլորի հետ պատերազմում են և միևնույն ժամանակ համագործակցում և ցանկացած կառույցում կարողանում են վետո կիրառելով, թույլ չտալ իրենց համար անցանկալի որոշումների կայացում։

«Այն կա, չեղարկված չէ և սա լավ է մեզ համար, քանի որ եթե չեղարկված չէ, ուրեմն չեղարկված չէ այն գործընթացը, որը տեղի է ունեցել ավելի քան երկու տասնամյակ, սակայն այդ կառույցը այսօր չի գործում և մենք չունենք պատկերացում, թե կվերականգնվի խմբի գործունեությունը որևէ տրամաբանությամբ, թե՝ ոչ»։

Վերլուծաբանի կարծիքով պետք է հայկական կողմը խոսի այն մասին, որ գոյություն ունի ԵԱՀԿ ՄԽ, որը գործել է, և որի համար կարևոր էր ազգերի ինքնորոշման սկզբունքը, և այս սկզբունքը պետք է լինի կռվան այսօրվա քննարկումների հարթակներում։

Կարդացեք նաև

Back to top button